[1]Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամները բարձր են գնահատում հայկական պատվիրակության աշխատանքը:
Փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը պատվիրակության անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ պատվիրակությանը հանդես է եկել որպես մեկ միասնական թիմ՝ նշելով, որ դա պետք է օրինակ լինի մնացած բոլոր պատվիրակությունների համար: «Մենք իսկապես արդյունավետ աշխատեցինք այս վեհաժողովի ընթացքում, մեզ հետաքրքող բազմաթիվ հարցեր բարձրացրեցինք, ինչպես նաև միասնական ջանքերով հակադարձեցինք ադրբեջանական կողմի հակահայկական ձևակերպումներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մինասյանը՝ հավելելով, որ եվրոպական կողմի համար էլ պարզ է դարձել ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշումը:
Մինասյանը նշեց, որ եվրոպացիների մոտ որոշակի անորոշություն կա Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումից հետո, սակայն դա չի նշանակում, որ եվրոպացիները բացասական տրամադրվածություն ունեն Հայաստանի նկատմամբ:
Մինասյանի խոսքով՝ ուղղակի անորոշություն կա Հայաստան-ԵՄ համագործակցության շարունակության հետ կապված: «Մենք ուղղակի պետք է ջանքեր գործադրենք Եվրոպական Միության հետ համագործակցությունը խորացնելու համատեղ օրակարգ ձևավորելու համար»,- եզրափակեց Մինասյանը:
Հայկական պատվիրակությունը փետրվարի 11-13-ը մասնակցել է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին: ՀՀ ԱԺ պատվիրակությունից նիստերին մասնակցել են հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության մշտական անդամներ Հովհաննես Սահակյանը, Հրանտ Բագրատյանը, Արծվիկ Մինասյանը, Վահե Էնֆիաջյանը:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը հիմնադրվել է 2011թ. մայիսին՝ որպես Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափ: Դրա հիմնական նպատակն է ամրապնդել կապերը Եվրամիության արևելաեվրոպական հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև, որոնք ներկայացված են խորհրդարանական վեհաժողովում:
armenpress.am
18.02.2014