- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Մեզ Բացակա Չդնեք…Կարոտ…

Կարոտ [1]Արցախյան հերոսամարտի հերոս Կարոտ (Կարոտ) Մկրտչյանը ծնվել է 1964թ. փետրվարի 19-ին` Սիրիայում: Հայրենասիրական ոգով դաստիարակված Կարոտը հասակ է առել Պռոշյան գյուղում: Նա իր ընկերների հետ դարձավ հայրենիք վերադարձած ՀՅԴ-ի առաջին կորիզը: ԵՎ հենց հայրենիքի հանդեպ անսահման սերն էլ ստիպեց նրան մասնակցելու Արցախյան ազատամարտին եւ պաշտպանելու հայրենիքն ու հայի պատիվը:
1989-ից եղել է Պռոշյանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատար, 1991թ. Ստեփանակերտի` Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտի գրոհային դասակի հրամանատար:

1990թ. աշնանը Կարոտի տղերքը Նոյեմբերյան-Շամշադին գծից վերադառնալուց հետո մեկնում են Հյուսիսային Արցախ, ուր Շահեն Մեղրյանի հրամանատարությամբ համալրում են Շահումյանի պաշտպանական ուժերը: 1991թ. ապրիլի 18-ին Պռոշյանի, Բաղրամյանի, Հրազդանի ջոկատները միանում են Գետաշենի` Թաթուլ Կրպեյանի հրամանատարության տակ գտնվող խմբերին: Դա Կարոտի, Պետոյի ու Թաթուլի առաջին եւ, ցավոք, վերջին հանդիպումն էր:

Կարոտի մարտական ընկերները մեզ պատմեցին, որ խոնարհ ու համեստ Կարոտը պատերազմի դաշտում միանգամից փոխակերպվում էր ու դառնում հանդուգն մի կերպար, որի մեջ առյուծն էր խոսում: Ամենաթույլ ու նվազ զինվորն անգամ, եթե ընդգրկվում էր Կարոտի խմբում, շատ արագ կերպարանափոխվում էր, որովհետեւ նա հայի գենը արթնացնելու մեծ կարողություն ուներ: Նա մարդկանց ոգեկոչելու կախարդիչ հմայք, գործը հաղթական ավարտի հասցնելու հզոր կամք ու վճռականության անսպառ եռանդ ուներ: Հանգստի պահերին ընկերների հետ էր: Սասնա պարն ու յարխուշտան նրա կիրքն էին: Ընկերների հրճվանքն էր, երբ խրոխտ ձայնով Տալվորիկի գովքն էր երգում:

Նրանք պատմում էին, որ ընկերասեր Կարոտը կատակաասեր լինելով հանդերձ, «հանդուրժում» էր նաեւ իր ընկերների կատակները: «91 թիվն էր, երբ Արմենը մի վերնաշապիկի վրա տեսավ Գեւորգ Չաուշի նկարը եւ կատակելով ասաց. «Երբ դու էլ Ղարաբաղում զոհվես, քո նկարն էլ մայկաների վրա կտպեն»: Կարոտը ժպտաց ու պատասխանեց. «Թշնամու գնդակը ինձ երբեք չի կպնի»:

Այդպես էլ չպարզվեց, արդյո՞ք թշնամու գնդակը կպավ Կարոտին, թե ոչ…
Այսօր Պռոշյան գյուղում ու անգամ Հայաստանի սահմաններից դուրս ծնվում են նոր Կարոտներ: «Գյուղում բազմաթիվ ծնողներ իրենց երեխաներին այդ անվամբ են կոչել»,- ասում էին հարազատները:

Կարոտի մարտական ընկեր, Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Կարոտի հետ նրանք եղել են նաեւ մանկության ընկերներ:

«Շատ պարզ, հասարակ, բոլորի հետ շփվող, բայց միաժամանակ ըմբոստ տղա էր: Երեխաներին շատ էր սիրում: Երբ փողոցով անցնում էր, բակի բոլոր երեխաները վազում էին նրա մոտ: Նա միշտ գրպաններում կոնֆետ էր պահում, որ երեխաներին տար»,- պատմում է Հրաչ Մուրադյանը: Նրա խոսքով` դաշնակցական հրամանատարի մեծությունը կայանում էր նրանում, որ նա սովորական զինվորներից իրեն երբեք բարձր չէր դասում. «Զինվոր եւ հրամանատար չէին տարբերվում իրարից: Նա բոլոր զինվորների համար ընկեր էր»:

Կարոտի հայրը` Հովհաննես Մկրտչյանը, արդեն 20 տարի է, ինչ կարոտը սրտում է ապրում: «Երբ վերջին անգամ որդիս հեռացավ, տխուր էր: Մորը ասաց` ես 20 օրից ետ կգամ ու չեկավ»,- հուզված պատմում է հերոսի հայրը: Բայց միեւնույն ժամանակ հպարտությամբ խոստովանում է, որ շատ բան է սովորել որդուց: «Ինչպես ասում են` աշակերտը գերազանցեց վարպետին: Որդին պետք է ծնողի համբավը լինի: Հպարտ եմ այնքանով, որ իմ որդին փառք ու պատիվ բերեց ոչ միայն ինձ, այլեւ իր ազգին»:

Ազգային հերոսի հայրը նշեց նաեւ, որ եղել են դեպքեր, երբ անհայտ անձինք եկել են ու ասել, որ որդին այսինչ մարդու տանն է, կամ տեսել են, սակայն վերջում պարզվել է, որ ստում են: «Մինչեւ աչքով չտեսնեմ որդուս, էլ ոչ մեկին չեմ հավատա»,- ասում է Հովհաննեսը:

Կարոտի մարտական ընկերներից Դանիել Գրիգորյանը եւ Վրեժ Պետրոսյանը նույնպես նշեցին, որ նա իսկական ընկեր է եղել իրենց համար. «Երբեք իրեն վեր չի դասել մեզանից: Շատ մարդամոտ էր եւ օգնող: Երբ մի հարցով դիմում էիր, երբեք չէր մերժում»:

Կարոտը շատ տղաների կրթեց իր անձնական օրինակով եւ դարձավ մեր օրերի իսկական հերոս:

Տաթեւ ՎԵՐԴՈՅԱՆ

Հ.Գ. Ավանդույթի համաձայն, Պռոշյան գյուղ կայցելեն Կարոտի մարտական եւ կուսակից ընկերները` հիշելու անմահ հերոսին եւ փաստելու, որ հերոսը երբեք չի մոռացվում:

nakhshkaryan.blogspot.com