- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Դեյվիդ Սիսիլայնը դատապարտել են Սումգայիթի ջարդերը և սատարել Արցախի անկախությունը

752569(1) [1] ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Դեյվիդ Սիսիլայնը խստորեն դատապարտել են ադրբեջանական իշխանությունների կազմակերպած կոտորածները Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում և սատարել Արցախի ժողովրդի ինքնորոշման ժողովրդավարական իրավունքը: «Սումգայիթի ջարդերը պատմության սև կետն են, և ցավալիորեն այս իրադարձությունները վերաճեցին նոր բռնությունների, երբ 9 ամիս անց նշանակետում հայտնվեցին Կիրովաբադի հայերը, ապա Բաքվում` 1990 թվականին»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, անցած շաբաթ իր ելույթում նշել է կոնգրեսական Սիսիլայնը:

«Ձևավորման առաջին իսկ օրերից հանրապետության` ազատ կամքով ընտրված կառավարական մարմինները օգնել են ստեղծել բաց ժողովրդավար հասարակություն թափանցիկ ընտրությունների միջոցով, և շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգները սատարի նրանց անկախությանը և ինքնավարությանը»,- հավելել է նա:

Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ կոնգրեսական Ադամ Շիֆը: «Այս սարսափելի գործողություններով ադրբեջանական պետությունը հիշեցրեց ամբողջ աշխարհին, թե ինչու պետք է թույլ տալ Արցախի ժողովրդին ինքնուրույն որոշել իր ապագան և ինչու այն չի կարող ընկնել Ալիևի ճանկերը, որպեսզի 26 տարի առաջ տեղի ունեցած Սումգայիթի կոտորածները ավելի մեծ սպանդի նախանշան չհանդիսանան»,- նշել է Շիֆը`ընդգծելով, որ Սումգայիթի զոհերի հիշատակը չպետք է մոռացվի, և իրենց բարոյական պարտականությունն է քննադատել նման հանցագործությունները պատմության կրկնությունից խուսափելու համար:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, կոնգերսականներ Բրեդ Շերմանը, Թոնի Կարդենասը, Աննա Էշուն և Էեթրին Քլարքը նույնպես ոգեկոչել և հարգել էին Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը` կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ:

armenpress.am