- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Տարաձայնությունների առկայությունը մեզ չպետք է խրտնեցնի

Armen5 [1]Ինչպես «Ազատությանն» ասաց Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Լևոն Տեր-Պետրոսյանի ձևակերպած «հրաշալի քառյակն» իսկապես ձևավորված է, «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն իսկապես ստիպում են արձագանքել բարձրացված հարցերին․ – «Կա [քառյակը] այն տրամաբանությամբ, որով այն սկսել է գործել: Իսկ այդ տրամաբանությունը շատ հստակ է․ եթե մենք չենք կարողանում առայժմ ամբողջական օրակարգով համաձայնության գալ, դա չպիտի խանգարի, որ մենք կոնկրետ քայլեր կատարելով առաջ գնանք»:

Նա խոստովանեց, որ քառյակի քննարկումները հաշտ ու խաղաղ չեն անցնում, ինչը Ռուստամյանն առողջ է համարում․ – «Տարաձայնությունների առկայությունը մեզ չպիտի խրտնեցնի:

Ընդհակառակը, եթե կան տարբեր մոտեցումներ, իսկ դա բնական է․․․ բա բազմակարծությունն ինչի՞ համար է կարևոր ժողովրդավարության համար: Այդ բազմակարծությունը պետք է լինի, որ բանավեճերը տեղի ունենան առարկայական իմաստով»:

Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը ոչ իշխանական ուժերը քննարկում են տարեսկզբից, սակայն մինչև այժմ կոնկրետ նախաձեռնությամբ հանդես չեն եկել:

Ռուստամյանը փոխանցեց, որ հարցն օրակարգից դուրս չի եկել․ – «Մեծ փաթեթ է սա: Իր մեջ ներառում է ընդհանրապես երկրի վիճակի գնահատումը՝ համատեղ, և դրանից դուրս գալու ելքերի առաջարկումը՝ համատեղ: Այսինքն մենք միայն չպիտի ասենք վատ է, բայց պիտի նաև ասենք, թե մենք ոնց ենք պատկերացնում այդ վիճակը փոխելը»:

Մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել էր նաև ամբողջական իշխանափոխության (ինչին ձգտում է Կոնգրեսը) հարցին՝ խորհրդարանում Կոնգրեսի հետ համագործակցող ԲՀԿ-ի, «Ժառանգության» և ՀՅԴ-ի ծրագրերի մասին ասելով, թե նրանք հակված են «փուլային, հանգրվանային» լուծման, այսինքն՝ նախ պարտադրել կառավարությանը հրաժարականը և դրանից հետո միայն մտածել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների մասին:

Ռուստամյանն ասաց, որ ամբոջական իշխանափոխության մասին չորս ուժերի հանդիպումների ընթացքում խոսում են, պարզապես համաձայնության չեն եկել: Հարցին, թե ինչ է հասկանում Դաշնակցությունը ամբողջական իշխանափոխություն ասելով, նա պատասխանեց․ – «Չենք ասում՝ դուք լավը չեք, հեռացեք: Դա չենք ասում: Մենք ասում ենք, որ նորն էլ գա, ինչ պիտի չանի»:

Աստղիկ Բեդեւյան

azatutyun.am