[1]«Հրաշալի քառյակ» անվանումը ստացած չորս ոչ իշխանական ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» մեկ միասնական օրակարգ ձևավորելու պատրաստակամության մասին արդեն հայտնել են: Քաղաքական այս ուժերը ունեն սկզբունքորեն տարբեր մոտեցումներ մի շարք հարցերում, սա սակայն իրենց չի խանգարի ձևավորել մեկ միասնական օրակարգ՝ համոզված է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը. «Մեր մոտեցումը հիմնված է հետևյալ պարզ տրամաբանության վրա․ եթե մենք չենք համաձայնվում մեծ օրակարգով, դա չպիտի խանգարի կոնկրետ քայլերով առաջ գնալուն: Ինչը և տեղի է ունենում: Եվ սա, կարծում եմ, ավելի քան կարևոր է, քան շատերին թվում է: Պետք չի լավից ավելի լավը փնտրել և այդ ընթացքում սխալներ գործել: Էն, ինչ որ համագործակցությանը նպաստող է, պիտի փայփայենք և պահենք»:
Առկա տարաձայնությունները ՀՅԴ-ն բնական է համարում, հիմնավորում է՝ եթե չգիտես վաղը ինչ է լինելու, արա այն, ինչն այսօր ճիշտ է: Եթե վաղը մյուս երեք ուժերը միավորվեն և որոշեն պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, Դաշնակցությունը չի կարող հիմա ասել՝ նրանց կմիանա, թե՞ ոչ. «Ամբողջական իշխանափոխության մասին մենք խոսել ենք ամբողջական կոնտեքստով: Ամբողջական իշխանափոխությունը մեզ համար միայն վարչախմբի ամբողջական հեռացումը չէ: Այլ նաև այնպիսի փոփոխությունն է, որ նորը նույնը չլինի»:
Արմեն Ռուստամյանը զուգահեռներ է տանում, բերում Ուկրաինայի օրինակը, որտեղ մի քանի նախագահ են փոխել, և խնդիրները չեն լուծվել, իսկ ուկրաինական Մայդանը, ըստ Ռուստամյանի, այն է, որ հարցերը այդ երկրում չեն լուծվել մարդկանց փոփոխության արդյունքում, Ուկրաինայի դեպքերից դաս քաղելով՝ Դաշնակցությունը առաջարկում է. «Եկեք լավ մտածենք, այո՛,թող մի քիչ երկար տևի, բայց համաձայնեցնենք այն քայլերը, որոնք իշխանության փոփոխությունից հետո պիտի կատարվի, որպեսզի մարդիկ բավարարվեն իրենց երկրում փոփոխություն կատարելու այս պրոցեսից»:
Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցինք՝ եթե ոչ իշխանական ուժերին հաջողվի հասնել գործող կառավարության լուծարմանը, նոր կառավարության ձևավորման ուղիներ «քառյակն» արդեն քննարկե՞լ է. «Հիմա ամբողջ հարցը այն է, որ մենք ասում ենք ոչ միայն պիտի հեռանան, որովհետև այս- այս հարցերում ձախողել են, այլ նաև այն, թե մենք ինչպես ենք տեսնում վիճակի փոփոխությունը:Կառավարության հեռացումը մեզ համար ինքնանպատակ չի: Մեզ համար կարևոր է, որ նոր եկող կառավարությունը նույն սխալները չկրկնի»:
Ոչ իշխանական ուժերի այս նախաձեռնությունը Արմեն Ռուստամյանը անվանեց «կոնսենսուս -1», որտեղ «-1»-ը ՀՀԿ-ն է:
galatv.am
)