Նամակ` Եվրանեսթի բյուրոյին


Եվրանեսթում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն առաջարկել էր այդ կազմակերպության առաջիկա լիագումար նիստը անցկացնել սեպտեմբերի երկրորդ կեսին Երեւանում` հաշվի առնելով , որ այդ ժամանակահատվածում մեր երկիրը նշելու է իր անկախության 20-ամյակը:

Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը բողոքի նամակ է գրել Եվրանեսթի բյուրոյին` դարձյալ հիշելով իրենց 20 տոկոս «գրավյալ» տարածքների-ի ու մեկ մլն փախստականների մասին:

Այս նամակին հակադարձել է կառույցում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Եվրանեսթի փոխնախագահ ընտրված Վահան Հովհաննիսյանը:

Ստորեւ ներկայացնում ենք պատասխան նամակը:

«Հարգելի գործընկերներ,

ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի վերջին նամակը ստանալուց հետո ես խորը ափսոսանքով կարող եմ նշել միայն, որ իմ ամենավատ կանխազգացումը արդեն իրականություն է դառնում:

Ես ժամանակին կանխատեսում էի, որ առանձին երկրների ազգային շահերին (անկախ նրանից, թե արդյոք դրանք ճիշտ կամ սխալ են մեկնաբանված) առնչվող որոշ խրթին հիմնախնդիրներ կընդգրկվեն Եվրանեսթ ԽՎ լիագումարների եւ հանձնաժողովների օրակարգերում:

Բայց ես նաեւ նախազգուշացնում էի, որ Ադրբեջանի պատվիրակությունը անխուսափելիորեն կօգտագործի այս (ինչպես նաեւ ցանկացած այլ) միջազգային կազմակերպություն` փոխակերպելով այն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ մարտադաշտի:

Եվ, ցավոք, այդ գործընթացն արդեն սկսված է: Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի թշնամանքով եւ անհիմն մեղադրանքներով լի նամակը դրա առաջին նախանշանն է:

Ես իսկապես ցավում եմ, որ սադրիչ անարգանքի ենթարկվեց Նախագահ Բուզեկի արտահայտած վստահությունը, որ Եվրանեսթ ԽՎ կխուսափի տեղական եւ տարածաշրջանային բանավեճերի բեմ դառնալուց, այլ կծառայի որպես համագործակցության եւ ԵՄ-ի հետ ինտեգրման հարթակ:

Ես մտադրված չեմ մանրամասնորեն նկարագրել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը Դաշտային Ղարաբաղի եւ Նախիջեւանի հայերի նկատմամբ, որտեղ հայերը բնաջնջվեցին կամ վտարվեցին Հայաստանի անկախության վերականգնմանը նախորդող տասնամյակների ընթացքում կամ հիշեցնել անկախության վերահաստատմանն անմիջապես նախորդող Սումգայիթի եւ Բաքվի էթնիկ զտումների սարսափելի դեպքերը: Ես նաեւ հիմա նպատակ չունեմ բացատրելու, թե ինչու Լեռնային Ղարաբաղի ազգային ինքնորոշումն ու անջատումը դարձան միակ հնարավորությունը պաշտպանելու համար հայ ազգաբնակչությանը ջարդերից, զանգվածային սպանություններից եւ բռնի տեղահանումից:

Ես արդեն տեղեկացված եմ, որ Ադրբեջանի պատվիրակությունն առաջարկել է իր մայրաքաղաքը Եվրանեսթ ԽՎ հաջորդ լիագումար նիստն անցկացնելու համար: Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի օրակարգ կփորձեն փաթաթել մեր վզին լիագումար նիստի Բաքվում կայանալու դեպքում:

Արեւելյան գործընկերության բոլոր անդամ երկրներն ունեն իրենց ցավոտ խնդիրները` Մոլդովան համբերատար աշխատում է մերձդնեստրյան խնդրի շուրջ, Վրաստանը նույն կերպ փորձում է լուծել Աբխազիայի եւ Օսեթիայի հետ կապված հարցերը, Հայաստանը պայքարում է իր հարեւաններ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հարկադրված անօրինական շրջափակման լուրջ հետեւանքների դեմ` միեւնույն ժամանակ զերծ մնալով ռազմատենչ հայտարարություններից` չխոչընդոտելով Մինսկի խմբի ջանքերը, Ուկրաինան դժվարին կացության մեջ պաշտպանում է իր ազգային ինքնությունը, միասնականությունը եւ անվտանգությունը: Եվ այս բոլոր երկրների առաջադեմ ազգային քաղաքական ուժերը միավորված են ընդհանուր գաղափարի շուրջ` Եվրանեսթը եզակի հնարավորություն է ԵՄ-ի հետ մեր համագործակցության համար` ժողովրդավարության, օրենքի գերակայության, հիմնարար իրավունքների, ընտրություններում արդարության հաստատման ասպարեզում եւ անկախ նրանից, թե որքան բարդ են արտաքին խնդիրները, դրանք չեն կարող առիթ դառնալ սեփական ժողովրդի ազատությունն ու արդարությունը սահմանափակելու համար: Այս միտքը հստակ կերպով արտահայտել է Վրաստանի խորհրադարանի խոսնակ պրն. Դավիթ Բաքրաձեն 2011 թվականի մայիսի 19-ին Թբիլիսիում կայացած “Community of Democracies” համաժողովին. «Մենք այլեւս երբեք չենք օգտագործի գրավյալ տարածքների հարցը որպես ժողովրդավարացման գործընթացը դանդաղեցնելու պատրվակ»:

Հարգելի գործընկերներ,

Ես շատ լավ հասկանում եմ, որ լիագումար նիստը Բրյուսելից դուրս անցկացնելը եւ՛ թանկ է, եւ՛ անսովոր, ուստի, հաշվի առնելով ադրբեջանցի գործընկերոջ նամակը, թվում է, թե ամենահարմար որոշումը Եվրանեսթ ԽՎ հանդիպումները թե՛ Բաքվում, թե՛ Երեւանում բացառելն է:

Բայց ամենահեշտ որոշումը ոչ միշտ է արդար լինում: Այս մասնավոր դեպքում Եվրանեսթ ԽՎ հանդիպումները Երեւանում մեր առաջարկած ժամանակահատվածում չանցկացնելը կնշանակի մեկ պատվիրակությանը հրապարակայնորեն զրպարտող մեկ այլ պատվիրակության շոշափելի հաջողություն: Արդեն սա միայն բավական կլինի, որ Եվրանեսթը մղվի դեպի տեղական եւ տարածաշրջանային բանավեճերի ճահիճ: Արդյո՞ք ընդունելի է սա մեզ համար: Կարծում եմ` ոչ:

Եթե հիմա կամ ապագայում մենք այնուամենայնիվ ընտրելու լինենք երկիր կամ քաղաք ԵՎՐԱՆԵՍԹ-ի հանդիպումների համար, խնդրում եմ խորհենք լրջորեն, թե որտեղ այդպիսի հանդիպումը ավելի կծառայի մեր ընդհանուր նպատակներին`

Ադրբեջանու՞մ: Որտեղ այն անխուսափելիորեն կօգտագործվի որպես կատաղի հակահայկական քարոզչության եւ վերջերս Եվրոպական պառլամենտի կողմից սուր քննադատության առարկա դարձած երեւույթների արդարացման փորձերի հարթակ:

Թե՞ Հայաստանում: Որտեղ հասարակությունը խորապես ընդգրկված է անշրջելի բարեփոխումների, հակակոռուպցիոն միջոցների, գալիք ընտրություններն արդարորեն անցկացնելու վերաբերյալ բուռն քննարկումների մեջ եւ որտեղ նույնիսկ իշխանությունները ավելի ու ավելի են գիտակիցում, որ փոփոխություններն անխուսափելի են»:

Տպել Տպել