Ջահերով երթ` դեպի Ծիծեռնակաբերդ


Այս տարի երթը մեկնարկեց ոչ թե «Ազատության», այլ նրա հարակից «Ֆրանսիայի հրապարակից»:

Հազարավոր մարդիկ դրոշներով ու պաստառներով երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ:

Մինչ երթի մեկնարկը հավաքվածներին դիմեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, նշելով, որ ջահերով երթը հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշն է, իսկ կրակը մարմնավորում է հայ ժողովրդի ոգին եւ միասնականությունը, ինչպես նաեւ ժողովրդի հավերժական պայքարը:

«Մենք պետք է սովորենք հարաբերվել թուրքերի հետ, նրանց հետ խոսել հավասարը հավասարի պես: Մեզ պետք չէ թուրքերի կեղծ ներողությունը, մենք իրական հատուցում ենք պահանջում»,- ասաց Հովհաննիսյանը, հավելելով, որ ջահերով երթը տարեց տարի ավելի ու ավելի շատ քաղաքներ է ներառում` Մոսկվա, Լոս-Անջելես, Թբիլիսի, Ստեփանակերտ եւ Հայաստանի 13 քաղաքներ:

Ամփոփելով` նա նշեց, որ Ցեղասպանությունը զրկեց մեզ մարդավայել ապրելու իրավունքից եւ Հայաստանի ներկայիս վիճակը բացասական բոլոր առումներով Ցեղասպանության հետեւանք է: Բայց հայ ժողովուրդը շարունակելու է պայքարել նոր հնարավորությունների եւ ապագայի համար:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, Հայաստանի երիտասարդական եւ պատանեկան միությունների կազմակերպած ջահերով երթն այս տարի եւս շատ բազմամարդ էր:

Այս տարի առաջին անգամ պաշտոնապես ջահերով երթին մասնակցել են նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները: Մասնակիցները պահանջատիրական կոչեր են հնչեցրին` կոչ անելով աշխարհին և Թուրքիային ճանաչել հայերի ցեղասպանությունը:

Այս տարի ջահերով երթեր կազմակերպվեցին նաեւ Հայաստանի եւ սփյուռքի մի շարք քաղաքներում:

Տպել Տպել