- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ-ն կառավարությունում կոալիցիա կազմելու հարց չի քննարկել

Axvan [1]Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը երբեք անձերի խնդիր չի դրել, այդ է պատճառը, որ վարչապետի թեկնածուի հարցի քննարկման նպատակով ՀՀ Նախագահի հրավիրված խորհրդակցությանը կուսակցության ներկայացուցիչները որեւէ մեկի անունը չեն տվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ով կլինի վարչապետի պաշտոնի՝ բոլորի համար նախընտրելի թեկնածուն: «Մենք դրել ենք երկրում համակարգային փոփոխությունների անհրաժեշտության հարց, նոր որակի պետության հիմքերի ստեղծման հարց: «Քառյակը» ինքնին նաև այդ նպատակն ունի և միջոց է այս նպատակին հասնելու համար»,- ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ ամբողջ ընթացքում իրենք ասել են, որ իրենց համար անձերի խնդիր գոյություն չունի: «Մեզ համար գոյություն ունի մեր պատկերացումների համապատասխան երկրում փոփոխություններ անելու հարցը»,- ասաց Վարդանյանը: Նախագահի հետ հանդիպման ընթացքում ՀՅԴ ներկայացուցիչները նշել են, որ իրենց կողմից ներկայացված 7 կետերը, որոնք ավելի մանրամասնված են, այն փաթեթն է, որը երկրում կբերի համակարգային փոփոխությունների: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կլինի հաջորդ վարչապետը, թե մեկ ուրիշը, ՀՅ Դաշնակցության համար էական չէ, քանի որ նրանք անձի խնդիր չեն դնում: Աղվան Վարդանյանը նշեց, որ եթե լինի պատկերացում, որ իրենց առաջարկած փոփոխությունները պետք է իրականացվեն, իրենք կողջունեն:

Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենք կառավարությունում կոալիցիա կազմելու հարցը չեն քննարկել և չեն պատրաստվում քննարկել: Ներկայացրել են փոփոխությունների իրենց հայեցակարգը, որն ամփոփված է 7 կետերի մեջ, և կապված նրա հետ, թե ինչ որոշում կկայացնի հանրապետության Նախագահը, իրենք կկողմնորոշվեն: Հարցին, թե չի՞ բացառվում, որ անյուամենայնիվ ՀՅԴ-ն կոալիցիա կկազմի կառավարության հետ, Աղվան Վարդանյանը նշեց, որ այս աշխարհում ոչինչ չի կարելի բացառել, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե քաղաքական մեծամասնությունն ինչ վերաբերմունք կունենա իրենց առաջարկած հայեցակարգի նկատմամբ:

armenpress.am