Արթուր Աղաբեկյան. «Մահ կամ ազատություն» գաղափարախոսությունը որդեգրած մարդու համար դժվար է միջին վիճակ ընտրելը


ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Աղաբեկյանի հարցազրույցը hayeli.am_ին

– Դուք Ձեզ հետ տանելո՞ւ եք դաշնակցական գաղափարախոսությունը, թե՞ թողնում եք Երեւանում եւ գնում Արցախ՝ որպես պետական պաշտոնյա:

– Դաշնակցության շարքերն եմ ընդունվել 1989 թ. հոկտեմբերին, երբ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում ղեկավարում էի արտադրություն՝ կոնդեսատորների գործարանի մասնաճյուղը: Դա նշանակում է Հայաստան եկավ դաշնակցական Արթուր Աղաբեկյանը եւ Արցախ կվերադառնա դաշնակցական Արթուր Աղաբեկյանը:

– Այսինքն՝ ոչ մի քայլ չե՞ք նահանջելու կուսակցության գաղափարախոսությունից:

– «Մահ կամ ազատություն» գաղափարախոսությունը որդեգրած մարդու համար դժվար է միջին վիճակ ընտրելը:

– Ներկայումս փորձ է արվում Արցախում ընդդիմադիր քաղաքական դաշտ ստեղծել, որովհետեւ այսքան ժամանակ Արցախում իշխանություն կար, ընդդիմությունն ինչ-որ չէր երեւում:

– 7-8 տարի առաջ, եթե ոչ ավելի վաղ, ՀՅԴ-ն Արցախում ընդդիմություն էր ու բավականին լուրջ ընդդիմություն էր: Հետագայում՝ Բակո Սահակյանի նախագահ ընտրվելուց հետո, Դաշնակցությունն ընտրեց համագործակցության հետաքրքիր ձեւ. Հայտարարեց, որ ինքը մաս է կազմում իշխանությանը եւ ակտիվորեն մասնակցեց ծրագրերի կյանքի կոչմանը: ՀՅԴ-ն մաս էր կազմում գործադիր իշխանությանն ու տղաները փորձում էին իրենց վստահված գործն անել հավուր պատշաճի: Այդպես ստացվեց:

– Այո, Դաշնակցությունը դարձավ իշխանություն եւ ընդդիմադիր դաշտը թափուր մնաց:

– Դաշնակցությունը, այո, իշխանություն դարձավ: Բայց, ինչպես ռուսը կասեր՝ «Пустое место не бывает»: Ընդդիմադիր դաշտն ազատ էր, եւ ձեւավորվեց ընդդիմություն՝ նախագահական ընտրությունների ֆոնի վրա: Հույս ունենանք, որ այն կլինի իրական ընդդիմություն եւ կպայքարի, որպեսզի սթափ պահի իշխող քաղաքական ուժին: Ի վերջո, ցանկացած քաղաքական ուժի գերխնդիրն է գալ իշխանության եւ իր ծրագրերն իրագործել: Սա նորմալ է, եւ պետք է շնորհավորենք ԼՂՀ բնակչությանը, որ Արցախում այդպիսի քաղաքական մշակույթ է ձեւավորվում, եւ որ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները չեն ձեւավորվում փոխադարձ ատելության եւ անհանդուրժողականության վրա, http://hayeli.am ի հետ հարցազրույցում նշել է Արթուր Աղաբեկյանը:

Հատված Մարինա Բաղդագյուլյանի հարցազրույցից
www.hayeli.am

Տպել Տպել