- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Գիտակցելով իր ամբողջական պատասխանատվությունը կուսակցության վերջին շրջանի քաղաքականության համար` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, կազմակերպության Գերագույն ժողովից առաջ, անհրաժեշտ է համարում հանրությանը ներկայացնել իր դիրքորոշումները երկրում ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ:ARF_Logo-colored

Այսօր Հայաստանի Հանրապետությունը ներքին ու արտաքին բարդագույն մարտահրավերներ է դիմագրավում: Իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության հետեւանքով մեր քաղաքացիների գերակշիռ մասը կորցրել է վստահությունն ապագայի հանդեպ եւ արմատական բարեփոխումներ է պահանջում: Մեր համոզմամբ` առկա խնդիրները հնարավոր է լուծել երկրում համերաշխության մթնոլորտ ձեւավորելու, հասարակական-քաղաքական համախմբում առաջացնելու միջոցով:

ՀՅ Դաշնակցությունը ձեւակերպել է համակարգային փոփոխությունների, նոր որակի պետություն ստեղծելու, արդյունավետ կառավարում ապահովելու իր պատկերացումները, որոնք ամփոփված են քաղաքական ու տնտեսական առաջադրանքների յոթ կետանոց փաթեթում: Վստահ ենք` դրանց քայլ առ քայլ, բայց ամբողջական իրականացումը երկիրը դուրս կբերի ծանրագույն վիճակից եւ մեր քաղաքացիների համար ազատ ու բարեկեցիկ կյանք կերաշխավորի: Մենք հետեւողականորեն պահանջելու ենք այդ ծրագրի կենսագործումը` ձգտելով մեր սկզբունքների շուրջ համախմբել հասարակության լայն զանգվածներին ու քաղաքական ուժերին:

Այս հանգրվանում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը որդեգրում է հետեւյալ մոտեցումները.

1.- Մաս չկազմել նոր ձեւավորվող կառավարությանը:

2.- Հետեւել իշխանության եւ կառավարության գործողություններին, նրանց հանդեպ մեր վերաբերմունքն ու գործակցության ձեւաչափը պայմանավորել առաջարկված փաթեթի իրագործման աստիճանով:

3.- Շարունակել գործել ընդդիմադիր դաշտում` մի կողմից ձգտելով հանրությանն ու քաղաքական ուժերին համախմբել մեր դավանած ազգային-պետական արժեքների, մեր առաջարկած լուծումների շուրջ, մյուս կողմից` փորձելով մեր երկիրը զերծ պահել ցնցումներից ու անկայունությունից:

Մեր նպատակը եղել եւ մնում է Հայաստանի պետականության հզորացումը, մեր քաղաքացիների արժանապատիվ, բարեկեցիկ կյանքը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը այս դիրքորոշումները հանձնում է հանրությանն ու մեկնարկելիք Գերագույն ժողովին` բնականաբար բոլոր հարցերի վճռահատումը թողնելով հայաստանյան կազմակերպության բարձրագույն ժողովին:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
17 ապրիլի 2014թ.

Համակարգային փոփոխություններ իրականացնելու ՀՅ Դաշնակցության յոթ առաջարկները

1. Անցում կատարել խորհրդարանի ընտրության 100 տոկոս համամասնական սկզբունքի:
Ձևավորել լիարժեք անկախ ընտրական համակարգ, ստեղծել երաշխիքներ` բացառելու ընտրակեղծիքները, ընտրակաշառքը և պետական-վարչական ռեսուրսի օգտագործումը:

2. Անցում կատարել կառավարման խորհրդարանական ժամանակակից համակարգի:

3. Օրենքով երաշխավորված գործուն լծակներ տրամադրել ընդդիմությանը՝ ձևավորելով իշխանություն-ընդդիմություն միասնական պետական կառավարման համակարգ: Ստեղծել հակակոռուպցիոն գործակալություն, որի ղեկավարի, ինչպես նաև Վերահսկիչ պալատի, Քաղաքացիական ծառայության խորհրդի, Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը վերապահել խորհրդարանական ընդդիմությանը:

4. Հստակ արտահայտված կամք դրսևորել և գործուն մեխանիզմներով տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, դատական իշխանության լիարժեք անկախությունը։ Կադրային քաղաքականության մեջ առաջնորդվել անձի արհեստավարժության և հանրային վստահության չափանիշներով, պետական կառավարման համակարգում հրաժարվել համատարած կուսակցականացման արատավոր գործելաոճից:

5. Սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմքում դնել կենսաապահովման նվազագույն բյուջեն, միջսերնդային և ներսերնդային համերաշխությունը: Արմատական փոփոխության ենթարկել տնտեսական քաղաքականությունը` նպատակ և արդյունավետության գնահատման չափանիշ դարձնելով տնտեսական զարացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, արժանապատիվ վարձատրությունը, աղքատության կտրուկ նվազեցումը, միջին խավի տեսակարար կշռի մեծացումը և ատագաղթի կասեցումը:

6. Երկրում արդարության ու վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով ապահովել արդար բիզնես միջավայր, բացառել քաղաքական շարժառիթներով հասարակական և տնտեսական կյանքին միջամտությունը, ոչ բնական մենաշնորհները, արտոնություններ տալ փոքր ու միջին բիզնեսին, քաղաքացիներին մասնակից դարձնել որոշումների ընդունմանը:

Արագ լուծում տալ լայն հնչեղություն ստացած և ժողովրդին հուզող հրատապ խնդիրներին (օրինակ` պարտադիր կուտակային վճարներ, արագաչափեր, կարմիր գծեր, տրամսպորտի փոխադրավարձ, ԱՊՊԱ սակագին, գյուղատեսության վնասներ, փոքր ու միջին բիզնեսի հարկային դրույքաչափեր և այլն):

7. Արտաքին քաղաքականության մեջ որդեգրել ազգային-պետական այնպիսի ուղեգիծ, որի գերխնդիրն է հայկական պետականության անկախության, անվտանգության և ինքնուրույնության ապահովումը:

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է բխի ազգային անվտանգության ռազմավարությունից՝ չվտանգելով հայ ժողովրդի նպատակների իրականացման, պատմական արդարության վերականգնման հեռանկարը: Ետ կանչել Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից:

Ամրագրել, որ ԼՂՀ հիմնախնդրի լուծման հիմքը Արցախի բնակչության համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտված կամքն է: Բանակցություններում ապահովել ԼՂՀ մասնակցությունը, կարգավիճակի և անվտանգության առաջնայնությունը: Հարկ եղած դեպքում ԼՂՀ-ի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք: