- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Կարսի պայմանագիրը ապօրինի գործարք է, որը փաթաթեցին Սովետական Հայաստանի վզին

haykazՊատմաբան Արմեն Մարուքյանը և «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» ղեկավար Հայկազուն Ալվրցյանը լրագրողներին ներկայացրին «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները» գիրքը, որը վեր է հանում Ցեղասպանության խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

«Այս գրքում ցույց է տվել, որ Կարսի պայմանագիրը ապօրինի գործարք է, որը փաթաթեցին Սովետական Հայաստանի վզին»,- ասաց Արմեն Մարուքյանը՝ նշելով, թե այս հարցը ոչ թե պետք է բարձրացվի մարդու իրավունքների դատարանում, այլ դատական հայցը պետք է ներկայացվի ՄԱԿ-ի դատարանում:

«Մենք ոչ թե ինչ-որ անհատների, այլ պետության դեմ ենք պայքարելու: Իսկ որպես հիմքեր շատ փաստաթղթեր ունենք»,- տեղեկացրեց պատմաբանը՝ շարունակելով, թե պետք է նոր հիմքերով երիտթուրքական տրիբունալի նյութերը ներկայացվեն միջազգային դատարան, որպեսզի համապատասխան վճիռ կայացվի:

Պատմաբանի խոսքով՝ Օսմանյան կայսրության տարածքի վրա միայն Թուրքիան է հանդիսանում Օսմանյան կայսրության իրավահաջորդը, հետևաբար նա էլ պետք է վճարի Օսմանյան կայսրության պարտքերը: «Հայաստանի Հանրապետությունն ինքը պետք է այդ հայցը ներկայացնի միջազգային դատարան»,- ասաց Արմեն Մարուքյանը:

Հայկազուն Ալվրցյանն էլ արձագանքելով դիտարկմանը, թե թուրք հասարակությունը կարծես թե փոխվում է, ասաց. «Վաղաժամ է խոսել թուրք հասարակության փոփոխության մասին: Դա ընդամենը Ստամբուլ քաղաքում մտավորականության մեկ խմբի գործողություն է: Ստամբուլը և Թուրքիան բոլորովին այլ բաներ են: Այսօր Թուրքիայում ակնհայտ է մեկ շարժում՝ չի կարելի անվերջ ժխտել ցեղասպանությունը: Դա մտավորականների և որոշ քաղաքական շրջանների մոտ է: Բայց նրանք ասում են, թե պետք է ներողություն խնդրել հայ ժողովրդից և անցնել առաջ: Այստեղ թաքնված է Ցեղասպանությունը ժխտելու մեկ նոր մոտեցում»:

Ըստ Հայկազուն Ալվրցյանի՝ Թուրքիայում չկա որևէ մոտեցում, որով ընդունում են Օսմանյան Թուրքիայի կատարած չարագործությունները հատուցելու հարցը: «Պետք է հիշենք՝ Թուրքիան ինչ անում է, դրա տակ մի մեծ դավադրություն է թաքնված»,- ընդգծեց Հայկազուն Ալվրցյանը:

tert.am