- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Եթե անցյալին ճիշտ գնահատական չենք տալիս, ապագայի հետ կապված ճիշտ քայլեր չենք կարող ակնկալել

Միացյալ Նահանգների չորս կոնգրեսական, որոնք տարիներ շարունակ Թուրքիային դատապարտող եւ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին բարձրաձյանող հայտարարություններ են արել, ինչպես նաեւ տարբեր բանաձեւեր հեղինակել, այս անգամ Ապրիլի 24-ին իրենց դիրքորոշումն այլ կերպ են հայտնել. եկել են Հայաստան՝ հենց Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար:24.04.14-6229հեֆ

Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը հիշեցնում է Հիտլերի այն խոսքը, թե ո՞վ է հիշում հայերի բնաջջման մասին, եւ հավելում. “Մենք ենք հիշում եւ այստեղ ենք՝ ասելու համար, որ կանգնած ենք հայ ժողովրդի կողքին”:

“Եթե մենք անցյալին ճիշտ գնահատական չենք տալիս, ապագայի հետ կապված ճիշտ քայլեր չենք կարող ակնկալել: Այնպես որ, կարեւոր է, որ մենք անկեղծորեն խոսենք 1,5 միլիոն հայերի Ցեղասպանության մասին”,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ռոյսը:

Նույն հանձնաժողովի անդամներից Դեյվիդ Սիսլին հայտնեց, որ այստեղ է կոչ անելու Թուրքիային, որ ճանաչի պատմական փաստը, որպեսզի փոխհատուցման համար իրական բանակցություններ սկսվեն:

Ցեղասպանությունը ճանաչելու եւ հայերից ներողություն խնդրելու կոչին միացան նաեւ կոնգրեսականներ Լոյս Ֆրենկելը եւ Էլիոտ Էնջելը: ԱՄՆ-ից ժամանած պատվիրակությունն անդրադարձավ նաեւ Թուրքիայի՝ երեկ տարածած հայտարարությանը:

“Կարդացել եմ այդ հայտարարությունը, բայց ինձ համար կարեւորն այն է, որ մենք ընդունում ենք Օսմանյան Կայսրության տարիներին հայերի դեմ կատարվածի ողջ կարեւորությունը”,- նշեց Ռոյսը:

“Կարծում եմ՝ դա շատ կեղծավոր հայտարարություն էր, եւ Ցեղասպանության ժխտումն այլ տեսքով ներկայացնելու մեկ այլ փորձ: Սա նաեւ Ցեղասպանություն իրագործելու համար պատասխանատվությունից խուսափելու միջոց է: Ես դա առաջընթացի նշան չեմ համարում”,- ասաց ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանը։