ՀՅԴ-120. ՀՀ Սփյուռքի նախարարի ուղերձը


Ջերմորեն շնորհավորում եմ Հայ Յեղափոխական Դաշնակցության 120-ամյա հոբելյանը եւ սրտանց մաղթում նորանոր նվաճումներ մեր ազգային իղձերի ու նպատակների իրականացման գործում:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կուսակցություն է, որի ծնունդը ժամանակի հրամայականն էր, պամական անհրաժեշտության թելադրանքը: Կուսակցությունը ստեղծվեց, որպեսզի իր ողջ գործունեությունը անմնացորդ նվիրեր հայ ժողովրդի ազգային-ազատագարական պայքարին, անկախ պետության վերակերտմանը, աշխարհասփյուռ հայության ազգապահպանմանը եւ Հայ Դատի արդար լուծմանը: Եվ արդեն 120 տարի նա հավատարիմ է իր սուրբ ուխտին, իր պատմական առաքելությանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մշտապես կանգնած է հայ ժողովրդի ազգային շահերի պաշտպանության դիրքերում: 1890թ. ստեղծվելով Թիֆլիսում՝ կուսակցությունը նպատակ ուներ համախմբել ազգային-հեղափոխական ուժերը մեկ դաշինքի մեջ՝ դառնալով մեր ազատագրական պայքարի դրոշակակիրը: Կուսակցությունը ձեւավորվեց ամուր գաղափարական հիմքի վրա, որդեգրեց ազգային արժեքներ, ինչն էլ ապահովեց նրա միասնականությունը, նվիրական աշխատանքը, հանուն հայության գործելու պատրաստակամությունը եւ երկարակեցությունը:
Դաշնակցությունը 21-րդ դար է հասել՝ բազմապատկած իր կարողականությունն ու մարտունակությունը, գաղափարապես կոփված ու հզորացած՝ միավորելով խորագետ, շրջահայաց եւ հայրենասեր անհատների ուժերը:
14-րդ դարում հայկական պետականության անկումից եւ վեց հարյուրամյակ տեւած անիշխանությունից հետո միայն՝ 1918 թվականին, Հայ Յեղափոխական Դաշնակցության հմուտ ղեկավարությամբ, հայ ժողովուրդը կրկին նվաճեց ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը:
1920թ. դեկտեմբերից Դաշնակցությունը դարձավ վտարանդի կուսակցություն, սակայն չընկրկեց՝ ծառայելով տարագիր հայության կազմակերպմանը ու ազգապահպանմանը եւ Հայ Դատի պահանջատիրությանը, դառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործի ամենաեռանդուն եւ ամենահետեւողական ուժերից մեկը՝ հավատալով ճշմարտության հաղթանակին:
Կուսակցությունը Հայաստանի անկախության հռչակումից հետո վերահաստատվելով հայրենիքում՝ կրկին ստանձնեց համահայկական կառույցի ղեկավարման եւ համակարգման պատասխանատվությունը, անգնահատելի դերակատարություն ունենալով հայկական երկում հանրապետությունների եւ Սյուռքի կյանքում: Եվ պատահական չէր, որ Դաշնակցությունը ինքնամոռաց նետվեց Արցախի պաշտպանության գործին եւ հայ ժողովրդի հետ միասին ըմբոշխնեց հաղթանակի բերկրանքը:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը վաստակածի իրավունքով վայելում է մեր ժողովրդի հարգանքն ու սերը՝ հայոց պետության կայացման եւ զարգացման հայեցակարգային ուղենիշ համարելով հայության պատմաքաղաքական, բարոյահոգեբանական, պատմամշակութային արժեքները:
Սփյուռքահայերի համար նվիրական նպատակ է Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի կերտումը, ինչը մշտապես եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցության հանգանակը:
ՀՀ սփյուռքի նախարարությունը, որ կյանքի է կոչվել Հայրենիք-Սփյուռք գործակցությանը համակարգված լուծումներ տալու, նոր կապեր եւ հարաբերություններ զարգացնելու նպատակով, իր գործունեության առաջին իսկ օրերից համագործակցում է ՀՅԴ կառույցների հետ:
Մենք լիահույս ենք, որ առաջիկայում եւս մեր համագործակցությունն ավելի կխորանա եւ կընդլայնվի՝ ի շահ աշխարհասփյուռ մեր ժողովրդի, ի շահ մեր երազների իրականացման:
Կրկին շնորհավորում եմ Հայ Յեղափոխական Դաշնակցության 120-ամյա հոբելյանը եւ մաղթում, որ կուսակցությունը երրորդ հազարամյակում նույն ոգով շարունակի իր աննկուն պայքարը՝ ընդդեմ համահարթեցման ու համընդգրկման համաշխարհային միտումների եւ մարտահրավերների, միշտ անվեհեր ու աննահանջ գործի՝ հայ ոգու, հայ տեսակի ու որակների, հանուն ազգային արժեքների պահպանության, հանուն հզոր եւ զարգացած Հայաստանի:
Վստահ եմ, որ փառապանծ ուղի անցած կուսակցությունը կունենա նորանոր հաջողություններ՝ շնորհիվ իր հավաքական կամքի, վճռականության եւ հայրենանվեր գործունեության:

Տպել Տպել