Հայաստանում Եվրաինտեգրացիոն գործընթացներ չկան


ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եվրոպական հեռանկարները արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ունեցած իր ելույթում հայտարարել է, որ իր կարծիքով Հայաստանում Եվրաինտեգրացիոն գործընթացներ տեղի չեն ունենում կամ դրանք շատ մակերեսային են:«Այսինքն կոնֆերանսներ, պատվիրակություններ, դեկլարացիաների ընդունում, հայտարարություններ և այլն, այս ամենը եվրաինտեգրացիոն պրոցես չի, որովհետև իշխանություն եթե ուզում է եվրաինտեգրացիոն գործընթաց սկսի, պետք է փոխի իր վերաբերմունքը հասարակության հանդեպ, տնտեսության նկատմամբ, արտաքին քաղաքականության մեջ: Այդ ամենը տեղի չի ունենում»,- ասել է նա:

Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Եվրոնեստում հայաստանյան պատվիրակության արած 4 առաջարկություններին` առանձնացնելով դրանցից երկուսը: «Առաջինը, որ Եվրոնեստը հանկարծ չդառնա մանր մունր վեճերի բեմ` այն, ինչ որ մենք տեսնում ենք ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում»,- ասել է նա:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշել է, որ Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված 2-րդ կարևոր առաջարկությունն այն էր, որ պարզ թվաբանական մեծամասնությամբ հարցեր չլուծվեն:

Վահան Հովհաննիսյանն ասել է, որ ինքը ճիշտ չի համարում Հայաստանում ժողովրդավարության մասին խոսել մի տեղ, որտեղ մեր ազգային շահերը կարող են վտանգվել և անտեսվել: «Ես դեմոկրատիայի մասին ավելի լավ է մեր երկրում խոսեմ, մեր իշխանություններին պարտադրեմ ժողովրդավարական բարեփոխումներ, ոչ թե օգնության կբերեմ մարդկանց, ովքեր ուրիշ տեղ կարող են մեր ազգային շահերին վնաս տալ»,- ասել է նա և ավելացրել, որ դա իր անձնական վերաբերմունքն է և ոչ խորհրդարանինը:

Տպել Տպել