- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Սպիտակ տունը հերքեց

[1]
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Սպիտակ տան տրամադրած հաղորդագրության համաձայն տարածել է հայտարարություն` վերջին օրերին աղմուկ բարձրացրած համացանցային տեսանյութի բովանդակության առնչությամբ, որում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայազգի երիտասարդ ներկայացած անձի ասում է, թե Սերժ Սարգսյանը ապրիլի 24-ից առաջ զանգահարել իրեն և խնդրել չշտապել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հարցում՝ հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Փոխնախագահը և նախագահ Սարգսյանը 2009թ. ապրիլին երկու անգամ խոսել են: Այս խոսակցությունների ընթացքում փոխնախագահը ասել է նախագահ Սարգսյանին, որ Միացյալ Նահանգները հավատում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը ճանապարհ կհարթեն Հայաստանի ավելի լավ ապագայի համար և հայտնել է Միացյալ Նահանգների աջակցությունը նրա առաջնորդության համար: Փոխնախագահը հայտնել է Օբամայի վարչակազմի աջակցությունը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ հայ-թուրաքական համատեղ հայտարարության մասին Շվեյցարիայի առաջարկին:

Նախագահ Սարգսյանը չի խոսել Նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձի բովանդակության մասին և չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի թիվ 252 բանաձևի դիտարկումը: Ընդհակառակը, փոխնախագահ Բայդենի և նախագահ Սարգսյանի միջև խոսակցությունները, որոնց վերջերս անդրադարձել է փոխնախագահ Բայդենը, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար անհետաձգելի քայլեր կատարելու անհրաժեշտության մասին էին: Երկու ղեկավարները համաձայնել են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»,- ասվում է հայտարարությունում: Հիշեցնենք, որ մեկնաբանելով YouTube-ում տեղադրված տեսանյութը ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել էր, որ իր կարծիքով Բայդենը դա ասել է իր վրայից մեղքը թեթևացնելու համար։

«Իմ տպավորությամբ, հաշվի առնելով նաև նախագահականի հերքումը, որտեղ ասվում է, թե համաձայն են, որ հրապարակվեն հեռախոսազրույցները, Բայդենն ավելի շուտ ցանկացել է այդպես հասկանալ, քան ճիշտ այդպես եղել է,- ասել է Կիրո Մանոյանը և հավելել,- փոխանակ իրենք ասեն, որ իրենց խոստումը չեն կատարել, մեղքը բարդում են նախագահի վրա»։

Ինչ վերաբերում է հետևանքներին, Կիրո Մանոյանն ասել էր, թե սա բավարար է, որ Սպիտակ տունն իր կեցվածքը փոխի, սրբագրի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ընդունման հարցով և ցեղասպանության ճանաչման խնդիրն այլևս Թուրքիայի ձեռքում պատանդ չպահի։