- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՕՄ-100. Միշտ ժողովրդի կողքին

[1]
Երևանում անցկացվում են Հայ Օգնության Միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներ: Հայրենիք են ժամանել ՀՕՄ-ուհիներ` աշխարհի 26 երկրներից: 100-ամյա կազմակերպությունը հիմնադրվել է Նյու Յորքում` 1910-ին, իսկ այսօր արդեն գործում է աշխարհի 26 երկրներում և միավորում 15.000 ՀՕՄ-ուհիների:

ՀՕՄ-ուհիներին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Այն, ինչ իրականացրել է ՀՕՄ-ը 1910 թվականից սկսած մինչև այսօր քաղաքական ու աշխարհագրական ամենատարբեր իրավիճակներում, կարելի է և պետք է սխրանք համարել»,- ասել էր նախագահը:
ՀՕՄ-ին շնորհավորել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ՀՕՄ-ը բնորոշել է, որպես հայկական աշխարհի յուրատեսակ մանրակերտերից մեկը, ու այդ աշխարհի առաջին ու ամենակարևոր հաստատություններից մեկը: «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ անցած տարիների ընթացքում, Հայաստանում, Արցախում և Ջավախքում կազմակերպության իրականացրած ծրագրերն աչքի են ընկել հասցեականությամբ, բարձր արդյունավետությամբ ու բացառիկ հաշվետվողականությամբ: Իսկ դա ՀՕՄ-ի կատարած աշխատանքների լավագույն գնահատականն է»,- ասել է վարչապետը:

ՀՕՄ-ի 100-ամյակին նվիրված հանդիսությանը ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը շնորհավորական իր ելույթում ասաց, որ «մեր ժողովուրդը հաճախ դժվարանում է հասկանալ, թե ով ինչին է ծառայում, բայց կա մի կազմակերպություն, որի պարագայում մեր ժողովուրդը երբեք չի սխալվում, դա ՀՕՄ-ն է, որովհետև չհասցրեցին առաջին կրակոցները լսվել Ղարաբաղում, ՀՕՄ-ը հասավ օգնության, հասավ մարդուժով, հասավ` իր պահեստները դատարկելով, և ժողովուրդը հասկացավ, որ ծառայում են անշահախնդիր»:

ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Ալվարդ Պետրոսյանն իր խոսքում շարունակելով Վահան Հովհաննիսյանի միտքը` նշեց, որ ՀՕՄ-ը ոչ միայն հաղթանակների ժամանակ է ժողովրդի կողքին եղել, այլև պարտությունների: «Միշտ թռիչքի մեջ չեն լինում: Ոչ մի կառույց, ոչ մի պետություն, ոչ մի կուսակցություն միայն չի հաղթում, և եթե մենք այսօր ունենք կորուսյալ հայրենիք, ուրեմն մենք դեռ հաղթած չենք»,- ասաց Ալվարդ Պետրոսյանը: «100-ամյա ենք, բայց ծեր չենք, սերնդափոխությունն այնպես է իրականանում, որ ՀՕՄ-ը երբեք չի ծերանա»,- վստահեցրեց ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհին: