Բաքվի ժողովը կարծրատիպեր կկոտրի


Բաքվից վերադարձել են Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծովի հանձնախմբի ժողովին մասնակցող ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալբանդյանը և ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Լրագրողների հետ հանդիպմանը Մարիո Նալբանդյանը տեղեկացրեց, որ Դաշնակցության պատվիրակները Բաքվում լուրջ խնդիրներ չեն ունեցել, միակ խնդիրը, ըստ Կիրո Մանոյանի, եղել է օդանավակայանում Մարիո Նալբանդյանին մուտքի արտոնագրի տրամադրումը, որը տևել է մոտ 5 ժամ:

ժողովում քննարկվել են տարածաշրջանային հակամարտություններին, ինպես նաև Լեռնային Ղարաբաղին վերաբերվող հարցեր: Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը և Կիրո Մանոյանը ներկայացրել են իրենց տեսակետները Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ:
«Մենք գոհ ենք, որովհետև իբրև կուսակցություն բերեցինք այն ներդրումը, որ մեզանից սպասվում էր»,- ասաց Մարիո Նալբանդյանը: Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 15-16-ին Փարիզում կայանալու է Սոցինտերնի խորհրդի ժողովը, որը որը գումարվում է տարին երկու անգամ: «Առաջարկ է եղել, որ մինչ այդ ժողովը Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ու Դաշնակցությունը ներկայացնեն իրենց տեսակետները եւ փորձեն համադրել դրանք։ Եթե համադրվի, ժողովին կներկայացվի բանաձեւի տեսքով։ Սա պայման չէ, ուղղակի առաջարկ է»,- նշեց Մարիո Նալբանդյանը։

«Փարիզում հավանաբար ընդունվելիք բանաձևը լավագույն դեպքում կարող է վերաբերվել հակամարտության լուծման սկզբունքների շուրջ երկու կուսակցությունների տեսակետների մերձեցմանը, որը կընդունի նաև Սոցինտերնը: Եթե ընդունվի մեր տեսակետներով, կնշանակի, որ 170 անդամ կուսակցություններ ներկայացնող կառույցը նաև որդեգրել է այդ տեսակետը»,- ասաց Կիրո Մանոյանը:

Նա համոզված է, որ Բաքվի այս ժողովը որոշ կարծրատիպեր կկոտրի ադրբեջանական հասարակության մեջ` անկախ նրանից, թե ադրբեջանական լրատվամիջոցները 3-4 ժամ տևած համատեղ հարցազրույցներն ինչպես կներկայացնեն:

Տպել Տպել