Երեկ կայացել է ԱԺ հրաշալի քառյակի հերթական հանդիպումը, բայց ոչ նախկին «խորը եւ համապարփակ» ձեւաչափով, պարզապես հանդիպել, ստորագրել են կուտակայինի վերաբերյալ այն վերամշակված նախագիծը, որը պետք է ուղարկվեր կառավարություն եւ վերջ։ Նախագիծն արդեն ուղարկվել է, եւ սպասում են կառավարության արձագանքին։
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում հայտնեց. իրենք նամակում նշել են, որ ակնկալում են մինչեւ մայիսի 10-ը ստանալ կառավարության պատասխանը, քանզի ամսի 12-ին, ինչպես արդեն հայտնի է, կառավարությունն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրելու, եւ այս նախագծի վերաբերյալ կառավարության արձագանքից է կախված, թե քառյակն իրեն ինչպես կպահի այդ նիստում։
«Այս վերամշակված նախագծում 99%-ով մեր նախորդ հիմնարար օրենսդրական նախաձեռնությունն էր, միայն մի բացառություն կա այստեղ. այս տարբերակով մենք առաջարկում ենք վերադարձնել այն գումարները, որոնք փոխանցվել են հիմնարկներից, բայց կամ ամբողջ հաշվին չեն փոխանցվել, կամ կամուրջից դեպի մյուս փուլը չեն հասել: Այս առումով ՀԱԿ խմբակցությունը փաստաթուղթը ստորագրեց վերապահումով, իրենք գտնում են, որ ֆոնդեր հասածներինն էլ պետք է վերադարձվեն»,-ասաց Վարդանյանը։
Անդրադառնալով մայիսի 12-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվելիք արտահերթ նիստին՝ Աղվան Վարդանյանն ասաց, որ օրակարգը դեռ հայտնի չէ, բայց ենթադրում են, որ նոր կառավարությունը կբերի իր ծրագիրը, եւ կլինեն նաեւ այլ հարցեր. «Կախված մեր այս նախագծի վերաբերյալ կառավարության արձագանքից՝ մենք կորոշենք մեր անելիքները։ Եթե կբավարարի կառավարությունը մեր առաջարկությունները, բնականաբար, հարցը կհամարենք փակված»:
Հարցին, թե Հովիկ Աբրահամյանի եւ քառյակի այն հայտնի անակնկալ հանդիպման ընթացքում ի՞նչ քննարկեցին ու ընդհանուր հայտարարի չեկան, որ հիմա նորից իրենց նախագիծն են առաջարկում, ՀՅԴ խմբակցության քարտուղարն ասաց. «Այդ հանդիպմանը մենք բոլոր խնդիրներն առաջադրեցինք, ուղղակի քանի որ այն ժամանակ նորանշանակ վարչապետը խնդրում էր մեզնից որոշ ժամանակ, որ ֆոնդերի կառավարիչների հետ հանդիպեն, որպեսզի ինքն ինչ-որ առումով ավելի ազատ լինի, դրա համար մենք համաձայնեցինք: Մենք նախնական ունեինք համաձայնություն, թե ինչի շուրջ կարող ենք մեր տեսակետները մոտեցնել, բայց դրանից հետո, երբ կառավարությունը բերեց իր նախագիծն Ազգային ժողով, տեսանք, որ, փաստորեն, ինչ-որ առումով այն շեղվում էր մեր նախնական բանավոր խոսակցությունից եւ պայմանավորվածությունից»:
Փաստորեն, Հովիկ Աբրահամյանն իր խոսքի տերը չեղա՞վ, այն դեպքում, երբ հենց այդ օրը հայտարարեց, թե ինքը միշտ իր խոսքի տերն է լինում, Ա. Վարդանյանն ասաց. «Եկեք բառերը չսրենք, մենք ունեինք նախնական պայմանավորվածություն, որ կառավարությունը պիտի բերեր այնպիսի տարբերակ, որ քաղաքացին հնարավորություն ունենար իր դիմումով դուրս գալու պարտադիր համակարգից, եւ իրենից պահումներ չարվեին, մինչդեռ իրենց նախագիծն այդ հնարավորությունը չէր տալիս»:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
hraparak.am