- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Խոշոր կազմակերպությունների համար աուդիտի պահանջը անհրաժեշտություն է

արծվիկԱզգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նպատակահարմար չի համարում խոշոր կազմակերպությունների համար աուդիտի վերացումը: «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավորը նշեց, որ աուդիտի վերացումը կարող է հանգեցնել հաշվառման և հաշվետվությունների նկատմաբ վերահսկողության բացակայության: «Այս նախագծի ընդունմամբ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները և հաշվառումը կարող է թերի լինել կամ ընդհանրապես չլինել: Սա կարող է ձեռնտու լինել միայն նրանց, ովքեր ցանկանում են, որպեսզի ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ վերահոսկություն չլինի:

Դրանք կարող են լինել այն կազմակերպությունները, որոնք գործում են ստվերում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մինասյանը:

Նա ընդգծեց, որ ֆինանսական հաշվետվություններից առաջ աուդիտ անցնելը հնարավորություն է տալիս հասկանալ, թե որքանով է այս կամ այն կազմակերպությունը թափանցիկ աշխատել և կատարե՞լ է արդյոք ֆինանսական հաշվետվությունը բոլոր պահանջներին և օրենքին համապատասխան: Պատգամավորը անընդունելի է համարում տեսակետը, թե աուդիտորական կազմակերպությունների և հարկային մարմինների միջև հակասություններ են առաջանում: «Պետք չէ վերացնել աուդիտը և ասել, թե հարկային մարմինը ստուգումներ անցկացնում է և չարաշահումներ է բացահայտում: Աուդիտորական կազմակերպություններ և հարկայինը տարբեր մարմիններ են և տարբեր գործառույթներ են իրականացնում: Պետք չէ ասել, թե հարկայինը խախտումներ է բացահայտում և աուդիտ պետք չէ»,- ասաց Մինասյանը:

Նա նաև ընդգծեց, որ պետք չէ աուդիտը դիտարկել որպես պարտադիր գործառույթ, այլ ֆինանսական հաշվետվությունից առաջ աուդիտի ենթարկվելու պահանջ, որը թույլ է տալիս վերահսկողություն սահմանել հաշվետվությունների և հաշվառման վրա:

Պատգամավորի խոսքով՝ աուդիտի պահանջը պարտադիր է և պետք է շարունակի գործել: Մինասյանն առաջարկեց հանել նախագիծը օրակարգից, կազմակերպել մասնագիտական քննարկումներ, հասկանալ խնդիրը, չափանիշներ փոխել և ամբողջական լուծումներ առաջարկել: «Եթե նախագիծն այս տեսքով է գալու, ապա մենք դեմ ենք քվեարկելու»,- ասաց պատգամավորը:

Ազգային ժողովը քննարկում է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խոշոր կազմակերպությունների համար վերացնեկ պարտադիր աուդիտը: «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ տարեկան ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ, սակայն նախագծով առաջարկվում է վերացնել պարտադիր աուդիտը խոշոր կազմակերպությունների համար: Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:

armenpress.am