- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

«Կուտակայինի» վերաբերյալ կառավարության նախագծում էական հիմք է կամավորության սկզբունքը

արծվիկ«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագծում կամավորությունը դառնում է էական հիմք:

Այս մասին Ազգային ժողովում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունելու քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Եթե քաղաքացին կարող է դիմում գրել և իր ցանկությամբ հրաժարվել համակարգին մասնակցելուց, ապա այդ համակարգն այլևս չի կարող պարտադիր կոչվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մինասյանը:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ այս նախագծի ընդունմամբ պարտադիր բաղադրիչը դառնալու է կամավոր՝ քաղաքական ուժերին կոչ անելով հակասական հայտարարություններով հասարակությանը թյուրըմբռնման մեջ չգցել, քանի որ կառավարության կողմից ներկայացված նախագիծն իսկապես դրական քայլ է և պետք է վայելի հասարակության աջակցությունը:

Մինասյանը նկատեց, որ այս օրենքի ընդունմանը հասարակությունն անհամբերությամբ է սպասում՝ հույս հայտնելով, որ այն ամբողջությամբ կընդունվի Ազգային ժողովում և կստորագրվի հանրապետության Նախագահի կողմից:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կասեցնել գործատուների նկատմամբ տուգանքների կիրառումը, եթե նրանք չեն հաշվարկել և փոխանցել կուտակային վճարները: Միևնույն ժամանակ, քաղաքացիներին հնարավորություն է տրվում սեփական դիմումի համաձայն հրաժարվել պարտադիր համակարգին մասնակցությունից, ինչպես նաև ստանալ այն գումարները, որոնք պահվել են գործատուի կողմից, սակայն ֆոնդերին չեն փոխանցվել:

armenpress.am