Այսօր ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նիստ էր գումարել Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու եւ խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարությունը ընդգրկելու վերաբերյալ:
Նախագծի հեղինակը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն է:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, հակամարտության ծագման եւ հետեւանքների պատճառների խեղաթյուրումներն ու նենգափոխումները, ատելություն սերմանող հակահայկական կոչերն ու գործողությունները, իրենց կողմից կատարված ոճրագործությունների ծանրությունը չընդունելը շարունակում են հակամարտության կարգավորման սկզբունքային ու առանցքային խոչընդոտը հանդիսանալ, եւ այս քաղաքականության շարունակության հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը»:
«Նպատակահարմարությունը այսպիսի հայտարարության միշտ կա, Ադրբեջանը ամեն ինչ կանի, որ նենգափոխ անի իրադարձությունները: Ագրեսորի փոխարեն զոհ ներկայանալով՝ հաջողում է իր քարոզչության մեջ, քանի որ կարողանում է նենգափոխել իրադարձությունները»,- իր խոսքի մեջ ասաց հիմնական զեկուցող Արմեն Ռուստամյանը:
Վերջինիս կարծիքով այսօր մեր հիմնական խնդիրը իրավիճակը ճիշտ ներկայացնելն է, ինչպես նաև ուղղորդող փաստաթղթերի առկայությունը ևս շատ կարևոր է: Ռուստամյանի կարծիքով փաստաթուղթը նաև հիմք կծառայի միջազգային կազմակերպությունների համար:
Հրադադարի 20-ամյակի հետ կապված տարբեր հայտարարություններ կան, այդ ֆոնին, Ռուստամյանի կարծիքով, Հայաստանը որևէ ադեկվատ գնահատական չի տվել, իսկ ԱԳՆ-ի, Ռուստամյանի բնորոշմամբ, կցկտուր հայտարարությունները բավարար չեն:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հետաքրքրվեց, թե այս հայտարարությունը Ադրբեջանը չի օգտագործի բանակցային գործընթացը խոչընդոտելու համար:
Ռուստամյանը ամեն դեպքում կարծում է՝ իշխանությունները պետք է նախաձեռնող քաղաքականություն վարեն, ասում է. «Փոխզիջում ենք ասում: Որն է Ադրբեջանի փոխզիջումը: Միշտ Հայաստանին է վերաբերում այդ փոխզիջումը: Իսկ Ադրբեջանը, եթե իմանա, որ հարձակվի՝ հաջողելու է, կմոռանա բոլոր բանակցային գործընթացները»:
Վերջինս նաև մտահոգ է՝ եթե այս վերնագրով նախագիծը ԱԺ-ն մերժի, շատ ավելի վատ կստացվի:
Հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը սակայն այս տեսքով հայտարարությանը այնքան էլ կողմ չէ, մեկնաբանում է. «Սա նորմալ կլիներ, եթե ձեր կուսակցության հայտարարություն լիներ կամ մի քանի կուսակցությունների: Բայց ԱԺ-ն ամբողջ քաղաքական սպեկտորով ասել, որ նման մոտեցում ունի, դա կորող է լինի միայն մեկ պարագայում, եթե մենք բոլորս պահանջում ենք, որ ԼՂՀ-ն մասնակցի բանակցային գործընթացին: Շեշտադրումն էլ այնպես, որ 20 տարվա ընթացքում որևէ փոխադարձ համաձայնություն չի հարգվել կողմերից մեկի պատճառով»:
Հիմնական զեկուցող Արմեն Ռուստամյանի ամփոփիչ ելույթի ժամանակ բանավեճ ծավալվեց Ալեքսանդր Արզումանյանի հետ: Արզումանյանը մեղադրում էր ՀՅԴ-ին, թե ինչու, երբ կոալիցիայում էին, չխոչընդոտեցին Ռոբերտ Քոչարյանի ապաշնորհ արտաքին քաղաքականությանը, որի հետևանքով ԼՂՀ-ն դուրս մնաց բանակցային գործընթացներից:
Հանձնաժողովի քվեարկության արդյունքում նախագիծը մերժվեց: Կողմ քվեարկեցին միայն Արմեն Ռուստամյանը, Ն. Փաշինյանը, Թևան Պողոսյանը: Ալեքսանդր Արզումանյանը քվեարկությանը չմասնակցեց:
Վերջում որոշվեց՝ որոշման նախագիծը հետ վերցրել եւ վերամշակելուց հետո նորից ներկայացնել ԱԺ:
galatv.am