Խորհրդարանում այսօր քննարկվում էր ԱԺ ՀՅԴ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արմեն Բաբայանի կողմից ներկայացված` ՀՀ ընտրական օրենսգրքում, ԱԺ կանոնակարգ օրենքում և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է անցում կատարել հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգին:
Հիմնական զեկուցող ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ քննարկվող հարցը չի կորցնի իր արդիականությունն այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել այդ հարցը: «Այսօր ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը կողմ են այդ փոփոխությանը, բացի Հանրապետական կուսակցությունից: Ինչո՞ւ է այդպես, որովհետև խնդիրն այն է, որ վերացվելու է մեծամասնական ընտրակարգը: Իշխանությունները մեծամասնականից հրաժարվել չեն ուզում ոչ մի գնով, որովհետև դա ապահովում է իշխանությունների վերարտադրումը»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի` մի քանի էական հարց եթե չի լուծվում, ապա բոլոր շտկումները չեն կարող երաշխավորել ընտրությունների միջոցով իշխանությունների փոփոխություն, և հենց այստեղ է թաքնված շան գլուխը: Ռուստամյանի խոսքով` Հայաստանում երկու հիմնական անհերքելի փաստ գոյություն ունի` այն, որ Հայաստանում ընտրությունների միջոցով երբեք իշխանություն չի փոխվել, և որևէ ընտրական համակարգ չի կարող նորմալ համարվել, եթե չի ապահովում հիմնական խնդիրը, այսինքն` իշխանությունը չի ձևավորվում ընտրությունների միջոցով: Եվ ով այս կամ այն իրադարձությունների արդյունքում գալիս է իշխանության, նա պահպանում է իշխանությունը մինչև վերջ` մինչև քաղաքական ֆորսմաժորային իրավիճակ, սա ամենամեծ խնդիրն է:
Ըստ Արմեն Ռուստամյանի բոլոր դիտարկումները ցույց են տալիս, որ մեծամասնական ընտրակարգը գերակշիռ մասով ապահովել է իշխանության թեկնածուների ընտրությունը, և ստեղծվում է մի իրավիճակ, որ թեեւ ոչ իշխանական ուժերը համամասնական ընտրակարգով ձեռք բերված ձայների քանակով մեծամասնություն են, բայց մեծամասնություն չեն Ազգային ժողովում:
«Մեծամասնություն չենք, որովհետև 41 բոնուսային մանդատները իշխանությունն իր գրպանում միշտ ունի: Սա չի կարող ժողովրդավարական ընտրության մասին խոսել, և պարզ է, որ իշխանությունը չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է, ահա` ինչու հանրապետականները միշտ դրան դեմ կլինեն: Քանի դեռ մենք դրանից չենք հրաժարվել, չենք կարող խոսել հավասար մրցակցային պայքարի մասին: Դա նույնն է, որ երկու հոգի դուրս գան վազքուղի, մեկը ստարտից վազի, մյուսն էլ 41 մետր առաջ գնա ու այնտեղից վազի, ու տեսնենք, թե հարյուր մետրը ով կհաղթի»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Ըստ պատգամավորի` ներկայացուցչական ժողովրդավարություն այս ընտրակարգով չի կարող ապահովվել:
Ռուստամյանը նշեց, որ մեծամասնական ընտրակարգն ապահովում է իշխանությունների վերարտադրությունը` ձևավորելով կիսաֆեոդալական օկրուգներ, որոնք սեփականաշնորհված են առանձին մարդկանց կողմից: «Պատկերացնենք խորհրդարանական համակարգը, երբ չկան մեծամասնական օկրուգները, կլիներ այն, որ խորհրդարանում մեծամասնություն կկազմեին չորս կամ հինգ ուժերը, որոնք էլ կնշանակեին վարչապետ և այլն: Այնպես որ` էական բան կփոխվեր, եթե մեծամասնական ընտրակարգը չլիներ»,- ասաց նա: Անդրադառնալով հանրապետական պատգամավորների այն փաստարկին, թե համամասնական ընտրակարգը չի կարող գործել այնպիսի համակարգում, ուր կուսակցական համակարգը կայացած չէ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Էդ ո՞նց է ստացվում, որ ընդդիմությունը միշտ վատն է ու չի կայացել, իսկ իշխանությունները միշտ լավն են ու կայացած: Այդպես լինո՞ւմ է, որ այնքան լավն են, որ անընդհատ կարող են վերարտադրվել»: