Քանի դեռ չենք հրաժարվել մեծամասնական ընտրակարգից, չենք կարող խոսել հավասար մրցակցային պայքարի մասին

1armenrustamyanարմենԽորհրդարանում այսօր քննարկվում էր ԱԺ ՀՅԴ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արմեն Բաբայանի կողմից ներկայացված` ՀՀ ընտրական օրենսգրքում, ԱԺ կանոնակարգ օրենքում և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է անցում կատարել հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգին:

Հիմնական զեկուցող ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ քննարկվող հարցը չի կորցնի իր արդիականությունն այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել այդ հարցը: «Այսօր ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը կողմ են այդ փոփոխությանը, բացի Հանրապետական կուսակցությունից: Ինչո՞ւ է այդպես, որովհետև խնդիրն այն է, որ վերացվելու է մեծամասնական ընտրակարգը: Իշխանությունները մեծամասնականից հրաժարվել չեն ուզում ոչ մի գնով, որովհետև դա ապահովում է իշխանությունների վերարտադրումը»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի` մի քանի էական հարց եթե չի լուծվում, ապա բոլոր շտկումները չեն կարող երաշխավորել ընտրությունների միջոցով իշխանությունների փոփոխություն, և հենց այստեղ է թաքնված շան գլուխը: Ռուստամյանի խոսքով` Հայաստանում երկու հիմնական անհերքելի փաստ գոյություն ունի` այն, որ Հայաստանում ընտրությունների միջոցով երբեք իշխանություն չի փոխվել, և որևէ ընտրական համակարգ չի կարող նորմալ համարվել, եթե չի ապահովում հիմնական խնդիրը, այսինքն` իշխանությունը չի ձևավորվում ընտրությունների միջոցով: Եվ ով այս կամ այն իրադարձությունների արդյունքում գալիս է իշխանության, նա պահպանում է իշխանությունը մինչև վերջ` մինչև քաղաքական ֆորսմաժորային իրավիճակ, սա ամենամեծ խնդիրն է:

Ըստ Արմեն Ռուստամյանի բոլոր դիտարկումները ցույց են տալիս, որ մեծամասնական ընտրակարգը գերակշիռ մասով ապահովել է իշխանության թեկնածուների ընտրությունը, և ստեղծվում է մի իրավիճակ, որ թեեւ ոչ իշխանական ուժերը համամասնական ընտրակարգով ձեռք բերված ձայների քանակով մեծամասնություն են, բայց մեծամասնություն չեն Ազգային ժողովում:

«Մեծամասնություն չենք, որովհետև 41 բոնուսային մանդատները իշխանությունն իր գրպանում միշտ ունի: Սա չի կարող ժողովրդավարական ընտրության մասին խոսել, և պարզ է, որ իշխանությունը չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է, ահա` ինչու հանրապետականները միշտ դրան դեմ կլինեն: Քանի դեռ մենք դրանից չենք հրաժարվել, չենք կարող խոսել հավասար մրցակցային պայքարի մասին: Դա նույնն է, որ երկու հոգի դուրս գան վազքուղի, մեկը ստարտից վազի, մյուսն էլ 41 մետր առաջ գնա ու այնտեղից վազի, ու տեսնենք, թե հարյուր մետրը ով կհաղթի»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Ըստ պատգամավորի` ներկայացուցչական ժողովրդավարություն այս ընտրակարգով չի կարող ապահովվել:

Ռուստամյանը նշեց, որ մեծամասնական ընտրակարգն ապահովում է իշխանությունների վերարտադրությունը` ձևավորելով կիսաֆեոդալական օկրուգներ, որոնք սեփականաշնորհված են առանձին մարդկանց կողմից: «Պատկերացնենք խորհրդարանական համակարգը, երբ չկան մեծամասնական օկրուգները, կլիներ այն, որ խորհրդարանում մեծամասնություն կկազմեին չորս կամ հինգ ուժերը, որոնք էլ կնշանակեին վարչապետ և այլն: Այնպես որ` էական բան կփոխվեր, եթե մեծամասնական ընտրակարգը չլիներ»,- ասաց նա: Անդրադառնալով հանրապետական պատգամավորների այն փաստարկին, թե համամասնական ընտրակարգը չի կարող գործել այնպիսի համակարգում, ուր կուսակցական համակարգը կայացած չէ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Էդ ո՞նց է ստացվում, որ ընդդիմությունը միշտ վատն է ու չի կայացել, իսկ իշխանությունները միշտ լավն են ու կայացած: Այդպես լինո՞ւմ է, որ այնքան լավն են, որ անընդհատ կարող են վերարտադրվել»:

Տպել Տպել