- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ-ն անձերի հետ կապված խնդիր չունի

«Հայոց Աշխարհ» թերթի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը

արմենռոս-Հնարավո՞ր է, որ ոչ իշխանական չորս ուժերը միասնական դիրքորոշում որդեգրեն կառավարության ծրագրի վերաբերյալ։

-Չեմ բացառում։ Եթե կլինի միասնական մոտեցում՝ լավ, եթե ոչ՝ ողբերգություն չեմ տեսնում, թեպետ չեմ կարծում, թե քառյակում կլինեն ուժեր, որոնք կողմ կքվեարկեն կառավարության ծրագրին։

-Կոնկրետ ձեր խմբակցությունը դե՞մ է քվեարկելու կառավարության ծրագրին, թե՞ կարող է այս անգամ էլ որոշեք չմասնակցել քվեարկությանը։

-Բոյկոտն էլ քաղաքական կեցվածք է, բայց այս դեպքում հստակ դիրքորոշում արտահայտելու խնդիր կա՝ չմասնակցելու մեջ այդ հստակ դիրքորոշումը կարող է չերեւալ։ Դրա համար որոշել ենք, որ դեմ արտահայտվելը եւ քվեարկելը ավելի ճիշտ է, եթե, իհարկե, քառյակը բոյկոտելու որոշում չկայացնի։

-Փաստորեն չեք ուզում «շանս տալ» վարչապետին՝ շտկելու իր նախորդի բացթողումները։

-Բազմիցս ասել եմ՝ մենք անձերի հետ կապված խնդիր չունենք։ Մեր դիրքորոշումը պայմանավորված է երեք հստակ չափորոշիչներով։

Առաջինը բուն կառավարության ծրագիրն է, որը մեզ չի բավարարում։ Երկրորդ չափանիշը մեր ներկայացրած առաջարկությունների ընդունելիության աստիճանն է, որը մեզ նմանապես չի բավարարում։ Երրորդը՝ վարչապետը եւ կառավարությունը պետք է քաղաքական խիզախություն ունենան գնահատական տալու նախորդ կառավարության ձախողումներին, ասելու՝ ինչն էր սխալ, եւ ինչը պետք է շտկել։
Իսկ եթե սխալներ չեն եղել, ուրեմն ինչո՞ւ կառավարությունը փոխվեց. սա մեզ համար առանցքային խնդիր է, որը չի կարող շրջանցվել։ Այս երեք չափորոշիչները հաշվի առնելով՝ Դաշնակցությունը չի կարող կողմ լինել այս ծրագրին։

-Հովիկ Աբրահամյանը քանիցս պարզաբանել է իր տեսակետը. «տեսակի» հարց է՝ նախկին պաշտոնյաներին քննադատելը չի մտնում իր սկզբունքների մեջ։

-Այդ մոտեցումը մեզ համար ընդունելի չէ։ Քաղաքականությունը պետք է տարանջատել անձնական հարաբերություններից։ Քաղաքական գնահատական չտալ՝ տնտեսությունը ինչ վիճակում է, ինչը պետք է փոխել, տնավարի, անձնական հարաբերությունների մակարդակով ասել՝ դե, նախկինների մասին կա’մ լավ, կա’մ ոչինչ, նշանակում է՝ չտեսնելու տալ նախորդ կառավարության սխալները եւ թերությունները։

Կրկնում եմ, խոսքը ոչ թե անձերի, այլ ձախողված տնտեսական քաղաքականության մասին է. ես ընդհանրապես դեմ եմ, որ որեւէ հարց անձնավորվի կամ հասցվի անձնական վիրավորանքների մակարդակի՝ մեկին վատաբանես, այդ ֆոնի վրա փորձես շահեկան լույսի տակ ներկայանալ։ Բայց քաղաքական գործիչը պարտավոր է վարվող քաղաքականությանը գնահատական տալ, իրավիճակի ճիշտ ախտաճանաչում կատարել։

-Ինչպե՞ս եք գնահատում կառավարության նոր կարգախոսը՝ «իրատեսական, խստապահանջ, ականջալուր». ներկայացված ծրագրում նոր մոտեցումներ, շեշտադրումներ չե՞ք տեսնում։

-Եթե այդ դեւիզով ենք շարժվում, ուրեմն գոնե պետք է ասվի, որ մինչեւ հիմա իրատեսական չէր, եւ խնդիր է դրված ավելի իրատեսական դարձնել կառավարության ծրագիրը։ Եթե նախագահը հայտարարում էր՝ յուրաքանչյուր կառավարություն, որը չկարողանա 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, պետք է հրաժարական տա, այսինքն՝ դա նվազագույն շեմն է, եւ հիմա իրենք այդ ցուցանիշը 5 տոկոսի են իջեցնում, ավելի ազնիվ կլիներ գալ եւ իրատեսորեն արձանագրել՝ անհրաժեշտ է բյուջեի սեկվեստր իրականացնել։ Ինչպես ժամանակին Վազգեն Սարգսյանը եկավ ու պարզ ասաց. այն բյուջեն, որը ձեզ ներկայացվել էր, չի համապատասխանում իրականությանը։ Իրատեսությունը նախ եւ առաջ դա է ենթադրում։

Կամ՝ խոսում են խստապահանջության մասին, բայց երբ ասում ենք՝ ընդդիմությանը տվեք վերահսկելու հնարավորություններ, պարզ է դառնում, որ այնքան էլ խստապահանջ չեն՝ իրենք իրենցից են ուզում խստապահանջ լինել. մարդ ինքն իրենից ինչքանո՞վ կարող է խստապահանջ լինել. կյանքը ցույց է տվել, որ մեղքը ոչ թե իր, այլ ավելի շատ ուրիշների մեջ է փնտրում։ Դա մարդու էությունից է բխում։

Մենք էլ ասում ենք՝ վերահսկողական լծակները տվեք նրան, ով այդ խստապահանջությունը կարող է իրացնել՝ ելնելով իր իսկ քաղաքական շահերից։ Այստեղ պետք է գործի շահերի առողջ բախման մեխանիզմը, հակառակ դեպքում քաղաքական համակարգը չի առողջանա։

-«Ականջալուրի» մասո՞վ ինչ կասեք. չե՞ք կարծում, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ավելի հակված է լսելու եւ հաշվի առնելու ընդդիմասխոսների տեսակետները։

-Մեր 34 առաջարկությունից ընդամենը 5-6-ն է ընդունել, այն էլ՝ մասնակի։ Ինչքանով են ականջալուր ընդդիմության ձայնին՝ դատեք ինքներդ։

Լավ, մեր առաջարկները չեն ընդունել՝ իրենց խնդիրն է, բայց հասարակությունը բազմաթիվ խնդիրներ է բարձրացնում. գոնե այդ խնդիրներին ականջալո՞ւր են։ Ի՞նչ ականջալուր, եթե հասարակության 80 տոկոսը, ինչպես իրենք են ասում, կուտակային պարտադիրին դեմ է, բայց իրենք նորից շարունակում են պարտադիր բաղադրիչը պաշտպանել։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ