- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Երկարամյա հերքումներից հետո ԱՄՆ-ում գործող հրեական կազմակերպության ղեկավարը վերջապես ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը

210909Հակազրպարտչական լիգայի Միացյալ Նահանգներում գործող գրասենյակի տնօրեն Էյբրախ Ֆոքսմանը, ով երկար տարիներ խուսափողական դիրքորոշում էր դրսեւորում Հայոց ցեղասպանության փաստի նկատմամբ, հրապարակայնորեն խոստովանել է, որ հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայում կազմակերպված սպանդը ցեղասպանություն է եղել:

«Ասպարեզի» հաղորդմամբ, տեղի ունեցածը շուրջ յոթ տարի տեւած քարոզարշավի արդյունք է, որի ընթացքում հայկական եւ հրեական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ իրավապաշտպաններ եւ պաշտոնյաներ պահանջել են, որ Հակազրպարտչական լիգան ճանաչի պատմական ճշմարտությունը:

Ելույթ ունենալով Սաֆֆոլկի համալսարանի իրավաբանական դպրոցի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը, հրեական կազմակերպության ղեկավարը, մասնավորապես, հայտարարել է. «Եթե 1915թ.-ին, երբ Հայոց ցեղասպանությունն էր իրագործվում, գտնվեին խիզախ մարդիկ, եթե միջազգային միջամտություն լիներ, երբ զանգվածային սպանություններ էին իրագործվում Կամբոջայում, Բոսնիայում եւ ցեղասպանություն` Ռուանդայում, միլիոնավոր անմեղ մարդկանց կյանք կփրկվեր»:

Ֆոքսմանի հիշյալ հայտարարությունը տրամագծորեն տարբերվում է Հակազրպարտչական լիգայի 2007թ.-ին հնչեցված հայտարարությունից, որտեղ ասվում էր, որ թուրքական կառավարության գործողություններն ընդամենը «ցեղասպանության հավասարազոր հետեւանքների» են բերել: Այդ օրվանից ի վեր իրավապաշտպանները կազմակերպությանը ցեղասպանության միանշանակ ճանաչման եւ ԱՄՆ Կոնգրեսում համապատասխան բանաձեւի ընդունման դեմ հօգուտ Թուրքիայի կառավարության կիրառվող լոբբինգի դադարեցման են մղել:

Հիշյալ առիթով Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի Մասսաչուսեթսի բաժնի ղեկավար Հերման Պուրուտյանը նշել է, որ Էյբրախ Ֆոքսմանի` հայկական սպանդի` առանց որեւէ բնութագրիչների «ցեղասպանություն» որակումը դրական փոփոխություն է ներկայացնում: «Հուսով ենք, որ Ֆոքսմանի հայտարարությունը ոչ միայն նրա անձնական, այլ նաեւ` Հակազրպարտչական լիգայի պաշտոնական դիրքորոշումն է արտահայտում: Լիգան իր պաշտոնական կայքում միանշանակ հայտարարությամբ հանդես գալով եւ ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված բանաձեւի նախագծի ընդունման նպատակով գործադրվող ջանքերին միանալու ճանապարհով պետք է հավաստի դա», – նշել է Հերման Պուրուտյանը:

Ֆոքսմանի հայտարարությունը հրեական կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին գործադրվող հարաճուն աջացությունն է արտացոլում: Բացի այդ, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվել է նաեւ Իսրայելի Կնեսետի մայիսի 13-ի հերթական նիստի ընթացքում: Ձախ կողմնորոշմամբ «Մերեց» կուսակցության` մինչեւ հաջորդ տարի` ցեղասպանության 100-ամյակը պատմական փաստը ճանաչելու առաջարկությունը հավանության է արժանացել երկրի քաղաքական ողջ ներկապնակի, այդ թվում նաեւ` իշխող, աջ կողմնորոշում ունեցող կոալիցիայի կողմից:

news.am