Հաղթել են թեկնածուների 90 տոկոսը


ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրություններում Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) պաշտպանած թեկնածուների 90 տոկոսը հաղթանակ է տարել: «Այս ընտրությունները կարևոր էին այնքանով, որ վերջին շրջանում` Օբամայի վարչակազմի քաղաքականության հետևանքով հայերի հետապնդած խնդիրները` Ցեղասպանության ճանաչում, Լեռնային Ղարաբաղի հարց, դանդաղել էին և համայնքն աջակցեց նրանց, ովքեր հայանպաստ կողմնորոշում ունեին և հակառակը` խոչընդոտեց հակահայ կեցվածքով թեկնածուների ընտրությունը` անկախ կուսակցական պատկանելությունից»,- նշեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Հայ Դատի հանձնախումբն ամիսներ շարունակ գրանցել է քվեարակողներին, իսկ քվերակության նախօրեին զանգել է հազարավոր հայերի, որ քվեարկեն նախընտրելի թեկնածուի օգտին:

ANCA-ի աջակցությունը ստացած 6 սենատորներից 5-ը հաղթանակել են ընտրություններում: Հայ համայնքն աջակցել է նաև Ներկայացուցիչների պալատի 158 թեկնածուների, նրանցից ընտրվել են 152-ը:

«Փաստորեն, ոչ միայն ընտրվել են նրանք, ովքեր աջակցություն են վայելել, այլ հնարավոր է եղել պարտության մատնել մարդկանց, ովքեր հակառակ կեցվածք էին բռնել ,- հայտնեց Կիրո Մանոյանը և հավելեց,- Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նման ընտրություններում վիճակացույց է հրապարակում, որտեղ հստակ նշվում է, թե որ թեկնածուն ինչ է խոստացել և ինչպես է քվեարկել»:

Իսկ այս ընտրությունների վիճակացույցում ցածր նիշ հավաքած թեկնածուների մեծ մասը Դեմոկրատական կուսակցությունից են, ովքեր կողմ չեն եղել Ցեղասպանության ճանաչման բանաձևին կողմ չէին եղել, հետևաբար` չեն վերընտրվել:

Ըստ Կիրո Մանոյանի` որպես համայնքի ձեռքբերում կարևորեց սենատոր Բարբարա Բոքսերի ընտրությունն ու Օհայո նահանգում հանրապետական թեկնածուի ընտրությունը: «Կարելի է ասել նաև, որ որպես նախագահ Օբամայի խոստումնադրուժ լինելու շարունակություն Հայ Դատի հանձնախումբը չպաշտպանեց դեմոկրատ թեկնածուին և ընտրվեց նրա ընդդիմադիր հանրապետական թեկնածուն»,- ասաց Կիրո Մանոյանը:

Տպել Տպել