Մեծամիտ կեցվածքը ՀՀԿ-ի մոտ վաղուց է ձեւավորվել

արծվիկՀՀԿ-ի պահվածքը, որ իրենցից լավը չկա, հիշեցնում է հայտնի թագուհու եւ հայելու հեքիաթը, իսկ բոլորս գիտենք, թե ինչ եղավ թագուհու վերջը:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով Ս. Սարգսյանի՝ ՀՀԿ համագումարում հնչեցրած այն գնահատականին, թե ոչ մի քաղաքական ուժ չի կարող ավելին անել, ինչ անում է ՀՀԿ-ն:

«Որեւէ քաղաքական ուժի նման գնահատական տալը, ի՞նչ ասել է իրենից լավը չկա… այս մեծամիտ կեցվածքը ՀՀԿ-ի մոտ ավելի վաղուց է ձեւավորվել, իրենց թվում է իրենցից լավը չկա, սա հիշեցնում է հայտնի թագուհու եւ հայելու հեքիաթը, որ ասում է՝ ինձանից լավը չկա, գեղեցիկը չկա… Մեր երկրում ողջամիտ մարդը պետք է հասկանա, որ մի կուսակցություն, որը որ ոչ հանրային վստահություն ունի, ոչ կարողություն եւ ցանկություն էլ չունի, եւ հնարավոր չէ, որ երկիրը այս վիճակից հանի:

Այդպիսի մեծամիտ պահվածքը, որ ասում են՝ մենք ենք լավը եւ այլն, կբերի ընդդիմադիր ուժերի մոտ ագրեսիվ պահվածքի դրսեւորման»:

ՀՀԿ համագումարի ժամանակ Ս. Սարգսյանը նաեւ նկատել էր, որ ընդդիմադիր ուժերի ակտիվությունը պայմանավորված է ընտրություններով:

«Ընդդիմության եւ ոչ իշխանական ուժերի միասնական հանդես գալը պայմանավորված չէ ընտրություններով, ավելին, մինչեւ 2017 թ-ի ընտրությունները շատ ջրեր են հոսելու:

Օրինակ կարեւոր փուլ է սահմանադրական բարեփոխումների փուլը, սահմանադրական փոփոխություններով պետք է ձեւավորել համակարգային փոփոխությունների հիմքերը:

Ի տարբերություն մեր մյուս գործընկերների, որ ասում են՝ բերեք սրանց հեռացնենք, հետո ձեռնամուխ լինենք, մենք ասում ենք հակառակը՝ բերեք նախ համակարգային փոփոխությունների մեխանիզմը իրականացնենք, հետո մենք կամ ձեզնից որեւէ մեկը եկավ որեւէ երաշխիք չկա, որ կգնա այդ փոփոխություններին: Դրա համար նախ անհրաժեշտ է նախագահի աթոռը փոխել: Ոչ թե փափուկ թագավորական աթոռ, այլ հակառակը՝ փայտից, չոր աթոռ պիտի լինի, կամ ժողովուրդն ասում է նաեւ տաբուրետկա, որտեղ նստողը պիտի իմանա, որ ինքը անհարմար վիճակում էլ է լինելու, աթոռը պետք է սահմանադրական փոփոխություններով ամրագրեք: Եթե չենք անում դա, ուրեմն ասում ենք հանգիստ նստեք ձեր աթոռներին, իսկ վաղը մյուս օրը թագավորական մի աթոռը կփոխարինեք մեկ այլ աթոռով, մենք հիմնարար ենք ուզում խնդիրը լուծել»:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե՝ դուք ուզում եք նախ սահմանադրական փոփոխություններ, բայց եւ կողմ եք Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջին, Ա. Մինասյանը ասաց.

«Ոչ, մենք կողմ ենք փոխելու երկրի կառավարման համակարգը ամբողջությամբ, ընտրական կարգը, որեւէ երաշխիք չկա, որ Ս. Սարգսյանը կամ ՀՀԿ-ն նորից չեն ունենա մեծամասնություն:

Մենք փոխում ենք սահմանադրությամբ նախատեսված համակարգը, երկրորդ՝ ընտրություններով համախմբվում եւ փոխում ենք այսօրվա իշխանություններին, իսկ եթե իշխանությունները գնում են այն ճանապարհով, որ նորից կեղծեն ընտրությունները, այդ ժամանակ հեղաշրջումն անխուսափելի է»:

Մեր այն նկատառմանը, թե իշխանությունները արդեն մի քանի ընտրություններ կեղծել են, միթե ՀՅԴ-ն հույս ունի, որ չեն կեղծի, կամ ինչ նպատակ ունի հնարավորություն տալը մեկ անգամ էլ կեղծելու համար, պարոն Մինասյանն ասաց.

«Այս ընտրակարգն է թույլ տալիս հեշտությամբ կեղծել, իսկ եթե մենք փոխենք ընտրակարգը, կեղծելը դժվար կամ անհնարին կլինի: Եթե փորձեն էլ կեղծել, կլինի թիրախ կամ մարմին ոչնչացնելու քաղաքական ասպարեզից»:

Մեր այն հարցին, թե ինչ հանրահավաք է հրավիրելու քառյակը, Ա. Մինասյանն ասաց.

«Հանրությանը ցույց ենք տալու եւ համախմբելու ամառային հանգստից առաջ, որ քառյակը հարցեր ունի, որոնք հասարակական համախմբման տեսակետից է հնարավոր հասնել լուծումների, օրակարգային հարցերը շատ են, բայց ճշտված չեն»:

galatv.am

Տպել Տպել