Կալիֆորնիայի Սենատը միաձայն ընդունել է բանաձև՝ բարձր գնահատելով Ամերիկյան օգնության կոմիտեի գործունեությունը Մերձավոր Արևելքում, որը 132.000 որբ երեխաների կարողացավ փրկել և հումանիտար օգնություն ցուցաբերել Հայոց ցեղասպանությունից փրկվածներին:
Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը (ANCA-WR):
«Մենք շնորհավորում ենք Սենատի ժամանակավոր նախագահ Քևին դը Լեոնին և անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում նրան AJR 41 բանաձևն ընդունելու համար»,-նշել է ANCA-WR նախագահ Նորա Հովսեփյանը:
Մասնավորապես, բանաձևը ճանաչում է Մերձավոր Արևելքում Ամերիկյան օգնության կոմիտեի գործունեությունը որպես ԱՄՆ աննախադեպ արձագանք 1915թ. Հայոց ցեղասպանությանը, երբ նախագահ Վուդրո Վիլսոնն ու Պետքարտուղարությունը Կոնգրեսի թույլտվությունը տվեցին Օսմանյան կայսրությունում հայերին ու քրիստոնյաներին փրկելու համար բարեգործական կազմակերպության ստեղծման նպատակով:
Բանաձևը նաև կոչ է անում Կալիֆորնիայի Վեհաժողովին սույն բանաձևի օրինակները ներկայացնել ԱՄՆ նախագահին ու փոխնախագահին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, փոքրամասնության առաջնորդին, ԱՄՆ Սենատի մեծամասնության ու փոքրամասնության առաջնորդներին, ինչպես նաև յուրաքանչյուր կոնգրեսականի:
«Կոմիտեի աշխատանքը Մերձավոր Արևելքում սկսեց Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն: Դա աննախադեպ հումանիտար ակցիա էր՝ կանխելու հայ բնակչության բնաջնջումը Թուրքիայում: Ամերիկացիների ջանքերի շնորհիվ, այդ թվում նաև կալիֆորնիացիների, հազարավոր որբ մնացած երեխաներ փրկվեցին: Մենք կարող ենք հպարտանալ մեր երկրի պատմության այդ փառավոր էջով և չպետք է մոռացության մատնենք այն»,-ասել է AJR 41 բանաձևի հեղինակ Յեն Կալդերոնը: