Ավստրիայի Հայ դատի հանձնախումբը կոչով է դիմել երկրի կառավարությանը`հրավիրելով նրա ուշադրությունը Սիրիայում հայերի նկատմամբ զինյալների կողմից իրականացվող գործողությունների վրա:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Սիրիայի բանակի և ընդդիմադիր ուժերի կռիվների ընթացքում մանավանդ հայ փոքրամասնությունը կրեց ծանր կորուստներ: Վերջին օրերին իրավիճակն ավելի է բարդացել, երբ «Ալ Քաիդա»-ին հարող զինյալներն աջակցություն ցուցաբերեցին ընդդիմադիր ուժերին:
Փաստերն ապացուցում են, որ արտաքին ուժերը` հատկապես Թուրքիան, աջակցում են հարձակվողներին: Վերջերս ահաբեկիչները գրավեցին հայաբնակ Քեսաբը` Թուրքիայի օժանդակությամբ, որի արդյունքում հայերն ստիպված էին տեղափոխվել Լաթաքիա: Այժմ նույն կռիվներն ընթանում են Հալեպում:
Մամուլի տեղեկությունների համաձայն`հայկական թաղամաս Նոր գյուղը անդադար ռմբակոծվում է «Ալ Քաիդա»-ին հարող զինյալների կողմից: Բնակիչների կյանքը գտնվում է վտանգի տակ, և շատերը դիմում են փախուստի դեպի Լաթաքիա, ուր արդեն Քեսաբից հաստատված մեծ թվով փախստականներ կան:
Գնահատելով իրավիճակը` Սիրիահայության շտապ օգնության և վերականգնման մարմինը Հալեպի Նոր Գյուղ թաղամասը հայտարարել է որպես աղետի գոտի:
Ավստրիայի Հայ դատի հանձնախումբը խիստ դատապարտում է շարունակվող հարձակումներն անզեն ու անմեղ բնակիչների վրա և կոչ է ուղղում Ավստրիայի կառավարությանը` դատապարտել ահաբեկիչներին: Միջազգային հանրությունը պարտավոր է ճնշում բանեցնել Թուրքիայի վրա` դադարեցնելու համար ընդդիմադիր ուժերին ցուցաբերող օժանդակությունը և զինամթերքով ապահովումը:
Ավստրիան իբրև Եվրամիության անդամ, որը հիմնված է մարդկային իրավունքների վրա, պետք է այս արժեքները ներկայացնի համայն աշխարհին: Անտարբեր քաղաքականությունը որոշիչ էր նաև վերջերս քեսաբահայության ճակատագրի համար, որն արհամարհելով զորացավ հանցագործների դիրքը»:
armenpress.am