Ինչպես չընտրվեց Լինդբլանդը-1


Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ:

-Պարոն Մանոյան, Հայ Դատի հանձնախմբերն ինչ աշխատանք էին ծավալել, որ ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող, իր հակահայ կեցվածքով հայտնի Գորան Լինդբլադը չվերընտրվի Շվեդիայի Ռիկսդագի պատգամավոր:

-Գուցե եւ ճիշտ չէ պնդել, թե հենց Հայ Դատի գրասենյակների ծավալած աշխատանքի արդյունքն է, որ Գորան Լինդբլադը չվերընտրվեց, չդարձավ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր: Միաժամանակ փաստ է, որ Գոթեբորգում մեր հանձնախմբերը ոչ միայն ջանադիր գործունեություն են ծավալել, այլեւ լոբբիստական աշխատանք են տարել նույնիսկ Շվեդիայում իշխող կոալիցիայի ամենամեծ` Չափավոր կուսակցության հետ, որի թեկնածուն ու անդամն է Լինդբլադը:

Ճիշտ է, ընտրողների 85% մասնակցությամբ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռ ամբողջապես չեն ամփոփվել, սակայն արդեն հստակ է, թե Գոթեբորգի ընտրատարածքում քվեներն ինչպես են բաժանվել: Այստեղ Չափավոր կուսակցությունը ստացել է տասը տեղից հինգը: Եթե նրանք 19 քվե ավելի ստանային, եւս մեկ տեղ կունենային խորհրդարանում: Գորան Լինդբլադը նախկին ընտրությունների ժամանակ ընտրացանկում հինգերորդն էր, իսկ հիմա յոթերորդն է:

Շվեդիայում ընտրակարգը շատ է տարբերվում մերինից: Այստեղ ընտրողը կարող է քվեարկել ոչ միայն այս կամ այն կուսակցության օգտին, այլեւ հավելյալ քվե տալ տվյալ կուսակցության այդ ընտրատարածքում առաջադրած թեկնածուներից մեկին: Հավելյալ քվեներ ստացած թեկնhttps://old.arfd.am/wp-admin/post-new.phpածուն, իր բարձր վարկանիշի շնորհիվ, փաստորեն, կարող է առաջ անցնել ընտրացանկում իրեն նախորդողներից:

Հայ Դատի հանձնախմբերի աշխատանքը հենց այն է եղել, որ Գորան Լինդբլադը հավելյալ քվեներ չստանա: Հանձնախմբերը նրան դեմ են գործել, աջակցություն ստացել Շվեդիայում բավական հզոր քրդական, ասորական, հունական համայնքներց, քանի որ այս թեկնածուն ոչ միայն հակահայկական կեցվածք ունի, այլեւ մշտապես թուրքամետ ու ադրբեջանամետ գործունեություն է ծավալել: Ակնհայտ է, որ այս ջանքերը ցանկալի արդյունք են տվել:

Աշխարհի բոլոր երկրներում Հայ Դատի հանձնախմբերը, եզակի բացառություններով, ընտրությունների ժամանակ չեն գործում այս կամ այն կուսակցության կողմ կամ դեմ, այլ կողմնորոշվում են ըստ պատգամավորի կեցվածքի:

-Պարոն Մանոյան, ինչ հանգրվանում է Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու խնդրի լուծումը:

-Բրայզան շատ վաղուց ճիգ ու ջանքեր չէր խնայում, որ տեղեկություններ տարածի, թե ինքն է լինելու Բաքվում Միացյալ Նահանգների հաջորդ դեսպանը: Տակավին այս նշանակումը տեղի չունեցավ, եւ նախորդ տարվա հուլիսից ԱՄՆ-ը Ադրբեջանում դեսպան չունի: Բրայզայի նկատմամբ վերապահում է արտահայտվել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահի եւ ԱՄՆ պետքարտուղարության Հարավային Կովկասի տարածաշրջանի պատասխանատուի:

Սենատորներն ընդգծել են, որ պաշտոնավարման շրջանում Բրայզան շատ հաճախ է եղել Թբիլիսիում, զբաղվել այս երկրի ներքին խնդիրներով, նաեւ բավական կողմնակալ դիրքորոշումներ է արտահայտել տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ: Հատկապես շեշտվել է, որ նա տարաբնույթ ու հակասական հայտարարություններ է հրապարակել Արցախի հակամարտությունը կարգավորելու ընթացքի առնչությամբ, որոնք հետո փորձել է սրբագրել: Իսկ երբ Նախիջեւանում ոչնչացվում էին հայկական խաչքարերը, նա կողմնակալ կեցվածք է ընդունել, ինչի հետեւանքով Միացյալ Նահանգները այս բարբարոսությանը չի արձագանքել ու անտարբերություն է դրսեւորել:

Մյուս ուղղությունը Բրայզայի կնոջը վերաբերող հանգամանքներն են: Մեթյու Բրայզայի կինը ազգությամբ թուրք Զեյնո Բարանն է: Նա Ադրբեջանի նախագահի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի Բաքվում լույս տեսնող ՙԱդրբեջան Ֆոկուս» միջազգային հարաբերությունների հանդեսի խմբագիրն է: Հանդեսը 2007 թվականին հիմնադրել է Իլհամ Ալիեւը, իսկ խմբագրական խորհրդում են Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը, փոխարտգործնախարար Փաշաեւը, նախագահի աշխատակազմի ղեկավար Մեհտիեւը, եւ որ հատկանշական է, նաեւ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն:

Միաժամանակ տիկին Բարան-Բրայզան ՙՀաթսն»՚ ինստիտուտի աշխատակից է, թեեւ պնդում է, թե այս հաստատության հետ այլեւս չի համագործակցում: Մինչդեռ հավաստի փաստեր կան, որոնք վկայում ու ապացուցում են, որ առնվազն մինչեւ ընթացիկ տարվա օգոստոսը նա ՙՀաթսն»-ի վերլուծաբաններից է եղել:

Ակնհայտ է, որ Զեյնո Բարանը շատ սերտ հարաբերություններ ունի ադրբեջանական ու թուրքական իշխանական վերնախավի հետ: Լսումների ժամանակ քննարկվել են նաեւ նրանց հարսանիքի հյուրերի շրջանակին առնչվող հարցեր: Հայտնի է, որ հարսանիքին մասնակցել են Թուրքիայի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, Մամեդյարովն ու ադրբեջանական էլիտայի ներկայացուցիչներ:

Մինչեւ Սենատի լիագումար նիստը Բրայզայի թեկնածությանը արտաքին հարաբերությունների հանձնաժողովը իր եզրակացությունը պետք է տա: Եթե եզրակացությունը բացասական լինի, ապա լիագումար նիստում այս հարցը օրակարգ չի մտնի: Եթե լիագումար նիստում Դեմոկրատական կուսակցության մեր բարեկամ երկու սենատորները համաձայնություն չտան, ապա հարցը ուղղակի չի քվեարկվի:

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ օրաթերթ

Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տպել Տպել