ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի հիմնադրությունը


Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո էլ հայ հասարակության գիտակցության մեջ դեռեւս ընդհանրացած չէր այն միտքը, թե հայ ժողովուրդը հավաքականորեն ոտքի պիտի կանգնի հրապարակ բերելու եւ պաշտպանելու Հայ Դատը: Հայության այն մասը, որի դավանանքն է «Խորհրդային իշխանությանը չկա փրկություն», մտածում էր ու արտահայտում, թե արտասահմանի հայությունը քաղաքական տեսակետից որեւէ անելիք չունի, թե խորհրդային իշխանությանը վերապահված են բոլոր իրավունքները եւ պարտականություն` արծարծելու եւ պաշտպանելու Հայ Դատը, եւ թե արտասահմանի հայերի կողմից որեւէ քայլ այդ ուղղությամբ պիտի նշանակի միջամտել խորհրդային իշխանության եւ Հայաստանի գործերին: Այս վերջիններն էլ առհասարակ անտեսում էին եւ մինչեւ իսկ ուրանում` Հայ Դատի գոյությունը:

Հայության մյուս մասը, ՀՅ Դաշնակցության առաջնորդությամբ, պնդում էր, թե պատերազմը եւ Միացյալ ազգերի հաղթանակը պատեհ առիթ են` արծարծելու Հայ Դատը, եւ քանի որ Հայաստանը ի վիճակի չէ իր կողմից ստանձնելու նախաձեռնությունը, արտասահմանի հայությունն ինքը, իբրեւ սեփականատեր թուրքահայ հողերի եւ ժառանգորդ Հայ Դատի, պետք է հրապարակ գա պաշտպանելու իր իրավունքները:

Այս երկու հակադիր մտայնությունների միջեւ երկար ժամանակ եւ շատ բուռն բանավեճեր տեղի ունեցան հատկապես մամուլում. ՀՅ Դաշնակցությունը գործնական քայլերի էլ դիմեց համոզելու հակառակ տեսակետ ունեցողներին` ազգային միացյալ ճակատ ստեղծել Հայ Դատի պաշտպանության համար, բայց բոլոր ճիգերը ապարդյուն անցան. Կողմերը մնացին այն տեղում, ուր էին մինչ այդ:

Այս առիթով ՀՅ Դաշնակցությունը ստիպված եղավ սեփական ուժերով նախաձեռնել Հայ Դատի արծարծման եւ պաշտպանության գործը: Դաշնակցությունն էր, որ ձեւակերպեց հայ ժողովրդի ազգային բաղձանքները միջազգային նոր պայմաններին համապատասխան եւ հրապարակ բերեց Հայ Դատի բանաձեւը` Թուրքահայ հողերի կցումը Հայաստանի Հանրապետությանը եւ տարագիր հայության վերադարձը հայրենիք:

Դաշնակցությունն էր, որ ձեռնարկեց Հայ Դատի պաշտպանության հիմնադրամի հանգանակությունը 1944-ի սկզբին, եւ հայ ժողովուրդը խանդավառությամբ արձագանքեց դրան` կարճ ժամանակում 165 000 դոլար տալով Հայ Դատի պաշտպանության համար:

Դաշնակցությունն էր, վերջապես, որ համազգային մարմին ստեղծելու նոր եւ ապարդյուն փորձերից հետո 1944-ի վերջերին կազմավորեց Հայ Դատի հանձնախումբ Նյու Յորքում` ազգային հիմքի վրա, նրան վստահելով Հայ Դատի պաշտպանության գործը:

Հայ Դատի Հանձնախումբը` Armenian National Committee, սկսեց գործել 1944 թ. դեկտեմբերին եւ առաջին իսկ նիստում ընդունեց գործունեության հետեւյալ ծրագիրը.

1. Հայ Դատ ասելով հանձնախումբը հասկանում է նախագահ Վիլսոնի սահմանագծած` թուրքահայ հողերի կցումը Խորհրդային Հայաստանին եւ տարագիր հայության վերաբնակեցումը հայկական հողերի վրա:
2. Օգտակար եւ բաղձալի համարել ազգային բոլոր ուժերի համագործակցությունը Հայ Դատի հետապնդման հարցում:

3. Եթե Խորհրդային Հայաստանի իշխանությունն ինքը ստանձնի Հայ Դատի հետապնդումը, Հայ Դատի հանձնախմբի գործը պետք է լինի աջակցել նրան:
4. Հայ Դատի հանձնախումբը պետք է Հայ Դատը ներկայացնի ամերիկյան կառավարությանը եւ հանրային կարծիքին, միջազգային հիմունքներո` նաեւ քաղաքական այն ուժերին եւ համաժողովներին, որոնք կարող են դեր ունենալ հայ Դատի լուծման հարցում:

5. Իր նպատակին հասնելու համար Հայ Դատի հանձնախումբը դիմումներ կներկայացնի ամերիկյան կառավարությանը, միջազգային խորհրդաժողովներին, կհրատարակի նյութեր Հայ Դատի մասին, կջանա մամուլով, ռադիոյով եւ այլ միջոցներով արծարծել Հայ Դատը: Բացի այս հիմնական սկզբունքներից, որոշվեցին նաեւ հանձնախմբի աշխատանքի գործնական միջոցները:

Հայ Դատի հանձնախումբը իր գրասենյակը հիմնեց Նյու Յորքում եւ 1945-ի սկզբին ձեռնարկեց իր աշխատանքները: Հայ Դատի հանձնախմբի առաջին մտահոգությունը եղավ պետություններին հիշեցնել Հայ Դատի գոյությունը եւ նրա լուծման անհրաժեշտությունը: Այդ նպատակով մարտ եւ ապրիլ ամիսներին հուշագրեր ներկայացվեցին Ամերիկայի, Անգլիայի եւ Խորհրդային Միության կառավարություններին, եւ այդ առթիվ հանձնախմբի ներկայացուցիչների կողմից տրվեցին նաեւ բացատրություններ:

Հանձնախմբի երկրորդ քայլը եղավ իր պատվիրակների միջոցով Հայ Դատը ներկայացնել Միացյալ ազգերի Սան Ֆրանցիսկոյի մխորհրդաժողովին: Հուլիսի 7-ին հանձնախումբը խորհրդաժողովին եւ մասնակից բոլոր պատվիրակություններին տվեց մի ընդարձակ եւ հիմնավորված հուշագիր, որ համակրական ընդունելություն գտավ նաեւ խորհրդաժողովի շրջանակներում, ինչպես եւ լայն արձագանք գտավ ամերիկյան եւ միջազգային մամուլում: Հայ Դատի հանձնախումբը Սան Ֆրանցիսկոյում ունեցավ նաեւ ռադիոժամ Հայ Դատի մասին, որ նույնպես ջերմ արձագանք գտավ:

Մեկ ամիս անց` հունիսի 8-ին, Ամերիկահայ ազգային խորհուրդը եւս` Ռամկավար Ազատական, Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան եւ Հայ Բոլշեւիկյան կազմակերպությունների միությունը, իր կողմից հուշագիր տվեց Սան Ֆրանցիսկոյի խորհրդաժողովին` կրկնելով նույն պահանջները, ինչ որ Հայ Դատի հանձնախումբն էր ներկայացրել:

Սան Ֆրանցիսկոյի խորհրդաժողովին ներկայացված պահանջները հետզհետե յուրացվեցին նաեւ այլ երկրներում ապրող հայկական զանգվածների կողմից: Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունը եւս իրենց ձայնը միացրին արտասահմանի հայության ձայնին: Էջմիածնի Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորներն էլ հաստատեցին ազգային միահամուռ կամքը Հայ Դատի մասին: Վերջապես, Ամենայն հայոց Կաթողիկոսը` Երեք Մեծերին դիմելով, եւ Հայաստանի կոմունիստական կուսակցության քարտուղար Գ. Հարությունյանը` ճառով, նվիրագործեցին հայության պահանջների համազգային բնույթը:

Այսպիսով, այն գործը, որը ձեռնարկեց Հայ Դատի հանձնախումբը Սան Ֆրանցիսկոյի խորհրդաժողովին ներկայացված իր պատմական հուշագրով, եւ որին այնպես կուրորեն ընդդիմացան որոշ տարրեր, ի վերջո յուրացվեց ամբողջ ազգի կողմից եւ դարձավ համազգային քաղաքական պլատֆորմ Հայաստանի եւ արտասահմանի հայկական բոլոր խավերի
համար:

Հայ Դատի հանձնախումբը, հակառակ իր դեմ հարուցված անհարկի դժվարություններին, աներեր շարունակեց իր աշխատանքները նախանշված ուղիով: Այն հուշագրեր ներկայացրեց Պոտսդամի խորհրդաժողովին, Լոնդոնի եւ Մոսկվայի երեք նախարարների ժողովներին, Միացյալ ազգերի Լոնդոնի ժողովին, ամերիկյան արտաքին գերատեսչությանը եւ այլն: Կուբայի իր մասնաճյուղի միջոցով Հայ Դատի հանձնախումբը հուշագրեր ներկայացրեց Լատինական Ամերիկայի 20 հանրապետությունների կառավարություններին, իր ներկայացուցիչների միջոցով աշխատանքներ կատարեց Փարիզի Խաղաղության ժողովում: Եվ ընդհանրապես, ի նպաստ Հայ Դատի, դիմումներ ներկայացրեց ամեն տեղ, ուր հնարավոր էր:

Բացի քաղաքական այս քայլերից, Հայ Դատի հանձնախումբը ջանաց հանրային միտքը եւս լուսաբանել Հայ Դատի մասին` լինի մամուլով, ռադիոյով, հրապարակային ժողովներով կամ այլ միջոցներով, զարկ տվեց անգլերեն լեզվով հրատարակություններին` մինչեւ այժմ տպելով եւ հազարավոր անձանց, հաստատությունների, թերթերի, ռադիոկայանների եւ պետական գործիչների ուղարկելով հետեւյալ հրատարակությունները`

1 . A Memorandum Relating to the Armenian
Question.
2. The Frontier between Armenia and Turkey
as Decided by President W. W i l s o n .
3 . A n I n q u i r y i n t o t h e P a t t e r n o f Turkish
Nationalism, by V. Kalendarian.
4 . The Return by the Turu, by Charles F.G.
Masterman.
5. Memorandum to the Council of Foreign
Ministers at London.
6. An Appeal to the Government of the United
S t a t e s o f America.
7 . Te l e g r a m t o t h e S e c r e t a r y o f S t a t e .
8. Հաղորդագրութիւն Հայ Դատի յանձնախումբ ի:
9 . I Ask You, Ladies and Gentlemen, by
Leon Surmalian.
10. What do the Armenians Want? by James
Mandalian.
11 . A r m e n i a n B u l l e t i n – 8 թ ի ւ :

Այս բոլոր հրատարակությունները կարելի
է ստանալ Հայ Դատի հանձնախմբի գրասենյակից,
որի հասցեն է`

Armenian National Committee
11 W. 4 2 n d S t . , N e w Yo r k 1 8 , N . Y.
Phone: Chickering 4-7712

«ՀԱՅՐԵՆԻՔ» ՏԱՐԵԳԻՐՔ 1947թ.
ՍԻՄՈՆ ՎՐԱՑՅԱՆ.

Տպել Տպել