Հինգ հայեր կյանքով պահանջեցին միլիոնավորների դատը


Լիսաբոնի հինգ նահատակի հիշատակին այսօր Երեւանի չորս եկեղեցիներում ՀՅԴ Հայաստանի երիտասարադական միության նախաձեռնությամբ կատարվել է հոգեհանգի կարգ: 1983-ին, առավոտյան լիբանանահայ երիտասարդների հինգ հոգանոց մի խումբ մտավ Պորտուգալիայում Թուրքիայի դեսպանատան տարածք: Որոշ ժամանակ պահելով ոստիկանական ուժերով շրջապատված շենքը` նրանք պայթեցրեցին այն` ածխակույտի վերածելով նաեւ իրենց: Հայերի Ցեղասպանության ուրացման դեմ արշավի մաս հանդիսացած այս արարքի հեղինակների հիշատակին հոգեհանգստի ծեսը կատարվում է նաեւ Հայրենիքում: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության վարչության անդամ Սասուն Սարգսյանի խոսքով, ժամանակն է, որ Հայաստանի ժողովուրդն էլ ճանաչի իր հինգ մարտիկին: Նրանց արարքն այսօր ունի անձնազոհության ավելի մեծ խորհուրդ, քանի որ մեր երիտասարդությունը կանգնած է ինքնաճանաչման խնդրի առջեւ:

Ովքեր էին նրանք, այդ հինգ երիտասարդներն, ովքեր 1983-ի հուլիսի 27-ին Լիսաբոնում ինքնազոհաբերմամբ բարձրաձայնեցին Հայերի Ցեղասպանության ուրացման մասին: Այդ արարքը ցնցել է շատերին, օտարազգիներին մղել է ուսումնասիրելու, հասկանալու Ցեղասպանություն վերապրած ժողովրդի դատը: Մոխրացած երիտասարդ նահատակներ, որոնք դարձան հայ ժողովրդի անունից դատախազներ, մարդկային մեծ դատում: Դատ, որտեղ անպայման լինելու է հաղթանակ եւ արդար վճռահատում: «Մենք հայ ժողովրդի զավակներն ենք: Բռնամիջոցների դիմելու մեր որոշումը հետեւանք է թուրք պետության եւ նրան պաշտպանող ուժերի մերժումի դեմ` ընթացք տալու հայ ժողովրդի արդար եւ խաղաղասեր պահանջներին»:

Նման հայտարարություն տարածելով միջազգային լրատվամիջոցներին, դարասկզբի Ցեղասպանության հետեւանքով հայրենիքից հեռու` Լիբանանում ծնված հինգ հայ երիտասարդներ` Սեդրակը, Վաչեն, Արան, Սարգիսը եւ Սիմոնը, որոնցից ավագի տարիքը միայն 24 էր, 1983-ի հուլիսի 27-ին Պորտուգալիայի մայրաքաղաքում գրավեցին թուրքական դեսպանատունը եւ որոշ ժամանակ անց պայթեցրին այն` ածխակույտի վերածելով նաեւ իրենց: Լիսաբոնում նահատակված հայ երիտասարդների անձնասպանությունը գագաթնակետն էր տասնամյա այն պայքարի, որ միջազգային ու հայրենական գլխագրերում բնորոշվում է «Նորագույն զինյալ պայքար», «հայկական դիմադրական շարժում», «հեղափոխական պայքար», օտարների կողմից նաեւ հայկական ահաբեկչություն: Իրականում դա Հայոց Ցեղասպանության ուրացման դեմ արշավի մի հատվածն էր, որ սկիզբ էր առել 1975-ի հոկտեմբերին, երբ Ավստրիայում, ապա նաեւ` Ֆրանսիայում ահաբեկվեցին այդ երկրներում Թուրքիայի դեսպանները:

Ցեղասպանության ճանաչման պայքարում զենք վերցրած հայ երիտասարդ սերնդին առաջնորդում էր նոր մոտեցում: Աշխարհն անընդունակ է ընկալել հայության քաղաքական խաղաղ պահանջները: «Ես բնական մահով չպիտի մեռնիմ, զոհը պիտի չլինեմ ճակատագրի խաղերի: Ես հայ դատի զինվոր եմ, կեանքս պիտի զոհեմ այդ ճամբին վրայ»: Այս խոսքերը ասել է Վաչե Տաղլեանը` Լիբանանցի հինգ երիտասարդներից ամենակրտսերը: Տասնամյակներ հայերը սպասեցին, որ միջազգային արդարությունը լուծի Հայկական հարցը: Բայց շոշափելի ո’չ մեկ արդյունք: Մեր դատի շուրջ բարձրացված լռության պատը անխորտակելի էր:

Լռության պատը խորտակեցին աշխարհի տարբեր մայրցամաքներում, տարբեր երկրներում ծնված եւ մեծացած, տարբեր հոգեկերտվածքով հայ երիտասարդները: Աշխարհի տարբեր մայրցամաքներում, տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում ծնված եւ մեծացած, տարբեր հոգեկերտվածքով հայ երիտասարդները նախնիների ողբերգության մասին բարձրաձայնեցին նույն կերպ ցուցական ակտերով: Նրանց գործողություններն ուղղված էին մեկ ու կես միլիոն հայի կյանք խլած եւ Ցեղասպանությունը ուրացող թուրքական պետության, եւ ոչ թե խաղաղ ժողովրդի դեմ:1975-ին Վիեննայում սկսված հայկական նորագույն զինյալ պայքարը, սակայն, այդ շրջանին հատուկ մյուս շարժումներին հակառակ, չվերածվեց ինքնանպատակ գործողության: Ու այն պահին, երբ աշխարհում Ցեղասպանության փաստը այլեւս դարձել էր քաղաքական ձեւակերպում, բանաձեւեր` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնախմբում կամ Եվրախորհրդարանում, դադարեց գործել: Մնացին միայն շիրիմներ Բեյրութում, ուր թաղված են Լիսաբոնի գործողության հինգ հայ տղաները, Բուրգասում, ուր իրեն պայթեցրեց անանուն հայորդին, Պոլսում, ուր թաղեցին կախաղան բարձրացված հայ մարտիկին:

Տպել Տպել