ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ վաղը մեկնարկելիք Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված կլինի նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի լրամշակված տարբերակը:
Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը Կառավարության հեղինակած բարեփոխումների փաթեթը հակասահմանադրական են որակում:
Օրենքի բարեփոխման անհրաժեշտությունը, հիշեցնենք, առաջացավ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով մի շարք կետեր, այդ թվում նախկին օրենքի հիմնաքարը հանդիսացող պարտադիր բաղադրիչը, հակասահմանադրական ճանաչվեցին:
Կառավարության նոր մշակումներով` պարտադիր վճարներին փոխարինելու է սոցիալական վճարը: Կառավարությունը մտադիր է այս փոփոխությունն ընդունել մինչև հուլիսի 1-ը, որովհետև ընդդիմադիրների ձեռքի տակ հայտնված մշակումներում պետական հիմնարկների աշխատակիցների համար այդ օրվանից սոցիալական վճարը պարտադիր է դառնում:
Մասնավոր հիմնարկներում զբաղվածների համար Կառավարությունը հետաձգել է սոցիալական վճարի մուծումը մինչև 2017 թվականի հունվարի 1-ը:
Փաստորեն, պետական հատվածն արդեն մի քանի օրից, ըստ Կառավարության նախնական մտադրության, դառնալու է նոր մշակման անմիջական մասնակիցը:
«Փաստորեն եկամուտների նվազեցում չի լինի: 38 միլիարդ նախատեսված է աշխատավարձերի բարձրացման համար: Այդտեղից սոցիալական վճարների ձևով որպես հարկ պետք է մուծումները կատարվեն: Մասնավոր սեկտորի համար տրված է հնարավորություն, որ նա կատարի իր ընտրությունը երեք տարի ժամանակում: Եթե նրանք կցանկանան այդ ընթացքում մասնակցել, կարող են մասնակցել»:
Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) «Ազատության» հետ զրույցում ասաց. – «Սկզբունքորեն դեմ ենք այս սցենարին, որովհետև այս սցենարը ոչ միայն արդեն վերահաստատված հակասահմանադրական նորմի կրկնությունն է, այլ նաև չի լուծում կենսաթոշակային համակարգի առջև ծառացած հիմնախնդիրը»:
Քառյակի քննադատությունն այս հարցում միանշանակ չէ: «Բարգավաճ Հայաստան»-ը դեռ չի միացել դրան. խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանի փոխանցմամբ` խմբակցության նիստը երեկոյան 7-ից հետո է նախատեսված:
azatutyun.am