«Սա քաղաքական պայքար է. կա ընդդիմություն, կա իշխանություն, և ամեն մեկն օգտվում է իր գործիքակազմից»:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` մեկնաբանելով քառյակի գործողությունները` ԱԺ արտահերթ նիստի ժամանակ:
Պատգամավորը նշեց, որ բոյկոտի դիմել են այն պատճառով, որը դեռ նախօրեին հնչեցրել էին` ընդդիմադիր պատգամավորները չեն հասցրել ծանոթանալ կառավարության կողմից խորհրդարանին ներկայացրած նախագծերին, որոնց քննարկումներին էլ նվիրված է այս արտահերթ նստաշրջանը:
Ինչ վերաբերում է ամենակարևոր հարցին` կառավարության մշակած «կուտակային» նոր օրենքին, ապա Ա.Վարդանյանը նշեց, որ նախագծում քառյակի համար անընդունելի շատ դրույթներ կան. «Նոր կառավարությունը ծրագրի ներկայացման ժամանակ պաշտոնապես Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ կգտնեն այնպիսի լուծումներ, որոնք հանրության մեծ մասի համար ընդունելի կլինի: Ասել էին՝ մենք քննարկումներ կկազմակերպենք և քաղաքական ուժերի, և հանրության հետ, որպեսզի գտնեն այնպիսի մոդել, որը մեծ մասը կընդունի: Բայց կառավարությունը խստումը չկատարեց»:
Դաշնակցական պատգամավորը հավելեց, որ կառավարությունն ընդդիմությունից խնդրել էր մասնագետներ տրամադրել, ստեղծել աշխատանքային խումբ և ՀՅԴ-ն չորս հոգի էր ներկայացրել, բայց աշխատանքային խումբ չձևավորվեց, որևէ համատեղ աշխատանք ու քննարկում այդպես էլ չեղավ:
«Ուղղակի վերջին օրերին կառավարությունը մեզ հրավիրեց ու տեղեկացրեց իրենց սցենարի մասին»,- ավելացրեց նա ու նշեց, թե սա նշանակում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի «պարտադիր, բայց ոչ պարտադրված» թևավոր արտահայտությունը իրականում դառնալու է «պարտադիր և պարտադրված»:
Իսկ այդ մոտեցումը, ըստ նրա, ուղղակի անընդունելի է: Եվ որ ամենակարևորն է ` քառյակի համար անընդունելի է, որ նմանօրինակ օրինագիծն առանց քննարկման բերվել է Ազգային Ժողով:
panorama.am