«Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում Ազգային ժողովի ղեկավարությունը բազմիցս խախտեց Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը՝ սահմանափակելով խմբակցությունների և անհատ պատգամավորների իրավունքները: Կառավարության կողմից հրավիրված արտահերթ այս նստաշրջանի ընթացքում ոչ իշխանական քաղաքական ուժերը փորձեցին կասեցնել մեծամասնության անօրինական քայլերը, առանց հանձնաժողովների հավանության, առանց հանրային քննակումների՝ խախտելով իրավական բոլոր ընթացակարգերը խորհրդարանի պարտադրեց վավերացնելու մի շարք վիճահարույց օրինագծեր: Արտահերթ նստաշրջանի այս փաթեթում ընդգրկված էր նաև ժողովրդի գերակշիռ մեծամասնության և քաղաքական ուժերի կողմից մերժված «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրինագիծը, որը փորձ արվեց անցկացնել Իրավական ակտերի մասին օրենքի, ինչպես նաև Ազգային ժողով կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումներով: Նման գործելաոճը թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումով հեղինակազրկում է օրենսդիր մամինը, ինչը լրջորեն խարխլում է մեր պետականության հիմքերը: Ոչ իշխանական ուժերը հայտարարում են, որ կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական քննարկումն ու քվեարկությունը անվավեր են, մենք դատապարտում ենք քաղաքական մեծամասնության այսօրինակ գործելաոճը և հայտարարում, որ հասարակության հետ խտրականորեն շարունակելու ենք պայքարել սահմանադրական դատարանի որոշման ամբողջական կիրառման համար», – հայտարարության այս տեքստն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեցին ԱԺ ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները.
«Ես ձեզ ցանկանում եմ տեղեկացնել, որ գոնե մեր խմբակցությունում մտադրություն կա և առաջիկայում շատ արագ կկողմնորոշվենք ու կներկայացնենք քառյակին, որ մենք արդեն կարող ենք դիմել Սահմանդարական դատարան և’ այսօր ընդունվելիք օրենքի սահամանդրականությունը վիճարկելու առումով, և’ նաև օրենքը բերելու, ԱԺ կանոնակարգը խախտելու հիմքերով: Սա մեր առաջիկա քայլերն են, և մենք կքննարկենք դրանք ու կներակայացնենք քառյակին»,- ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Աղվան Վարդանյանը նշել է, որ քառյակով հավաքվել են, խորհրդակցել ու ընդունել համատեղ հայտարարություն կուտակայինի քվերակության առնչությամբ:
«Ես կարծում եմ մենք իրավունք կունենանք դիմելու Սահմանադրական դատարան՝ և՛ կուտակայինի վերաբերյալ օրենքի, և՛ ԱԺ կանոնակարգի խախտումների հետ կապված»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ սա դեռ միայն իրենց խմբակցության դիրքորոշումն է, որը քննարկվելու է քառյակի մյուս ուժերի հետ:
Նրա բնորոշմամբ՝ ԱԺ մեծամասնությունն անցնում է կացնային մեթոդների՝ խախտելով օրենքները:
Ըստ Վարդանյանի՝ այն, ինչ արել է նոր կառավարությունը, իրականում փորձ է հանրության մի մասին լռեցնել, բայց շատ ավելի մեծ է լինելու հիասթափությունը: «Մեր երկիրն այսօր ունենալով և՛ ներքին, և՛ արտաքին բարդագույն հիմնախնդիրներ, քաղաքական իշխանությունը ոչ թե փորձում է համախմբել հասարակությանը, միասին լուծումներ գտնել, գնում են այս ճանապարհով: Ի վերջո, ժամանակի պատմության առաջ պատասխանատու ենք լինելու բոլորս: Սա անպատասխանատու վերաբերմունք է պետության և հանրության առջև.ցանում են հանրապետական գործելաոճ, և հնձելու են ոչինչ»:
Ոչ իշխանական ուժերը տեղեկացրել են նաեւ, որ այսօրվա նիստի շարունակությանը չեն մասնակցելու: