Հակահայ կեցվածքով շվեդ պատգամավորը չընտրվեց


Հայ Դատի հանձնախումբը աշխատել է նրա չվերընտրվելու օգտի: Շուտով կհրապարակվեն սեպտեմբերի 19-ին Շվեդիայում կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Նախնական տվյալներով, Գյոթեբորգ քաղաքից Չափավոր (Moderate) կուսակցության թեկնածու, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մինչ այդ Շվեդիայի պատվիրակության անդամ, հակահայ կեցվածքով հայտնի շվեդ պատգամավոր, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը չի վերընտրվել: Թեեւ իր ընտրատարածքում իր կուսակցության քվեների թիվն ու տոկոսը ավելացել են, Լինդբլադը ոչ միայն չի վերընտրվել, այլեւ հանդիսանում է երկրորդ փոխանդամ. այսինքն` վերընտրվելու համար, անհրաժեշտ է, որ իր ընտրատարածքից ընտրված իր կուսակիցներից առնվազն երկուսը հրաժարվեն:

Գորան Լինդբլադի չվերընտրվելու օգտին հատուկ աշխատանք է տարել Հայ Դատի հանձնախումբը, կապ հաստատելով եւ գործակցելով Գյոթեբորգ քաղաքի տարբեր (ներառյալ չափավոր) կուսակցությունների եւ համայնքների հետ: Հայ Դատի հանձնախումբը, հաշվի առնելով Շվեդիայի ընտրական համակարգի առանձնահատկությունները, իր աշխատանքը կենտրոնացրել է հատկապես Լինդբլադի չընտրվելու եւ ոչ թե` իր պատկանած կուսակցության քվեները պակասացնելու վրա:

Միաժամանակ, Հայ Դատի հանձնախումբը աջակցել է Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Աննելի Էնոքսոնի վերընտրությանը, որովհետեւ նա հակառակ իր կուսակցության պաշտոնական կեցվածքին, 2010թ. մարտի 11-ին, Շվեդիայի խորհրդարանում կողմ քվեարկեց Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւին: Նախնական տվյալներով, Էնոքսոնը վերընտրվել է:

Հայ Դատի հանձնախումբը գործակցել է նաեւ ի նպաստ Սոցիալ-դեմոկրատական եւ Ձախ կուսակցություններին պատկանող մի շարք թեկնածուների ընտրության:

Տպել Տպել