Բարաք Օբամայի դիրքորոշումները չեն համընկնում Վաշինգտոնի դասական մոտեցումներին


«Դեմոկրատական կուսակցության ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բարաք Օբամայի` Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ խոստումները, ի տարբերություն նախորդ թեկնածուների, ավելի համոզիչ են: Վերջինս հրապարակավ վերահաստատել է Ցեղասպանությունը ճանաչելու կարեւորությունը: Նա նաեւ Սենատի քննարկումների ժամանակ, որպես սենատոր, գրավոր հարցում է հասցեագրել որպես դեսպան առաջադրված թեկնածուին, գործադիրին էլ կոչ է արել վերաճանաչել Հայոց Ցեղասպանության փաստը»,- այս շաբաթ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Կ. Մանոյանը միաժամանակ նկատել է, որ չնայած քաղաքականության մեջ երաշխիքները բավական դժվար բաներ են, բայց Օբամայի նախկին գործունեությունը հույս է ներշնչում, որ նրա վերաբերմունքն այդ հարցին կտարբերվի ամերիկյան իշխանությունների` մինչ այժմ դրսեւորած կեցվածքից:

Ինչպես եւ սպասվում էր, թուրքերը չեն կարող հանգիստ նստել, երբ աշխարհի գերհզոր պետության ապագա հավանական նախագահը նման հայտարարություններ է անում, եւ, Կ.Մանոյանի խոսքով, թուրքերը հանդիպումներ են ունեցել Օբամայի խորհրդականների հետ:

Թուրքերին խորհրդականները խորհուրդ են տվել մտածել երկրորդ ծրագրի մասին, որը նրանց պետք կգա Հայոց Ցեղասպանության խնդրի ճանաչման դեմ պայքարում, որովհետեւ Օբամայի ընտրվելու դեպքում ճանաչվելու է Ցեղասպանությունը, եթե մինչեւ իր նախագահ ընտրվելը ԱՄՆ Կոնգրեսը դա չանի: «ԱՄՆ նախագահի նախկին թեկնածուներից ոչ մեկն այնքան հետեւողական չի եղել: Նա հանձնառու է նաեւ ԼՂ-ի հարցի արդար սկզբունքների հիման վրա կարգավորման եւ Հայաստանի հետ հարաբերությունները սերտացնելու հարցերում»,- հայտարարել է Կ. Մանոյանը:

Նա նկատել է մի հանգամանք, որ Օբամայի դիրքորոշումներն այլ հարցերում եւս չեն համընկնում Վաշինգտոնի դասական մոտեցումներին, այլ հիմնված են ԱՄՆ հասարակական կարծիքի վրա: Օրինակ` Օբաման կողմնակից է Իրանի հետ երկխոսություն սկսելուն, ինչը տարբերվում է ԱՄՆ ներկայիս դիրքորոշումից եւ, ըստ էության, աննախադեպ մոտեցում է:

Նույն հանդիպման ժամանակ Կ. Մանոյանը անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հրավիրած լսումներին:

Նա տեղեկացրել է, որ լսումները կարեւոր էին այն առումով, որ մի քանի կոնգրեսականներ այս քննարկումների օրակարգ են մտցրել Թուրքիայի եւ Արդբեջանի կողմից Հայաստանը շրջափակելու, Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու եւ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հարցեր: Ի դեպ, Կ.Մանոյանի կարծիքով` մինչեւ Ադրբեջանում եւ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ավարտը ԼՂ-ի հարցի կարգավորման շուրջ բանակցություններում ոչ մի նորություն չի արձանագրվի:

Նա հատկանշական է համարել այն, որ լսումներին հաջորդել են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան նշանակելու շուրջ քննարկումները Սենատում, եւ այդ ընթացքում նույնպես քննարկվել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հարցը: «Այդ լսումները կարեւոր էին այն առումով, որ Ամերիկայի օրենսդիրները շահագրգռված են Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների սերտացմամբ ոչ միայն միջպետական, այլ նաեւ Հայաստանի նկատմամբ հարեւանների կեցվածքների առնչությամբ: Հայաստանի նորանշանակ դեսպանի մասին լսումները եւս ցույց տվեցին, որ ԱՄՆ պետքարտուղարությունում սկսել է ձեւավորվել մի մոտեցում, համաձայն որի` հնարավոր չէ Հայաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ, եթե շարունակվում է Ամերիկայի գործադիրի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու մերժման քաղաքականությունը»,- հայտարարել է Կ. Մանոյանը:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ 1609 բանաձեւին եւ մինչ հունիսի 25-ը ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քննարկումներին, Կ. Մանոյանն ասել է, որ ԵԽԽՎ ոչ բոլոր կետերն են իրագործվել, եւ պահանջների իրագործումը դեռ Հայաստանը կշարունակի: Նրա խոսքով` այդ բանաձեւը ԵԽԽՎ-ն կօգտագործի նաեւ Հայաստանի նկատմամբ ճնշումը շարունակելու համար, սակայն Հայաստանին ձայնի իրավունքից չի զրկի:

«Սակայն ինչ էլ որ լինի, ԵԽԽՎ տված գնահատականը որոշ չափով քաղաքական տրամադրություններ կկանխորոշի Հայաստանում: Եթե ընդդիմության կեցվածքը միշտ պետք է իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ դնելը լինի, պարզ է, որ դա կազդի Հայաստանի միջազգային հեղինակության վրա, եւ երկխոսություն չի կայանա, ինչը պահանջում է 1609 բանաձեւը»,- ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը:

Տպել Տպել