Շուտ, թե՝ ուշ ԱՄՆ-ը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը


Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի երեւանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ:

-Պարոն Մանոյան, թուրք-քրդական վերջին լարվածությունը, ըստ ձեզ, ինչո՞վ է բացատրվում։ Հատկապես Դիարբեքիրում տեղի ունեցած խոշոր բախումները։ Կարելի՞ է ասել, որ քրդերը վերսկսել են զինյալ պայքարը։

-Ոչ միայն Դիարբեքիրում, Տիգրանակերտում են եղել նման միջադեպեր, այլեւ Արեւմտյան Հայաստանի տարածքի տարբեր հատվածներում, իսկ վերջին օրերին նաեւ Ստամբուլում։ Սա ցույց է տալիս, որ քրդական ուժերը դարձյալ ստիպված են զենք վերցնել Թուրքիայի դեմ իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Այս հանգամանքը կարելի է գնահատել իբրեւ տիրող մթնոլորտի շատ բնորոշիչ ախտանիշ, որովհետեւ հատկապես այդ շրջաններում թուրքական զինված ուժերն են որոշում քաղաքականությունը։ Վանում էլ է եղել նման միջադեպ, դատական գործ էր հարուցվել բարձրաստիճան սպաներից մեկի նկատմամբ, սակայն բանակի ճնշման հետեւանքով այդ գործը կոծկվել էր։ Նկատի ունենանք, որ այս ամենը փաստորեն տեղի է ունենում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների խորապատկերի վրա։

-Օջալանի ձերբակալությունից հետո սա թուրք-քրդական հարաբերությունների առաջին սրացումն է։ Ստացվում է, որ Օջալանին պատանդ պահելը դադարե՞լ է քրդերին զսպող գործոն լինելուց։

-Իսկապես Աբդուլա Օջալանի ձերբակալությունից հետո քրդական շարժման մեջ որոշակի տեղատվություն եղավ։ ՔԲԿ-ն հռչակեց զինադադար եւ հայտարարեց, որ հրաժարվում է զինյալ պայքարից։ Սակայն անցյալ տարի եղավ ճիշտ հակառակ հայտարարությունը, որովհետեւ թուրքական իշխանություններն ուժեղացրին ճնշումը քրդերի վրա։ Ըստ էության քրդերին այլ միջոց չի մնացել իրենց իրավունքները պաշտպանելու այսօրվա Թուրքիայի պայմաններում։ Թեպետ քրդական շրջանակներում էլ կան տարբեր մոտեցումներ Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու վերաբերյալ, սակայն այսօրվա իրավիճակը նրանց այլընտրանք չի թողնում։ Այստեղ պետք է նկատի ունենալ, որ Իրաքում քրդերի ձեռք բերած հաջողությունները նույնպես իրենց ազդեցությունն ունեն։ Չի կարելի բացառել, որ Թուրքիայում քրդական շարժման նոր ծավալումը նաեւ այդ ձեռքբերումներից է ներշնչված։ Պատահական չէ, որ Թուրքիան միշտ դեմ էր հանդես գալիս Իրաքում քրդերին ինքնավարություն տրամադրելուն, նկատի ունենալով, որ այդ արտոնությունները ժամանակի ընթացքում կարող են ավելի մեծանալ։

-Թուրքիայում այսպիսի ներքին իրավիճակի առաջացումը կարո՞ղ է նպաստել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի խթանմանը։ Որովհետեւ այսպիսով ակնհայտ է դառնում, որ Թուրքիայի ներսում այսօր էլ մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ կան։

-Ուղղակիորեն նման պնդումը, կարծում եմ, ճիշտ չէ։ Որովհետեւ այս գործընթացների հետեւանքով չի բացառվում, որ Թուրքիան կրկին շեղվի Եվրամիությանն անդամակցելու ուղուց եւ գնա կոշտ միջոցներով քրդական շարժումը ճնշելու ճանապարհով։ Այդ դեպքում նրա վրա ազդելու մեր լծակները կնվազեն։ Այդ դեպքում մենք կկանգնենք մեր աշխատանքները վերակազմավորելու հրամայականի առջեւ։ Այս իրավիճակը մեզ համար դրական է այն տեսանկյունից, որ ճնշում է ապահովում Թուրքիայի վրա՝ Եվրամիության առջեւ ստանձնած պարտավորությունները կատարելու առումով։ Սակայն Հայաստանը պետք է պատրաստ լինի իրավիճակի զարգացման ցանկացած տարբերակի։ Նաեւ առիթի դեպքում մեր խնդիրները ավելի շեշտադրված բարձրացնելու եւ լուծելու հնարավորությանը։

-Պարոն Մանոյան, շուտով ապրիլի 24-ն է։ Ի՞նչ միջոցառումներ է նախատեսում Հայ Դատի գրասենյակը Սփյուռքում։

-Բոլոր այն միջոցառումները, որ ավանդաբար իրականացվում են Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը մեր գրասենյակների եւ այլ սփյուռքյան կազմակերպությունների նախաձեռնությամբ, կանցկացվեն նաեւ այս տարի։ Մասնավորապես տեղի կունենան ցույցեր եւ երթեր ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կանադայում, մի շարք այլ երկրներում՝ թուրքական դեսպանատների առջեւ։ Մերձավոր արեւելքում քաղաքական պայմանները այսօր քիչ այլ են, սակայն ոգեկոչման միջոցառումներ այնտեղի համայնքներում էլ կանցկացվեն։ Երկրորդ կարեւոր խնդիրը, որի ուղղությամբ աշխատում է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը, Կոնգրեսի շենքում ոգեկոչման ավանդական միջոցառման անցկացումն է, որ այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին։ Ներկա կլինեն ինչպես ԱՄՆ Սենատի, այնպես էլ Ներկայացուցիչների պալատի անդամներ, Միացյալ Նահանգներում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

-Ո՞րն է լինելու այս տարի Ցեղասպանության խնդրի հետ կապված առանձնահատուկ շեշտադրումը։

-Ամենակարեւորը Թուրքիայի պատասխանատվությունն արձանագրելն է։ Որովհետեւ արդեն բազմաթիվ երկրներ են ճանաչել Ցեղասպանության փաստը, եւ այսօրվա Թուրքիայի՝ իր նախնիների գործած հանցանքի պատասխանատվության խնդիրն է, որ պիտի բերվի առաջին պլան։ Ոչ միայն ճանաչել Ցեղասպանության փաստը, այլեւ ընդունել սեփական պատասխանատվությունը Եղեռնի իրագործման մեջ, եւ հայ ժողովրդին փոխհատուցել իր կորուստները։

-Ինչպիսի՞ն է մեզ աջակցող ուժերի հարաբերակցությունը Կոնգրեսի երկու պալատներում։

-Աշխատանքները բնականաբար շարունակվում են, եւ Սենատում 100-ից 30 սենատորներ աջակցում են հայկական կազմակերպությունների կողմից դեռ նախորդ տարի առաջարկված բանաձեւի ընդունմանը։ Ներկայացուցիչների պալատում եւս մոտ 100 կոնգրեսականներ կան, ովքեր հստակ են դիրքորոշված հարցի վերաբերյալ, սակայն մեր կողմնակիցների թիվը նրանցով չի սահմանափակվում։ Քիչ չեն այն կոնգրեսականները, որոնք բացահայտ դիրքորոշում չեն արտահայտել, քանի դեռ հարցը չի դրվել քննարկման Ներկայացուցիչների պալատի օրակարգում։ Սակայն առաջադրվելու դեպքում նրանք էլ կաջակցեն։ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին հարցի ներկայացումը վերապահված է պալատի նախագահին։ Կարծում եմ՝ իրենք էլ գիտեն, որ առաջադրվելու դեպքում գրեթե հաստատապես մեր կողմից առաջարկված բանաձեւը կհաստատվի, դրա համար էլ չի առաջարկվում։ Հակառակ դեպքում, եթե վստահ լինեին տապալման մեջ, կառաջադրեին եւ կտապալեին։

-Այսպիսով, 2006-ին ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ամեն դեպքում քիչ հավանակա՞ն է։

-Ո՛չ։ Այստեղ պետք է հստակեցնենք, որ ԱՄՆ Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը 1975, 1984 թվականներին ընդունված բանաձեւերով ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ համապատասխան բնորոշումը ամրագրված է բանաձեւի մեջ։ Այսօր հայկական կազմակերպությունների կողմից առաջարկված բանաձեւը ենթադրում է այդ ճանաչման վերահաստատում, եւ որպեսզի դա օրենքի ուժ ստանա՝ ստորագրվելով ԱՄՆ նախագահի կողմից։ 1996-ին էլ անուղղակիորեն եղել է հղում ցեղասպանության հարցին, երբ 3 մլն դոլարով կրճատվեց Թուրքիային հատկացվող արտաքին օգնությունը այն պատճառաբանությամբ, որ ճիշտ այդքան գումար վերջինս տարեկան ծախսում է Ցեղասպանությունը հերքելու նպատակով։ Իսկ ԱՄՆ նախագահներից Ռոնալդ Ռեյգանը 1915-ի իրադարձությունների վերաբերյալ օգտագործել է □ցեղասպանություն□ բնորոշումը, սակայն ոչ ապրիլի 24-ին, այլ ընդհանրապես ցեղասպանությունների վերաբերյալ ելույթ ունենալիս։

ԴԱՐՁԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐ

«Արդեն իսկ բազմաթիվ սենատորներ եւ կոնգրեսականներ նամակներ են հղել ԱՄՆ նախագահին, որպեսզի ապրիլի 24-ի իր ելույթում «ցեղասպանություն» բնորոշումը օգտագործվի։ Չնայած միաժամանակ նկատի ունենանք, որ Ջ.Բուշի նախկին հայտարարությունների մեջ օգտագործված ձեւակերպումները միանգամայն համահունչ են «ցեղասպանություն» բնորոշմանը։ Որովհետեւ նախորդ տարիներին Միացյալ Նահանգների նախագահը նշել է, թե տեղի ունեցածը կազմակերպված բնաջնջում էր։ Ուղղակի զուտ □ցեղասպանություն□ բառի գործածումը դարձել է քաղաքական խնդիր եւ դրա համար էլ հետաձգվում է»,-«Հայոց Աշխարհ»-ի թղթակցին ասաց Կիրո Մանոյանը։.

ԴՐԱՆ ՄԵՆՔ ԴԵՄ ԵՆՔ

Ըստ Կիրո Մանոյանի. «Մի շատ կարեւոր հանգամանք կա, որ բոլորս միասին պետք է նկատի ունենանք եւ միասնական լինենք, շեշտելու Թուրքիայի պատասխանատվության հարցը եւ փոխհատուցման հարցը։ Որովհետեւ Եվրոպայում այսօր ճիգեր է արվում այն ուղղությամբ, թե Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի Թուրքիայի կողմից, սակայն ճանաչումից զատ, այլ հետեւանքներ չպիտի ունենա։ Դրան մենք դեմ ենք։ Որովհետեւ սա մեզ համար քաղաքական խնդիր է, անվտանգության խնդիր։ Խոսքը միայն փաստի ճանաչման մասին չէ, այլ նաեւ պատասխանատվության եւ փոխհատուցման։ Այնպես, ինչպես վարվեց Գերմանիայի խորհրդարանը, երբ 2005թ. իր հայտարարությամբ ոչ միայն փաստը արձանագրեց, այլեւ ճանաչեց սեփական մեղսակցության չափը եւ կոչ արեց Թուրքիային նույնը անել։ Եվրոպական հասարակական կարծիքի մեջ այս մոտեցումը կարող է աջակցություն ստանալ, որովհետեւ Թուրքիան այսօր այնքան էլ հաջողությամբ չի կատարում Եվրամիության անդամակցության հետ կապված իր պարտավորությունները, որ ստանձնել է եվրոպական համայնքի առջեւ»։

Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Տպել Տպել