Օրեր առաջ Բաքվում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ Հայաստանից մասնակցում էին պատվիրակության երեք անդամներ՝
ՀՅԴ Աղվան Վարդանյան, ՀՀԿ -ից Արտաշես Գեղամյանը եւ ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը:
Աղվան Վարդանյանը բավականին հաջողված է համարում վեհաժողովի աշխատանքը այն իմաստով, որ հայկական պատվիրակության գրեթե բոլոր առաջարկները քննարկելուն մեծամասամբ կողմ են քվեարկել, բացի մեկից, ինչն էլ ցուցադրական բնույթ է կրել: «Խոսքը վերաբերում էր մարդու իրավունքներին, եւ Հելսինկյան եզրափակիչ ակտից մի շարք դրույթներ ֆիքսված էին կետերից մեկում, այնտեղ խոսք չկար տարածքային ամբողջականության մասին, սահմանների անխախտելիության մասին, բայց քանի որ հարցը վերաբերում էր մարդու իրավունքներին, մենք առաջարկել էինք, որպեսզի արձանագրվի Հելսինկյան եզրափակիչ ակտի այն դրույթը, որը խոսում էր մարդու ազատության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի մասին, եւ հետաքրքիր է, որ մեզ համար նույնիսկ անսպասելի էր, երբ այդ հարցը դրվեց քվեարկության, Ադրբեջանը դեմ արտահայտվեց, նախագահողներն առաջին քվեարկությամբ չկարողացան կողմնորոշվել՝ մեծամասնությունը հավաքել է, թե չէ»:
Հարցը երկրորդ անգամ է դրվել քվեարկության, 22 դեմ, 20 կողմ ձայներով բանաձեւը չի անցել քննարկման. «Բայց սա ցուցադրական էր, որովհետեւ երկրների մեծ մասն Ուկրաինայի դեպքերից հետո ավելի հակված են դիրքորոշումներ չպաշտպանել: Քաղաքական կոմիտեի բանաձեւի մեջ արձանագրված էր միայն սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության սկզբունքը, մեր առաջարկությունը, որ ներկայացրել էինք, ընդունվեց, որ սա ամենակարեւորն էր»:
Փոխարենն ընդունվել են բազմաթիվ բանաձեւեր, որոնք Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, քաղբանտարկյալների հարցերի շուրջ Ադրբեջանին խստորեն քննադատել են, անկախ նրանից, որ վեհաժողովն անցկացվել է Բաքվում:
Ինչ վերաբերում է այնտեղ Արտաշես Գեղամյանի հայտարարությանը, ապա Աղվան Վարդանյանը նման բան չէր անի, իսկ դա չի եղել վեհաժողովի, այլ առանձին հարցազրույցների ժամանակ:
«Իմ խորին համոզմամբ, դա պարոն Գեղամյանի անձնական տեսակետն է, ես նման բան չէի անի, բայց մենք պատգամավորներ ենք, ամեն մեկն ազատ է իր դիրքորոշումն արտահայտելու, ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանը մտնի, դա Ադրբեջանի խնդիրն է, դա ԵՏՄ խնդիրն է, եւ մեր ցանկություններով չպետք է այդտեղ առաջնորդվել, մտածել, որ դրանով մենք Ղարաբաղի հարցն ավելի հեշտ ենք լուծելու, ես դրա հետ համաձայն չեմ, որովհետեւ հստակ հայտարարվել է, որ ԼՂ հարցի քննարկման հարթակը ոչ թե ԵՏՄ-ն է, այլ հայտնի ԵԱՀԿ Մինսկի խումբն է՝ իր նախագահներով, իր առաջարկություններով, բայց պարոն Գեղամյանը ազատ է իր տեսակետներն արտահայտելու, եւ ես մտածում եմ, ենթադրում եմ, պատկերացնում եմ, համոզված եմ, որ սա ՀՀ պաշտոնական դիրքորոշումը չէ»,- նշեց Աղվան Վարդանյանը:
Իսկ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն այս հարցում կարող է արտահայտել նախագահը կամ արտգործնախարարությունը:
Նշում է. «Իհարկե ես մյուս հարցազրույցը չեմ կարդացել, պարոն Գեղամյանն ասում է, որ այլ կերպ է ասել եւ առաջարկել, որ ԼՂ-ն էլ, որպես միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ, ինքը եւս մտնի, բայց սրանք էլ այլ հարթության խոսակցություններ են, ակնհայտ է, որ այսօր ԼՂ միջազգային իրավունքի սուբյեկտ չէ, չի մտնում ԵՏՄ մեջ, կապերը թեական են, որոնք ինձ համար որքան որ անհասկանալի են, նույնքան ընկալելի են որպես անհատի, անձի, պատգամավորի տեսակետներ»:
Ինչ վերաբերում է դրան հաջորդած Արտաշես Գեղամյանի հարցազրույցին, Աղվան Վարդանյանի տպավորությունները բացասական են. բացատրում է՝ ինչու. «Այնպիսի տպավորություն ստացա, որ պարոն Գեղամյանը գնացել է Բաքու եւ սխրանքներ է գործել եւ մեծ հաջողություններ է արձանագրել: Կարծում եմ՝ սա սովորական տարեկան նստաշրջան էր, եւ այնպիսի տպավորություն էր, որ պարոն Գեղամյանը մենակ է գնացել, այլ պատգամավորներ չեն եղել, բայց ամեն մարդ ինքն է որոշում իր ասելիքը, իր ազատ իրավունքն է»:
Ինչ վերաբերում է ԵՏՄ Հայաստանի անդամակցության գործընթացի ձգձգումներին ու իրարամերժ հայտարարություններին, Աղվան Վարդանյանը մանրամասնել չի փորձում՝ նշելով, որ պատճառը ինֆորմացիայի պակասն է. «Աստանայում ՀՀ նախագահն ասաց, որ 2-3 տեխնիկական հարցեր են մնացել լուծելու, որոնք ընդամենը 2-3 օր են պահանջում, նախ այդ հարցերը կլուծվեն, եւ առաջարկեց մյուս երեք երկրներին, որ ժամկետ սահմանվի հունիսի 15-ը, նրանից հետո Ղազախստանի նախագահն ասաց, որ հուլիսի մեկը սահմանենք ժամկետ այդ հարցերը կարգավորելու, այլ բան, որ երկու նախագահները տարբեր ժամկետներ ասացին, հիմա հուլիսի մեկն էլ է անցել, եւ մենք ժամկետների հստակություն դեռ չունենք, խնդիրների, պրոբլեմների առումով: Սա ինձ համար մեր պետության վարկին հարվածող դրվագ է: Բայց չեմ բացառում, որ կան օբյեկտիվ խնդիրներ»:
Արդյո՞ք իրական պատճառները քաղաքական են, ոչ թե տնտեսական, այս հարցում եւս գնահատականներ տալ չի փորձում. «Եթե կլինի այդ առումով ինֆորմացիա, կկարողանանք գնահատական տալ, բայց ակնհայտ է, որ ժամկետներ կային գոնե նախանշված, հայտարարված, այդ ժամկետները չեն պահպանվում, եւ ինչ խնդիրների մասին է խոսքը, ես չեմ ուզում զուտ ենթադրություններով գնահատականներ տալ»:
Վարդուհի Արզումանյան
galatv.am