- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Դիանա Աբգարի ավանդը հայաճանաչման գործում անգնահատելի է (1854 – 1937)

Diana_AbgarԴիանա Աբգար. այս անունն այսօր քչերը գիտեն: Հայուհին, որի իսկական անունն Անահիտ էր, իսկ օրիորդական ազգանունն Աղաբեկյան, 1920թ-ին Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպանն էր Ճապոնիայում եւ Հեռավոր Արեւելքում:

Թեեւ աշխարհի առաջին կին դեսպան ընդունված է համարել Ալեքսանդրա Կոլոնտային, ով 1923 թվականից 1952 թվականը եղել է ԽՍՀՄ դեսպանը Նորվեգիայում, Մեքսիկայում եւ Շվեդիայում, բայց դա այնքան էլ այդպես չէ: Իրականում սա 20-րդ դարում եզակի դեպք էր. այդ շրջանում շատ երկրներում կանայք անգամ ընտրելու իրավունք չունեին, իսկ Հայաստանը կանանց տվեց ընտրելու եւ հանրային կառույցներում ընտրվելու իրավունք:

Անգնահատելի է Դիանա Աբգարի ավանդը հայաճանաչման գործում. այդ է վկայում այն փաստը, որ նրա դեսպան նշանակվելուց հետո Ճապոնիան դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին եւ տարիներին Դիանա Աբգարը հանդես է եկել հայ ժողովրդին նվիրված դասախոսություններով եւ հոդվածներով, ինչպես նաեւ հրատարակել է անգլերեն գրքեր, որոնց թվում են «Ճշմարտությունը հայության ջարդերի մասին», «Հայկական հարցը», «Դավաճանված Հայաստան»:

Նրա աշխատություններն ու գրքերը, անշուշտ, կատարել են իրենց առաքելությունը` ճապոնական հասարակությանը ծանոթացնելով Հայոց ցեղասպանությանն ու հայ ժողովրդին: Այս մասին է վկայում 1919-ին լույս տեսած թուրքական «Թասֆիր» թերթը:

Թուրքական թերթն աշխարհի չորս կողմերից ի վնաս հայերի տարբեր փաստեր էր հավաքում: Հարցման ընթացքում թուրքերը Կ. Պոլսում գտնվող մի ճապոնացու են հանդիպել: Վերջինս լավատեղյակ էր Ցեղասպանությանն ու ծանոթ Հայկական հարցին:

Ճապոնացին մեղադրել է թուրքերին ու խորհուրդ տվել հնարավորին չափով հարմարվել իրենց երկրում ապրող ոչ իսլամ տարրերի հետ, հակառակ դեպքում, կարժանանան Եվրոպայի կշտամբանքին: Դիվանագետը լավատեղյակ էր ինչպես հայ ժողովրդի ծանր վիճակի, այնպես էլ եվրոպական երկրներից տրվող օգնության պակասի մասին:

Ճապոնացի ուսումնասիրող Հիդեհարու Նակաջիմայի խոսքերով` Դիանա Աբգարը, 46 տարի ապրելով հեռավոր Ճապոնիայում, միակ հայ կինն էր, որը լիովին տիրապետում էր միջազգային իրավիճակին:

Դիանա Աղաբեկի Աբգարը մահացել է 1937 թվականի հուլիսի 8-ին` Յոկոհամայում: Նրա աճյունն ամփոփվել է տեղի օտարերկրացիների գերեզմանատանն` ամուսնու շիրիմի կողքին:

Այսօր Աբգարի շիրիմը գտնվում է Տոկիոյում գործող ճապոնա-հայկական բարեկամության խմբի հոգածության տակ: