- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ազգային պետական վիճակախաղ ծրագիրը հաջող ընթացք ու լավ արդյունքներ ունի

arturԱնցած տարի մեկնարկած Ազգային պետական վիճակախաղ ծրագիրը բավականին հաջող ընթացք ու լավ արդյունքներ ունի: 2013 թ-ին իրացվել է 260 000-ից ավելի վիճակախաղի տոմս, եղել է 340-ից ավել շահում: Որպես շահում տրամադրվող գորգերն արդեն գտել են իրենց տերերերին, իսկ Քաշաթաղի շրջանի Իշխանաձորում այսօր կառուցվում է 10 առանձնատուն:

Այս տվյալները Nyut.am-ի թղթակցին տրամադրեց ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Փոխվարչապետը մեզ ներկայացրեց Ազգային պետական վիճակախաղի նպատակները, ընթացքն ու ձեռքբերումները:

«Ազգային պետական վիճակախաղը երկու ռազմավարական ծրագրի իրականացման նպատակ ունի: Առաջինն` աշխատատեղերի ստեղծումն է: Մենք այս նախաձեռնությամբ խրախուսում ենք արցախյան այն արտադրությունները, որոնք մշակույթի մաս են կազմում և կարող են դառնալ շահումային ֆոնդի իրեր` մասնավորապես արցախյան գորգերը կամ թթի օղու տակառը: Դրանով խրախուսում ենք և՛ տեղական արտադրությունը, և՛ մշակութային արժեքները, և՛ աշխատատեղերի ստեղծումը: Ազգային պետական վիճակախաղի միայն առաջին խաղարկությամբ գորգագործության բնագավառում 2013 թվականին ստեղծվել է 146 աշխատատեղ: Երկրորդ ռազմավարական ծրագիրը, որ կյանքի ենք կոչում` վերաբնակեցման կարևոր ծրագիրն է: Այդ մեծ, պատասխանատու գործի մեջ վիճակախաղը ստանձնել է գյուղեր ընտրելու, այնտեղ առանձնատներ կառուցելու պատասխանատվություն:

Նպատակն է` ունենալ համայնքներ, որտեղ կապրի 1000 և ավելի բնակիչ: Վիճակախաղի օրենքով վիճակախաղում ձևավորված ռեսուրսի` իրացված տոմսերից եկած գումարի առնվազն 50%-ը պետք է հանդիսանա շահումային ֆոնդ, իսկ մնացած 50%-ը` այլ ծախսեր: Ազգային պետական վիճակախաղը մեծ ծախսեր չունի, մենք ընդամենը ունենք 10% միջնորդավճար այն առանձին անհատների կամ իրավաբանական անձերի համար, որոնք իրացնում են մեր տոմսերը, և մի քանի տոկոս կազմակերպչական ծախսեր: Մնացած գումարը պետական բյուջե է մուտքագրվում և ուղղվում վերաբնակեցման ծախսերին:

2014 թ.-ի նախաձեռնությունն արդեն կյանքի է կոչվել, այսօր Հայմամուլում իրացվում են վիճակախաղի տոմսերը, իսկ խաղարկությունը կկայանա այս տարվա դեկտեմբերի 28-ին `Արցախի համար խորհրդանշական օր` Առաջին գերագույն խորհրդի ընտրությունների օրը: Այն շրջանառության է դրվել մեկ այլ խորհրդանշական օր` Մայիսի 9-ին:

Հավաքված գումարով նորից շարունակելու ենք Իշխանաձորում առանձնատների կառուցումը: Մեկ վիճակախաղի տոմսն արժե 2000 դրամ: Այսինքն` փոքր ներդրմամբ կոլեկտիվ պատասխանատվության ենք հրավիրում մեր հայրենակիցներին: Մարդը, ձեռք բերելով վիճակախաղի տոմս, իր մասնակցություն է ունենում և՛ վերաբնակեցմանը, և՛ մշակութային արժեքների պահպանմանը»,-մեզ է ներկայացնում Արթուր Աղաբեկյանը:

Սառա Գալստյան

nyut.am