- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

1904 հուլիսի 11. Մոսուն-Զորի արշավանքը

Գայլ Վահանը ընկերների հետ

Գայլ Վահանը ընկերների հետ

Սասունի մարտական ուժերը համալրելու նպատակով 1898 թ. 2-րդ Ընդհանուր ժողովից հետո մինչև 1904թ. հոկտեմբերը, Հ.Յ. Դաշնակցության կողմից Երկիր ուղարկած մարտական ու զինատար խմբերը, բացառությամբ Թորգոմի «Մրրիկ» զինատար հեծելախմբի, բախվելով թուրքական զորամասերի ու քրդական հրոսակախմբերի, ինչպես նաև ռուսական սահմանապահ ուժերի դիմադրությանը` ջախջախվել կամ մատնվելով անհաջողության` վերադարձել են Կարսի ու Սալմաստի շրջաններ: Հայդուկային խմբերի անհաջողությունները թելադրում էին, որ անհրաժեշտ է փոխել Երկրին զինական օգնություն ցույց տալու մարտավարությունը և մարտական ուժերը ուղարկել ոչ թե հավանական կործանման, այլ ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք, ի վերջո, կունենային շոշափելի արդյունք և դրական ազդեցություն կգործեին ազատագրական պայքարի հետագա ընթացքի վրա: Առաջնորդվելով այդ նկատառումներով՝ ՀՅԴ Երևանի «Մրգաստան» կենտրոնական կոմիտեն հրաժարվում է մարտական և զինատար խմբեր Երկիր ուղարկելու նախկին մարտավարությունից և որոշում է իր իսկ միջոցներով կազմակերպած մարտական ուժերով ձեռնարկել բնույթով պատժիչ հարձակողական արշավանք և հարձակվել ու ոչնչացնել սահմանամերձ շրջաններում կառուցված Մոսուն-Զորի թուրքական զորանոցներն ու այնտեղ գտնվող զինվորներին: Արշավանքը կենսագործելու նպատակով ՀՅԴ Երևանի «Մրգաստան» կենտր. կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվում են մարտական երկու խմբեր՝ բաբերդցի խմբապետ Միհրանի ու Գայլ Վահանի գլխավորությամբ:

Եթե ավելի որոշակիացնենք, ապա կարելի է նշել, որ «Մոսուն-Զորի արշավանք» անվանումը ստացած մարտական գործողությունը հետապնդում էր հետևյալ նպատակները.

1. Որևէ գաղտնիք լինել չէր կարող, որ համանման ձեռնարկումները, նույնպես չէին կարող կանխել Սասունի վրա ծառացած մահացու սպառնալիքը: Պատմական տվյալ ժամանակահատվածում ապստամբության կազմակերպման շարժառիթների ու մանրամասների ուսումնասիրությունը հիմք է տալիս պնդելու` արշավանքի կազմակերպիչները հույսեր են փայփայել, որ եթե ինքնապաշտպանական ուժերը համալրվեին, և զուգահեռաբար հայդուկային խմբերի ուժերով ձեռնակվեին հարձակողական գործողություններ, թեկուզև կայսրության սահմանամերձ տարածքներում, ապա կարելի կլիներ երկարատև դիմադրել թշնամու հարձակումներին ու ժամանակ շահել: Կազմակերպիչների համոզմամբ` աղմկահարույց գործողությունների արձագանքներով կարելի էր գրավել եվրոպական տերությունների ուշադրությունը և այն բևեռելով Հայկական հարցի ու Արևմտահայաստանում կատարվող դեպքերի վրա՝ հասնել հայանպաստ արդյունքի:

2. Արշավախմբի կազմակերպիչների գնահատմամբ` սահմանամերձ շրջաններում իրականացվող գործողություններով հնարավոր էր թուրք իշխանությունների ուշադրությունը շեղել Երկրի ներսում տեղի ունեցող իրադարձություններից և դրանով իսկ ինչ-որ չափով օգնություն ցուցաբերել ու թեթևացնել Սասունի դրությունը:

3. Համաձայն «Դրօշակ»-ի, ՀՅԴ Երևանի «Մրգաստան» կենտրոնական կոմիտեն այդ արշավանքը ձեռնարկել է, որպեսզի Ալաշկերտի Ուչքիլիսե, Ղումլիպուճախ և Ղարաբազար գյուղերի բնակիչներին պաշտպանի քրդերի և թուրք զինվորների հարձակումներից:

Արշավախումբը պետք է հարձակվեր Բագրևանդ գավառի երեք գյուղերի՝ Սբ. Հովհաննու վանքի մերձակայքում գտնվող Ուչքիլիսեի և Ղումլիպուճախի՝ համապատասխանաբար 50 և 30 զինվոր ունեցող զորանոցների և Մոսունի 150 զինվոր ունեցող զորանոցի վրա: Այդ ժամանակ թուրք իշխանությունները ոչ միայն ավելի են շատացնում սահմանապահ զորքերի քանակը, այլև մեկ անգամ ևս ներխուժում են հայկական գյուղեր. «…այդ շրջանի հայկական մի գծի վրայ – կողք կողքի ընկած հինգ գիւղեր – Ղումլիպուճախ՝ 40 տուն, Իւչքիլիսէ: Արշավախումբը բաղկացած էր 102 մարտիկներից, որոնցից «Բերդան» և «Մոսին» տիպի հրացաններով զինված են եղել միայն 85-ը, իսկ մնացած 17-ը, որոնք մարտախմբերի բեռնակիր-շալակավորներ էին, զինված են եղել ատրճանակներով ու դաշույններով: Գայլ Վահանի գլխավորած «Մասիս» խմբի կազմում եղել են 37 մարտիկներ, որոնցից 9 շալակավոր, 1 բժիշկ: «Արտավազդ» խումբը, որի հրամանատարն էր բաբերդցի խմբապետ Միհրանը, բաղկացած էր 65 մարտիկներից, 16 շալակավորներից և 1 բժշկից:

Հետաքրքիր վիճակագրական տվյալներ են պահպանվել արշավախմբի մասնակիցների տարիքի, գրաճանաչության, սոցիալական վիճակի վերաբերյալ: Արշավախմբի 102 անդամներից.

«78 զինվոր՝ 20-ից մինչեւ 30 տարեկան

18 -ը՝ 30-ից վեր

4 -ը՝ 40-ից վեր, 2 -ը 50 տարեկան:

… Ամենամէծ տոկոսը՝ 37%-ը, այն է՝ 38 հոգի, 20-25 տարեկան էին, որոնցից 12-ը՝ ճիշտ 20 տարեկան, իսկ 13-ը՝ 21 տարեկան…

… 102 հոգուց 18-ը ամուսնացած էին, իսկ 84-ը ամուրի…»:

Այս նույն հոդվածից պարզվում է, որ «Կարդալ- գրել իմացողների թիւը խմբի մէջ հաշւըված էր 43, որ կազմում է 42%…

…102 զինւորներից 44-ը պատկանում են երկրագործ դասակարգին, 16-ը պարապում էին զանազան արհեստներով, 10-ը՝ խոհարար, ծառայ եւ նման աշխատաւորներեն, իսկ 3-ը՝ անյայտ պարապմունքի տէր մարդիկ…

…102 զինւորներից 71-ը ռուսահպատակ հայեր էին եւ 31-ը տաճկահպատակ: 102 զինւորներից 20-ը՝ նախկին կռիւների մէջ եղած, իսկ 32-ը՝ նոր մարդիկ էին…»:24-15-1-1-227x300

Արշավախումբը հուլիսի 11-ին հասնում է Մասիսի փեշերը եզրափակող Չնգլներ կոչվող բարձունքների վրա: Նույն օրը Զինվորական խորհուրդը որոշում է. Գայլ Վահանի մարտախումբը պիտի հարձակվեր Մոսունի թուրքական զորանոցի, իսկ Միհրանի մարտախումբը՝ Զորի պահականոցի և ցեղապետ Ուսուբ բեկի գլխավորած քրդական ջելալցիների աշիրեթի 60 վրանների վրա: Այդ օրերին Մոսունում գտնվող զինվորների թիվը գրեթե կրկնապատկվել էր, և զորանոցը պաշտպանող անձնակազմի թվաքանակը հասել էր 300-ի: Գյուղացիների պատմածներից պարզվում է նաև, որ «…այստեղ էր գտնւում այն օրը Բայազէտից Ուչքիլիսա գնացած օգնութիւնը դէպքերի առթիւ 200 ձիաւոր, որոնք միւս օրը պէտք է գնային: Մոսունի դէպքի առթիւ մնացին»:

Բացի զորանոցում ու պահականոցում տեղաբաշխվածներից, այդ պահին զինվորներ են եղել նաև մերձակա հայկական գյուղերում: Կռվի ժամանակ զորանոցում գտնվող հակառակորդի մարտաշարքերը կարող էին համալրել այդ գյուղերում գտնվող թուրք զինվորներն ու քուրդ զինյալները, որոնք կռվի որոտը լսելուն պես կարող էին ցանկացած պահի հարվածել հայ մարտիկների թիկունքին: Ահա նաև այս վտանգի իրողությունը հաշվի առնելով, կարելի է պնդել, որ Մոսունի զորանոցի վրա գրոհող Գայլ Վահանի մարտախումբն արդեն հարկադրված էր կատարել առավել դժվարին առաջադրանք և գործել կրկնապատկված ծանրաբեռնվածությամբ:

Թուրքական զորանոցի վրա ձեռնարկած հարձակումը հայ մարտիկները կարողանում են իրականացնել համաձայն վաղօրոք մշակած ծրագրի, հակառակորդի համար անսպասելի, մեծ ուժգնությամբ ու սրընթաց: Շրջապատման մեջ հայտնված թուրքերին այլ ելք չէր մնում. նրանք պետք է կամ անձնատուր լինեին, որը հավասարազոր էր ստույգ մահվան, որովհետև շատ լավ գիտակցում էին, որ հայ վրիժառուները գերի չէին վերցնելու, կամ փորձեին դուրս գալ զորանոցից: Հակառակ պարագայում եթե նրանք փորձեին պատսպարվել զորանոցի պատերի հետևում, ապա հայ մարտիկները կարող էին հրդեհել զորանոցը: Թուրքերը փորձում են դուրս գալ զորանոցից, սակայն հետևում են հայ մարտիկների համազարկերը, և գնդակահար «…աջ ու ձախ թափթփուեցին գալարուող դիակները»:

Պաշարվածների մի մասը, այնուամենայնիվ, կարողանում է դուրս գալ զորանոցից և փորձում ճեղքել պաշարման շղթան: Դուրս են գալիս նաև վրանների մեջ գտնվող թուրք զինվորները և շրջանցելով պարիսպները՝ կրակ են տեղում հայ մարտիկների վրա: Շրջապատելով թուրքերին՝ հայ մարտիկներն ահավոր ջարդ են տալիս թուրք զինվորներին: «Երկու ժամ գրեթէ շարունակ անընդհատ տեղացող հրացանների եւ ռումբերի կրակից յետոյ տիրեց մի գերեզմանային լռութիւն. զօրանոցում այլեւս կենդանի մարդ չէր մնացել. թուրքերից շատ քչերը միայն յաջողել էին զօրանոցի ետեւի մի փոքրիկ դռնակից դուրս պրծնել եւ գիւղի մէջ պատսպարանք գտնել»: Մոսունում ընթացող կռիվները դրանով չեն ավարտվում: Թուրք իշխանությունները դեռևս այս դեպքերի նախօրեին, պատրվակ ծառայեցնելով հայ հեղափոխական կազմակերպությունների հարձակումների սպառնալիքը, գյուղում յուրաքանչյուր հայ ընտանիքում տեղավորել էին 2-3 թուրք զինվորների: Նույն օրը, երբ հայ մարտիկները պայթեցնում են զորանոցն ու ոչնչացնում այնտեղ գտնվող թուրքերին, հայ գյուղացիները գալիս և հայ մարտիկներին հայտնում են, «…որ իրենց տների մէջ կան գիշերող զինուորներ, որոնք, ըստ սովորութեան, անարգել են հայի ընտանեկան սրբութիւնը…»: Գայլ Վահանը մարտախումբն առաջնորդում է Մոսուն և գյուղացիների աջակցությամբ կարողանում են գտնել ու ոչնչացնել տներում թաքնված թուրք զինվորների մեծ մասին:

Խմբապետ Միհրանի մարտախումբը հարձակվելու էր Զորի թուրքական պահականոցի և Ուսուբ բեկի վրանների վրա: Որպեսզի հարձակումն առավելագույն արդյունավետությամբ ընթանար, մարտախմբի հրամանատարությունը հաշվի է առնում Զոր գյուղի պահականոցի ու քուրդ աշիրեթի վրանների տեղաբաշխման կառուցվածքն ու յուրահատկությունները և ըստ այդմ մշակում հարձակման պլանը: Քանի որ պահականոցը գտնվում էր ձորակի մեջ, իսկ վրանները՝ սարալանջերի վրա, մարտախմբի հրամանատարությունը որոշում է նախ և առաջ կտրել դրանք կապող միակ ուղին՝ ձորի ճանապարհը, և նրանց ջախջախել առանձին-առանձին: Նման մարտավարությամբ հնարավորություն կտար հաջողությամբ կատարելու մարտական առաջադրանքն ու նախատեսված ժամանակին՝ ցերեկվա ժամը 12-ին, պայմանավորված վայրում՝ Չնգլների բարձունքներում միանալ Գայլ Վահանի խմբին: Միհրանի մարտախմբի տասնյակները պիտի գրավեին նախանշված դիրքերը և սպասեին Մոսունի ուղղությունից տրվող ազդանշանին: Լսելով զորանոցում պայթող ռումբերի որոտը՝ խմբապետ Միհրանի մարտախմբի տասնյակները սկսում են գրոհը: Ընդամենը երկու ժամ է տևել ձորակում ընթացող կռիվը: Թուրքական զորանոցը, պահակակետն ու քուրդ աշիրեթապետ Ուսուբ բեկի ցեղախումբը իսպառ ոչնչացված էին: Որքան էլ հայ մարտիկները գործեին զգուշությամբ ու արագորեն, այնուամենայնիվ, հնարավոր չէր թուրքական սահմանապահ զորամասերի և քրդական ցեղախմբերի ուշադրությունից կոծկել Մոսունում և Զորում ընթացող գործողությունները:

Նախօրեի հաղթանակից հետո ֆիդայիների համար առանձնապես որևէ դժվարություն չէր անմիջապես հեռանալ մարտադաշտից, խույս տալ հակառակորդի հետ ընդհարվելուց և բարձրանալ լեռան բարձունքները: Կասկած լինել չէր կարող, որ թուրքերն ու քրդերը, տեսնելով իրենց արյունակիցների կոտորածը, անպայման կդիմեին փոխվրեժի և կկոտորեին Մոսունի և նրա մերձակայքում գտնվող Քորունի հայ բնակչությանը: Այդ իրավիճակում հայ մարտիկների գլխավոր խնդիրը դառնում է հայ բնակչության անվտանգության ապահովումը: Գաղթականությանը թուրք զինվորներից և քուրդ հրոսակախմբերից պաշտպանելու համար Գայլ Վահանը առանձնացնում է երկու տասնյակ:

Նույն օրը՝ ժամը 12-ին, համաձայն նախնական պայմանավորվածության, երկու մարտախմբերը պետք է հանդիպեին Չնգլների բարձունքներում: Բայց Գայլ Վահանի մարտիկները, համառ կռիվներ մղելով և գաղթականությանը պաշտպանելով, մի փոքր ավելի ուշ են հասնում նախանշված վայրը: Միհրանի մարտախումբը նույն օրն առավոտյան գրոհի է ենթարկվում թուրքերի ու քրդերի կողմից: Այդ խմբի վիճակը, քանի որ չկային գաղթող հայ գյուղացիներ, անհամեմատ ավելի գերադասելի էր: Միհրանի մարտախումբը, դիմագրավելով հակառակորդի հոծախումբ գրոհները, աստիճանաբար ելնում է բարձունքները: Նկատելով գաղթականությանը հետապնդող հակառակորդին՝ լեռնալանջերին դիրքավորված Միհրանի տասնյակները կրակն ուղղում են թուրք զինվորների վրա ու օգնում Գայլ Վահանի մարտիկներին և հայ գյուղացիներին՝ ապահով բարձրանալու լեռնալանջերը: Անընդմեջ շարունակվող մարտերում ֆիդայիներն ունենում են անփոխարինելի կորուստներ: Մինչև վերջին հնարավորությունը մարտնչելով ընդդեմ բազմապատիկ գերակշռություն ունեցող թշնամու դեմ` զոհվում են Գայլ Վահանը և նրա զինակիցներ Բաբկենը, Համոն ու Գարեգինը:

Այն պահին, երբ հայ մարտիկները տարված էին դժվարին իրավիճակից ելք փնտրելու խնդիրների քննարկմամբ, անսպասելիորեն ռուսական սահմանի կողմից նրանց վրա է տեղում հրացաններից արձակած կրակը, և մի քանի մարտիկներ գնդակահար գետին են տապալվում: Ի՞նչ էր տեղի ունենում: «Սահմանի վրայ կանգնած էր ռուսահպատակ քիւրդ Համիդ բէկը իր երկու հարիւրից աւելի հրացանաւորներով, իսկ նրանցից էլ աւելի բարձր դիրքեր բռնած երեք հարիւրից աւելի պլաստուն կօզակներ եւ սահմանապահ զօրքեր կրակ էին տեղում…»: Ծանր գոտեմարտերում թուրքական կանոնավոր զորավաշտերի և քրդական հրոսակախմբերի դեմ հաղթանակ նվաճած հայ մարտիկները այս անգամ արդեն հայտնվում են անելանելի իրավիճակում: Նրանց կաշկանդողը գաղթականության խնդիրն էր: Արշավախմբի հրամանատարությունը որոշում է խաղաղության սպիտակ դրոշ բարձրացնել, բայց «…իզուր: Քրդի հետ միասին նրա դաշնակից ռուս զինուորը արհամարհեց զէնքը վայր դնելու նշանը եւ շարունակեց կրակ տեղալ»: Ստեղծված իրավիճակը թելադրում էր կա՛մ մինչև վերջ կռվել ռուս սահմանապահների և քրդերի դեմ, կա՛մ զենքերը վայր դնել ու հանձնվել: Եթե հայ մարտիկները փորձեին կռվի բռնվել ռուս սահմանապահների հետ, որը նրանց ծրագրերից դուրս էր, ապա դա նշանակում էր վերջնականապես անկարելի դարձնել գաղթականությանը ռուսական սահման անցկացնելն ու այնտեղ ապաստան գտնելը: Արշավախմբի հրամանատարությունը որոշում է խույս տալ ռուսների հետ բախվելուց, իսկ ծայրահեղ դեպքում՝ զինաթափվել ու հանձնվել: Երկու օր ու գիշեր բարձունքներում և ձորերում պատսպարված գաղթականներին պաշտպանելով՝ հայդուկները հետ են մղել թշնամու գրոհները: Մարտերի ընթացքում հայդուկների գործողությունները կաշկանդել են ոչ միայն ռուս սահմանապահների արձակած կրակն ու գաղթական բազմության ներկայությունը, այլև քաղցն ու ծարավը: Շատ ծանր է եղել մանուկների և վիրավորների վիճակը: Գաղթականությանը փրկելու հարկադրանքով հայ մարտիկների մի մասը՝ 34 հոգի, անձնատուր է լինում, իսկ մյուսները կարողանում են մթության քողի տակ ցրվել ու անհետանալ: Մարտից հետո ռուս զինվորները դրսևորում են զինվորին ոչ հատուկ նողկալի ու անբարո պահվածք՝ փաստելով, որ բնավ պատահական չէր նրանց դաշնակցությունը թուրք զինվորներին ու քուրդ հրոսակներին:

Իսկ ի՞նչ ճակատագրի արժանացան գաղթականները: Գաղթականներից մի քանի հարյուր հոգու հաջողվում է անցնել սահմանը, մյուսները հարկադրված մնացել են, որոնց ռուս կազակները բռնում և հանձնում են թուրքերին, իսկ այն 34 հայդուկներին, որոնք հանձնվել էին իրենց ողորմածությանը, ձերբակալում եւ ուղարկում են Իգդիր, ապա՝ Երևանի բանտ: Թուրք իշխանությունները ռուսների իրենց հանձնած հայ գյուղացիներին վերադարձնում են իրենց բնակավայրերը: 1906 թ. մարտի 6-ին Երեւանի նահանգական դատարանում տեղի է ունենում մեկ տարի եւ ինն ամիս բանտում անցկացրած 34 հայդուկների դատը: Ավելի քան զարմանալի էր նրանց ներկայացված մեղադրանքը: «Նրանք մեղադրվում էին այն բանի համար, իբր թէ ռուսաց սահմանին հասնելով զինված դիմադրություն են ցույց տվել ռուս զորքին»: Դատարանում մեղադրյալներին պաշտպանել են երդվյալ հավատարմատարներ Օսկար Գրուզենբերգը (Պետերբուրգ) եւ Իսահակ Մելիք-Աղամալյանը: Դատարանը, անհամեմատ ավելի ազնիվ եւ արդարադատ գտնվելով, քան իշխանությունները, արդարացնում է բոլոր մեղադրյալներին:

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր