«Թույլ» իշխանություն՝ ուժեղ պետություն


-Ձեր կարծիքով` Արեւիկ Պետրոսյանի հրաժարականը ինչո՞վ էր պայմանավորված, իրո՞ք նա այդքան վատ էր աշխատում իբրեւ ԱԺ փոխնախագահ:

-Արեւիկ Պետրոսյանն այն եզակի պատգամավորներից է, որ իսկապես աշխատում է եւ խորհրդարանի օրենսդրական գործունեության շարժիչ ուժերից է: Մինչեւ ԱԺ պատգամավոր դառնալը նա աշխատանքային մեծ փորձ էր կուտակել որպես արդարադատության փոխնախարար, քաղծառայության խորհրդի անդամ, պրոֆեսիոնալ է եւ տիրապետում է պետական կառավարման համակարգի գաղտնիքներին ու աշխատանքի մեխանիզմներին, այդ փորձը շատ օգտակար է տարբեր ոլորտների օրինագծերի քննարկման ժամանակ: Ես չգիտեմ` ինչո՞վ էր նրա հրաժարականը պայմանավորված, բացատրությունը նախեւառաջ ԲՀԿ-ի եւ տիկին Պետրոսյանի խնդիրն է, բոլոր դեպքերում` համոզված եմ, որ որպես պատգամավոր նա կշարունակի իր նպաստը բերել խորհրդարանի օրենսդրական աշխատանքներին:

-Անկախության 19-րդ տարելիցին կարո՞ղ ենք ասել, որ հասել ենք քաղաքական, տնտեսական, պատմամշակութային անկախության:

-Իսկապես մենք ունենք անկախ պետականություն, այլ խնդիր է, թե այդ անկախ պետականությունը մեր ցանկացած մոդելի հաստատման ճանապարհո՞վ է զարգանում: Հետանկախական շրջանի դժգոհությունը սխալմամբ ուղղորդվում է դեպի անկախությունը, որ որեւէ մեղք չունի: Հայաստանի Հանրապետությունը պետականություն կառուցելու ճանապարհին գնաց ոչ թե դեպի ազգային պետություն ստեղծելու, այլ բոլորովին ուրիշ մոդելով: Հիմքում ազգայինը ունեցող պետությունը առաջնորդվում է հետեւյալ սկզբունքով` հասարակության էլիտայի շտեմարանը ամբողջ ազգն է, ամբողջ ժողովուրդը: Զարգացած, ժողովրդավար պետությունների արդի քաղաքական համակարգը ձևավորվել է 200-250 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունների հետևանքով: Խոսքը Հոլանդիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի մասին է: Ազգային հեղափոխությունները այդ երկրներում հանգեցրին նոր հասարակարգի ձեւավորմանը, որը մերժում էր ֆեոդալ խավի էլիտարությունը: Ի դեպ, այդ իշխող ֆեոդալ խավը իրեն շատ ավելի հոգեհարազատ էր զգում հարեւան պետության իշխող խավին, քան սեփական ազգակիցներին: Ֆրանսիական հեղափոխության կարգախոսները իրականում ազգայնական կարգախոսներ էին` Ֆրանսիայի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցել պետության կառավարմանը, օգտվել բոլոր սոցիալական բարիքներից, որոնցից նախկինում օգտվում էին ընտրյալները: Այսինքն` ազգային պետություն կառուցելն իր հերթին բերեց ժողովրդավարություն եւ սոցիալական արդարության համակարգ: Ազգերի ձեւավորումը, ազգային պետությունների հիմնադրումը ընթացել է (եւ չէր կարող այլ կերպ լինել) ժողովրդավարական եւ սոցիալական արդարարության գաղափարների զարգացմանն ու տարածմանը զուգահեռ, քանի որ ազգային պետության կառուցման հայեցակարգն ասում է. ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է բավարարի որոշակի ազգային չափորոշիչների, օգտվի հասարակական բարիքներից` խոսքը արժեքային համակարգի, կրթական մակարդակի, մշակութային արժեքների, առողջապահական եւ սոցիալական ծառայությունների մասին է եւ այլն, եւ այլն… Հայաստանի Հանրապետությունը անկախություն ստանալուց հետո գնաց հակառակ ճանապարհով` գնաց դեպի ֆեոդալացում եւ հասարակությունը տարավ դեպի խիստ շերտավորում, Հայաստանում ձեւավորվեց էլիտարացված մի խավ, որն իրականում օտարված է հասարակությունից եւ ազգային խնդիրներից: Նոր արժեքային համակարգը, հասարակության էլիտարացումը եւ տարբեր խավերի օտարացումը հանգեցրեց մի իրավիճակի, որ չունենք զարգացած ժողովրդավար պետությունների բնորոշ հայտանիշներ` նորմալ ընտրություններ, անկախ դատարաններ, սոցիալական պաշտպանության համակարգ… Ազգային պետություն կառուցելը նախեւառաջ նշանակում է հասարակության յուրաքանչյուր անդամի դիտարկել որպես ընտրյալ խավի մաս, որն իրավունք ունի օգտվել բոլոր իրավունքներից: Այսօրվա իշխող էլիտան բոլորովին այլ արժեքային համակարգով է ապրում:

-Այսինքն` մեր պետությունն անկախ է, բայց մեզնից` իր քաղաքացիներից, համենայն դեպս իր քաղաքացիների ստվար զանգվածից: Ինչքա՞ն ժամանակ կամ ի՞նչ քայլեր են պետք, որ քաղաքացին հանդիպի իր պետությանը, պետությունը` իր քաղաքացուն:

-Ազգային գաղափախախոսությունը, ազգայնականությունը նշանակում են, որ առաջին հերթին դու պահանջատեր ես քո անձի նկատմամբ: Բոլոր նրանք, ովքեր ազգայնական բառից ջղաձգվում են, պարզապես ազգայնականությունը շփոթում են շովինիզմի կամ նացիզմի հետ: Եթե ազգայնամոլական ուժերը իրենց պրոբլեմների մեղավոր համարում են այլ ազգերին, ազգայնականը հասկանում է, որ իր խնդիրն իր մեջ է եւ առաջին հերթին պահանջատեր է իր նկատմամբ: Նա գիտակցում է, որ ինքնուրույն պիտի լուծի իր խնդիրները, առավել եւս` անկախության պայմաններում: Ցանկացած վատ երեւույթի, սխալի առաջին մեղավորն ու պատճառը ինքն է: Եթե այդ գիտակցությունն ունենան հասարակության բոլոր շերտերը` երկրի բարձրագույն ղեկավարությունից մինչեւ շարքային քաղաքացի, կունենանք բոլորովին այլ հասարակարգ: Այսօր քաղաքացին իր անհաջողությունների ու ձախողումների մեղքը բարդում է ուրիշների վրա` ռուսների, ամերիկացիների, թուրքերի, իշխանության, հարեւանի, բայց ոչ իր: Նույնը անում է իշխող վերնախավը` իր անհաջողությունների մեղավոր տեսնելով ընդդիմությանը, օտարերկրյա ուժերին, ճգնաժամը: Միջազգային փորձը եւ համաշխարհային պատմությունը ցույց են տալիս, որ իր նկատմամբ պահանջատեր եւ սեփական ճակատագիրը իր ձեռքով տնօրինող ազգն է հաջողության հասնում:

-Այո, բայց ինչպե՞ս ձեւավորել այդ գիտակցությունը: Նաեւ շատ մարդկային է, որ քո ձախողումների մեղավորն ուրիշի մեջ ես որոնում: Արվե՞ստը, մշակու՞յթը, պատմությու՞նը, քաղաքականությու՞նը, ի՞նչ լծակներ պետք է գործադրել, որ վերջապես հասարակական գիտակցությունը շարժվի: Մովսեսն անապատի 40 տարով հրեաների այդ հարցը լուծեց, խորհրդանշական 40 տարին ինչքա՞ն է տեւելու մեր պարագայում, ինչպե՞ս է սկսվելու, ո՞վ է լինելու շարժիչ ուժը:

-Պատմությունն առայժմ որեւէ օրինաչափություն չի սահմանել, թե ինչքան պետք է որեւէ ազգ դեգերի մոլորության մեջ` մինչեւ իր ճակատագիրն իր ձեռքը վերցնի: Փաստ է, որ այդ փոփոխությունները լինում են միայն հեղափոխությունների ժամանակ: Հեղափոխությունները պարտադիր արյունահեղություն չեն: Խոսքը գաղափարական եւ հասարակական հեղափոխությունների մասին է, որոնք տեղի են ունենում, երբ ի հայտ են գալիս այն առաջադեմ կերպարները, ովքեր պատրաստ են ստանձնել ազգն առաջնորդելու պատասխանատվությունը եւ հանուն ապագա սերունդների գնալ զոհողությունների: Հայ հասարակությունը եւ հայ մարդն առաջնորդվելով «Կյանքը մեկն է, եթե ոչ հիմա, երբ պիտի վայելենք» սկզբունքով, ուղղակի գնում է դեպի կործանում: Ճիշտ է` կարծես թե դու ամեն ինչ անում ես քո մտերիմների, քո երեխաների բարեկեցության ու երջանկության համար, բայց քո գործունեության արդյունքում երեխաներիդ ժառանգում ես շատ ավելի վատ երկիր, քան ստացել ես:

-Դաժան գնահատական եք տալիս:

-Անկեղծ: Ես համոզված եմ, որ մինչեւ չհասկանանք` իրական պրոբլեմը որտե՞ղ է, մենք չենք կարող փոփոխությունների հասնել: Մենք շարունակում ենք փոքրիկ պետության տարանջատումը ֆեոդալական ընտանիքների միջև, շարունակում ենք քաղաքական, տնտեսական դաշտի բաժանում-վերաբաժանումները, էլիտարացումը, տարբեր խավերի փոխհարաբերությունների սրումն ու միմյանցից օտարացումը:

-Իսկ որտե՞ղ են լուծումները:

-Ազգային պետություն կառուցելու մեջ, բայց մինչեւ չհասկանանք, որ սխալ ճանապարհով ենք գնում, չենք կարող փոխել մեր քաղաքական կուրսը:

-Գյումրիի ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետի երկարացումը իրո՞ք ՀՀ ազգային անվտանգության խնդիրն էր լուծում, հայկակա՞ն շահին էր հետամուտ, թե՞ ռուսական:

-Նման հարցեր քննարկելու համար բավարար չափով տեղեկացված պետք է լինես: Ինձ զարմացնում է փորձագիտական-քաղաքագիտական շերտի վարկածային բազմազանությունը, երբ տեղյակ չենք բանակցությունների, ինչպես նաեւ ստորագրված, այդ թվում հնարավոր գաղտնի արձանագրությունների բովանդակության մասին: Կարծում եմ` իրական պատկերն ունեն միայն երկրի նախագահը և այն մարդիկ, որ մասնակցել են այդ գործընէացին: Մնացածի գնահատականները վարկածների եւ ենթադրությունների դաշտից են:

-Ինչու՞, հրապարակային գնահատականներ են տվել Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները, արտգործնախարարները, ի՞նչ հիմք ունենք նրանց չվստահելու: Նույնիսկ եթե իրական համաձայնագրի մասին ոչ մի պատկերացում չունենք, ճի՞շտ եք համարում, որ մինչեւ դարակեսի պայմանագիր է կնքվում, այն էլ ժամկետի ավարտից 10 տարի առաջ: Հակասությունների ի՞նչ կիզակետում էր հայտնվել Հայաստանը, ո՞ր մարտահրավերների թիրախն էր, որ նման պայմանագիրը պիտի վահանափակ դառնար ու փրկեր` ինչպես հրամցվում է:

-Այն, որ նման համաձայնագրերը ներկայացվում են որպես խոշորագույն նվաճում, ազգի փրկություն, նաեւ քարոզչական բաղադրիչ ունի` իշխանությունը իր կատարած ցանկացած քայլ հրամցնում է որպես նվաճում: Դա նորմալ է, ցանկացած երկրի իշխանություն իր ցանկացած քայլ որպես մեծագույն նվաճում է ներկայացնում: Իսկ նման բուռն քննարկումը… Կան հարցեր, որ մեզ հերթական անգամ շեղում են իրական խնդիրներից: Օրինակ` Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում պատարագին մասնակցելու-չմասնակցելու, ռազմաբազայի… Հասարակությունը բուռն քննարկումների մեջ է ընկղմվում արտաքին, ներքին խնդիրների վերաբերյալ, բայց չի տեսնում իր բուն խնդիրները: Գիտե՞ք ինչու չենք կարողանում կողմնորոշվել եւ ազգովին գտնել նույնիսկ հասարակ խնդիրների լուծումը: Եթե ունենայինք ընդգծված եւ հստակ ազգային քաղաքական կուրս, բոլոր հարցերի պատասխանները մեզ համար կլինեին ակնհայտ:

-Չե՞ք կարծում, որ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Հայաստանի Հանրապետությունը լուծում է ընդամենը օրվա խնդիր: 5-10-15-49 տարվա հեռանկար ապահովող լուծումներ չկան ու չեն կանխատեսվում:

-Համաձայն եմ, եթե նախկինում կարծում էի, որ իրավիճակային քաղաքականությունը կամ իրավիճակային մենեջմենտը թելադրված է մեր արտառոց վիճակով` հետպատերազմյան, շրջափակումային, այսօր համոզված եմ, որ այդ մենեջմենտը հանդիսանում է մեր պետության ընտրած մոդելի բաղադրիչը: Այսպես շարունակելու է, մեր որոշումները միշտ լինելու են պահի պահանջ ու լուծելու են պահի խնդիր: Իշխանությունը չունի մեծ գաղափարական խնդիր, որ պիտի առաջադրեր հասարակությանը եւ հասարակության հետ ուս-ուսի լուծեր: 16 տարի հրադադար է, եթե Ղարաբաղի հարցն էլ լուծվի, Թուրքիայի հետ հարաբերություններն էլ հաստատվեն (թեեւ կասկածում եմ, որ իրավիճակային քաղաքականությամբ ռազմավարական հիմնախնդիրները կստանան հայանպաստ լուծում), մենք շարունակելու ենք ընդունել իրավիճակային որոշումներ:

Աշխարհի զարգացած ժողովրդավարությամբ պետություններում գործում է «Ուժեղ պետություն-թույլ իշխանություն» սկզբունքը: Օրինակ` Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում կամ Ավստրիայում իշխանությունն այնքան ուժեղ չէ, որ մշտապես ապահովի սեփական վերարտադրությունը: Իշխանությունն այնքան թույլ է, որ վախենում է հասարակական սեկտորի քննադատությունից, որ սխալներ գործելու դեպքում հասարակությունը կարող է հանգիստ փոխել այդ իշխանությանը եւ իշխանության բերել նոր մարդկանց: Սնն ու լավագույնն անել` հասարակության բարձր գնահատականը ստանալու համար, որպեսզի հասարակությունը թույլ տա շարունակել երկրի կառավարումը, թույլ տա իշխել: Արդյունքում մրցակցային քաղաքական համակարգի առկայության պայմաններում այդ ժողովրդավարական պետություններում մշտապես ընտրվում է լավագույն իշխանությունը: Եթե պարզվեց, որ ընտրությունն այնքան էլ հաջող չէ, հասարակությունը միշտ կարող է իշխողներին նորերով փոխարինել: Ունենալով «թույլ» իշխանություն` ունենում են ուժեղ պետություն: Հայաստանի պես պետություններում գործում է հակառակ մոդելը` ուժեղ իշխանություն-թույլ պետություն: Իշխանությունն այնքան ուժեղ է, որ երկրի ներսում կարող է կայացնել եւ պարտադրել ցանկացած որոշում եւ հասարակության նույնիսկ 90 տոկոսի դժգոհությունը չի կարող ազդել իշխանության կայացրած որոշումների վրա: Իշխանությունն այնքան ուժեղ է, որ մշտապես կարող է ապահովել սեփական վերարտադրությունը, ինքը` իշխանությունն է որոշում` ո՞վ է լինելու իր ժառանգորդը: Արդյո՞ք այդ պայմաններում ունենք ուժեղ պետություն: Իհարկե` ոչ: Ոչ մրցակցային պայմաններում գործող ուժեղ իշխանության դեպքում ունենք թույլ պետություն, հետեւաբար անհիմն են պնդումները, թե Հայաստանին պետք է «ուժեղ» իշխանություն, որ ունենանք ուժեղ պետություն: Դա որեւէ քննադատության չի դիմանում: Այդ սկզբունքը կարող էր արդյունավետ լինել դարեր առաջ` ֆեոդալական հասարակարգերում, սակայն թռիչքային զարգացում ապահոված հզոր ազգային պետությունների հետ մրցակցությանը դիմակայելու համար պահանջվում են նոր` առաջադիմական մոտեցումներ:

«ԻՐԱՏԵՍ de facto» շաբաթաթերթ
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Տպել Տպել