Յուլիսի 16-ին, Դամասկոսում, կայացել է Սիրիայի Արաբական Հանրապետութեան նախագահ Բաշշար Ասադի երդմնակալութեան արարողութիւնը: Նա երկրի նախագահի պաշտօնը զբաղեցրել է երրորդ անգամն անընդմէջ՝ 2000 թւականից սկսած:
Ասադի երդմնակալութեան արարողութեանը ներկայ են եղել Սիրիայի Ազգային խորհրդի անդամները, երկրի բարձրաստիճան ղեկավարութիւնն ու զինւորական հրամանատարութիւնը:
Յիշեցնենք, որ անցեալ ամիս կայացած նախագահական ընտրութիւնների ընթացքում, որին մասնակցում էին երեք թեկնածու, Ասադը վերընտրւեց՝ հաւաքելով ձայների 88.7%-ը:
Թէեւ սիրիական ընդդիմութիւնը շտապել է նախագահ Ասադի երդմնակալութեան արարողութիւնը որակել որպէս «անյաջող ներկայացում», այնուամենայնիւ, հեռուստատեսային-լրատւական ալիքներով ցուցադրւող կադրերը վկայում էին Բաշշար Ասադի յաղթական տրամադրութեան, ինքնավստահութեան ու վճռակամութեան մասին:
Դա աւելի պարզորոշ արտացոլւեց երդման արարողութեանը յաջորդած Ասադի ելոյթի ժամանակ. «Սիրիայի ժողովո՛ւրդ, արդէն 3 տարի է անցնում այն օրերից, երբ, ոմանք, բարձրաձայնում էին այսպէս կոչւած «ազատութեան» մասին: Նրանք «յեղափոխութիւն» էին ցանկանում: Սակայն, իրական յեղափոխութեան մարմնաւորողը դուք էիք: Ես Ձեզ շնորհաւորում եմ յեղափոխութեան ու յաղթանակի կապակցութեամբ»,- ասել է Ասադը:
Ասադը շեշտել է, որ տարածաշրջանի արաբական երկրներն ու Արեւմտեան տէրութիւնները, որոնք պաշտպանում էին Սիրիայի պետականութիւնը կազմաքանդել ցանկացող գրոհայիններին, «շուտով շատ թանկ են վճարելու» ահաբեկիչներին հովանաւորելու համար:
Անկախ փորձագէտները ամբողջովին արդարացւած են համարում Ասադի նման կեցւածքն ու հռետորաբանութիւնը: Իրականում, եթէ սառը դատողութեամբ դիտարկենք սիրիական ճգնաժամի վերջին մէկ տարւայ զարգացումները, ապա պարզորոշ կերեւայ, որ կան բոլոր նախադրեալները՝ առնւազն տեսանելի ժամանակի կտրւածքով, Սիրիայում՝ Ասադին դրութեան տէրն ու խաղի կանոնները թելադրողը համարելու համար:
Փորձենք նշել այդ հիմնարար պտճառները.
Ա- Իրենց բացառիկ անգործութեան ու անմիաբանութեան արդիւնքում՝ Ասադի այսպէս կոչւած չափաւորական՝ «դեմոկրատ» ընդդիմադիրները կարծես թէ վերջնականապէս յայտնւել են «խաղից դուրս վիճակում»: Հակամարտութեան առաջին օրւանից ի վեր, Արեւմուտքի նիւթական ու բարոյական ողջ ներդրումները մսխած, Ստամբուլի իրենց տաքուկ շտաբում յարմարաւէտ տեղաւորւած սալոնական յեղափոխականներն արդէն հաստատապէս ապացուցել են, որ չունեն նւազագոյն ժողովրդական վարկանիշ՝ Սիրիայի սահմաններից ներս, ուստի, նաեւ չունեն Արեւմուտքի կողմից յաւելեալ ներդրումների արժանանալու արժէք:
Բ- Եթէ բացառենք Հալէպի շրջանում մերթընդմերթ թէժացող մարտերը, ինչպէս նաեւ՝ օրերս Դեր Զորի գրաւումը «ԴԱԷՇ»-ի գրոհայինների կողմից, ապա կարելի է ասել, որ տեւական ժամանակ է, ինչ սիրիական ճգնաժամում յարաբերական «թայմ աութ» է յայտարարւած:
Հակամարտող կողմերը փաստացի ամրագրել են իրենց դիրքերն ու վերահսկւող տարածքները, իսկ տարածաշրջանային ճգնաժամի էպիկենտրոնը կարծես թէ արդէն վերջնականապէս տեղափոխւել է հարեւան Իրաք՝ վերածւելով շատ աւելի մեծ ու անկանխատեսելի սպառնալիքի:
Գ- Սիրիական Դեր Զորից մինչ Բաղդադի հիւսիս-արեւմտեան շրջանները ձգւող «ԴԱԷՇ»-ի հռչակած «Իսլամական խալիֆութեան» սեւ գօտին, Արեւմուտքին ստիպել է վերանայել խաղի կանոնները, եւ ուժերի յարաբերակցութիւնը՝ տարածաշրջանում:
Փաստօրէն, ստեղծւած նոր իրականութեան ֆոնին, Արեւմուտքի համար, Մերձաւոր Արեւելքի քաղաքական շախմատում, իմաստուն մարզաձեւի լեքսիկոնով ասած, Բաշշար Ասադը կրկին ձեռք է բերել եթէ ոչ թագուհու, ապա առնւազն՝ նաւակի արժէք:
Թէեւ Արեւմուտքը փորձում է այս ամէնն անց կացնել լռելեան, այնուամենայնիւ, վերջին շրջանում, Արեւմտեան տէրութիւնների յատուկ ծառայութիւնների եւ սիրիական անվտանգութեան մարմինների միջեւ անցկացւող միջնորդաւորւած կամ ուղղակի բանակցութիւնների վերաբերեալ յամառօրէն շրջանառւող լուրերը վկայում են նոր իրականութեան մասին:
Ընդամէնը սրանից 19-20 ամիս առաջ, Սիրիայում, իրադարձութիւնների նման զարգացման հնարաւորութեան մասին բարձրաձայն մտածելն անգամ մեղմ ժպիտ կառաջացնէր Արեւմտեան տէրութիւնների մայրաքաղաքներում: Սակայն, այսօր, նոր իրականութիւնը խաղի ամբողջովին այլ կանոններ է թելադրում:
Արեւմուտքն ստիպւած է ընտրութիւն կատարել վատի եւ վատագոյնի միջեւ (իհարկէ, իրենց չափանիշերից ելնելով): Իսկ այս բոլորում յստակ է մի բան՝ նրանք պէտք է որ նախապատւութիւնը տան «վատ» Բաշշար Ասադին: