- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Սահմանադրութան չբարեփոխելը կհանգեցնի կառավարման ճգնաժամի

Fotor072220287Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Dաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի «Հրատապ հարցազրույցի»՝ սահմանադրական փոփոխություններին վերաբերյալ մեկնաբանություններին, հակադրեց ՀՅԴ տեսակետը՝ ասելով, թե ցանկացած նման «տեսական դատողություն կարող է հիմք ունենալ»։ «Բայց ուզում եմ հիշեցնել, որ անգամ այսօրվա սահմանադրական կարգավորման շրջանակներում, եթե իշխանությունը ցանկություն ունենա վերարտադրվելու՝ կարող է վերարտադրվել, և պրակտիկան ցույց է տալիս, որ այդպես էլ կա»,– ասաց նա՝ ավելացնելով, որ եթե Սահմանադրությունը փոփոխության չենթարկվի, առաջանալու է կոնֆլիկտ, կառավարման ճգնաժամ։

-Պարո՛ն Մինասյան, Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցով, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների ժամանակավրեպության թեմային՝ նշեց, որ դա արվում է պայմաններում, երբ քաղաքական բոլոր լուրջ ուժերը կտրականապես դեմ են արտահայտվում սահմանադրական փոփոխությունների, իր խոսքով՝ չարաբաստիկ նախաձեռնությանը։ Մինչդեռ ՀՅԴ-ն սկզբունքորեն կողմ է դրանց: Ինչպե՞ս կբացատրեք Տեր-Պետրոսյանի հայտարարությունը։

– Կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն արտահայտել է իր տեսակետը, որը այս դեպքում չի համընկնում մեր մոտեցումների հետ։ Մենք գտնում ենք, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, և այդ անհրաժեշտությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով։ Առաջին, որ համակարգային փոփոխությունների հիմքը մայր օրենքն է՝ Սահմանադրությունը, որը պետք է տա այն համակարգի նկարագրությունը և պետական կառույցների ձևավորման կարգը, որը կախված չի լինելու անձի ցանկությունից։ Երկրորդ՝ դրանով պայմանավորված կառավարման ձևի փոփոխությունը, եթե մենք այն չենք փոփոխում, պարզապես կոսմետիկ փոփոխությունների ենք ենթարկում Սահմանադրությունը, այդ դեպքում իսկապես անիմաստ է դառնում նման փոփոխությունը: Հետևաբար, հիմքը կառավարման ձևի փոփոխությունն է։ Երրորդ կարևոր հանգամանքը վերաբերում է նրան, որ այսօր բազմաթիվ խնդիրներ ուղղակիորեն կապված են սահմանադրական կարգավորումների հետ. դրանք կա՛մ թերի են կարգավորված, կա՛մ ընդհանրապես չեն անդրադառնում, կա՛մ էլ խեղաթյուրում են ցանկացած իրողություն՝ սկսած սոցիալական վիճակից, վերջացրած պետական արտաքին քաղաքականության վեկտորների ընտրության և ընթացքում դրանք փոփոխելու մեխանիզմներով, ինչպես նաև՝ անկախ դատական համակարգի գործունեությունից։

Այս ամենն ուղղակիորեն կապված է ՍԴ փոփոխությունների հետ, և եթե մենք այսօր ունենք թերի Սահմանադրական կարգավորումներ կամ գլխիվայր շուռ եկած, նշանակում է, որ երկիրը չի կարող զարգանալ նորմալ ընթացքով՝ անկախ նրանից, թե ո՞վ կլինի երկրի նախագահը։

– Դուք մի անգամ ասացիք, որ եթե ՀՅԴ-ի առաջարկությունները չընդունեն, բնականաբար, դուք էլ կողմ չեք լինի այդ փոփոխություններին: Հիմա բավական լայն քննարկում է ընթանում մարզերում, ի՞նչ արձագանք ունեք իշխանություններից:

– Մի քանի անգամ արդեն քննարկումներ եղել են, մենք մեր մոտեցումներ ներկայացրել ենք, հրապարակել ենք, և, կարծես թե, կառավարման ձևի փոփոխությունում հանձնաժողովը կողմնորոշում ունի դեպի խորհրդարանական կառավարման համակարգը։ Անշուշտ, տարբեր մոդելներ կան խորհրդարանական կառավարման համակարգի, բայց սկզբունքային հարցադրումը հայեցակարգային մակարդակով հետևյալն է՝ կառավարման ձևի փոփոխություն՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցում և նաև 100% ընտրական համակարգի որդեգրում։
Այստեղ է, որ դեռևս քննարկումների փուլում ենք, և հանձնաժողովին փորձում ենք մեր մոտեցումները ներկայացնել։ Վստահ ենք, որ եթե կառավարման ձևը փոփոխություն չունենա, այսինքն` կառավարման խորհրդարանական համակարգ չորդեգրվի, ինչպես նաև 100% ընտրական կարգը, կունենանք թերի փոփոխություններ: Այդ դեպքում, բնականաբար, անիմաստ կդառնա որևէ փոփոխություն նպատակային դարձնելը և այդ տեսակետից, այո՛, մենք էլ կարող ենք դեմ լինել սահմանադրական բարեփոխումներին։

– Լևոն Տեր-Պետրոսյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որպեսզի իր իշխանությունը հավերժացնի։ Համակարծիք չե՞ք, որ հնարավոր է, նման հիմքեր կա՞ն:

– Ցանկացած նման տեսական դատողություն կարող է հիմք ունենալ, բայց ուզում եմ հիշեցնել, որ անգամ այսօրվա սահմանադրական կարգավորման շրջանակներում, եթե իշխանությունը ցանկություն ունենա վերարտադվելու՝ կարող է վերարտադրվել, և պրակտիկան ցույց է տալիս, որ այդպես էլ կա: Հետևաբար, պայմանավորել այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխությունների նպատակն իշխանությունների վերարտադրվելու ցանկությունն է, նշանակում է հողածածկույթի ենթարկել իրական պայքարը։ Մեր խնդիրը պետք է լինի հենց այդպիսի պահանջներ առաջադրելը, որպեսզի իշխանությունները չկարողանան վերարտադրվել, ոչ թե վիժեցնել, մերժել սահմանադրական փոփոխությունները, այլ հասնել նրան, որ սահմանադրական փոփոխություններով ամրագրվի այնպիսի համակարգ, այդ թվում նաև՝ ընտրական, որը թույլ չի տա իշխանության վերարտադրությունը: Այլ ոչ թե հայտարարել, թե քանի որ փոփոխությունները նպատակ ունեն վերարտադրվելու, հետևաբար, դրանք մեզ պետք չեն։ Այս ձևակերպումը, կարծում եմ, տեղին չէր և ավելին՝ կարող է հանգեցնել նրան, որ իշխանությունը հայտարարի, որ ինքը չի անում սահմանադրական փոփոխություններ և նորից վերարտադրվում է: Արդյունքում ստացվում է այդ տակտիկան կամ քաղաքականությունն ի վնաս գործեց համակարգային փոփոխություններին, այդ թվում և համակարգային իշխանափոխության մոտեցումներին։

– Բայց պետք չէ մոռանալ, որ Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը լրանում է, և շատերը մտահոգված են, որ այս փոփոխությամբ նա իր ղեկավարման ժամկետն է ավելացնում։

– Թե՛ իրավական տեսակետից հնարավորություն կա այդպիսի մեխանիզմը բացառելը և թե՛, ավելին, Սերժ Սարգսյանն ինքն է հայտարարել, որ չի առաջադրվելու վարչապետի պաշտոնում, եթե ընտրվի կառավարման խորհրդարանական ձևը: Քանի որ այդ դեպքում երկրի գլուխը դառնում է վարչապետը և կիսում է պատասխանատվությունը նախագահի հետ, որն ընտրվում է անուղղակի ձևով, համաձայն հայեցակարգային մոտեցումների։ Ստացվում է, որ հանրապետության նախագահը չի դառնում երկրի գլուխը, և սա հայտարարվել է։ Իսկ այն, որ մտահոգություն կա և փորձ է արվում ներկայացնել, որ նա կարող է ԱԺ նախագահ դառնալ կամ այլ պաշտոն ստանձնել, ընդամենը տեսականորեն ներկայացված մոտեցում է, որը պրակտիկայում որևէ արդարացում չունի և որևէ մեկը չի կարող վկայակոչել միջազգային որևէ փորձ և պնդել, որ ԱԺ նախագահը կունենա այդպիսի ազդեցություն, ինչիսին երկրի գլուխն է ունենում։ Ավելին՝ պառլամենտի նախագահն այս փոփոխությունների արդյունքում ընդամենը ձևական դերակատարություն է ստանձնելու, այն է՝ ապահովել օրենսդիր մարմնի բնականոն աշխատանքը, ոչ թե ընթացիկ կամ կառավարությանը վերապահված լիազորություններ իրականացնել։

-Կարելի՞ Ձեր ասածից եզրակացնել, որ քանի դեռ նման տարաձայնությունների առաջ է կանգնած քառյակը, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նման հայտարարություն անելը նշանակում է, որ քառյակի ճանապարհները բաժանվում են:

– Քառյակը կոալիցիա չէ, միավորում չէ, որի նպատակը ամեն գնով քառյակի որևէ ուժի մոտեցումը չորսով առաջ տանելն է: Մենք միավորվել ենք կոնկրետ օրակարգային հարցերի շուրջ և փորձում ենք, որ այնտեղ, որտեղ կա ընդհանուր, ընկալելի, ընդունելի ախտորոշում, տալ այդ ախտորոշումը երկրի առաջ ծառացած խնդիրների մասով և տալ լուծումներ: Հիմա, սա այն հարցն է, որտեղ չկա ընդհանուր մոտեցում քառյակի ներսում, դրա համար քառյակի ամեն մի ուժ առանձին իրավունք ունի իր տեսակետներն առաջ մղելու: Մենք որևէ սահմանափակվածություն կամ պարտավորվածություն չեն ստանձնել մեր տեսակետներից հրաժարվելու, թե ինչ է, քառյակը պահպանվի: Քառյակն ունի կոնկրետ առաջադրված օրակարգային հարցեր և դրա շուրջ համագործակցում է: Բայց ես, անկեղծորեն, չէի ցանկանա, որ քառյակը իր կողմից ձևակերպված օրակարգային հարցը հետապնդելու փոխարեն սկսի ներքին տարանջատումների մղումներով առաջնորդվել: Ի վերջո, պետք է հասկանանք, որ ոչ միայն քառյակը, այլև իշխանությունը, պետք է ընդհանուր նպատակ հետապնդի երկիրն այդ վիճակից դուրս բերելու համար և կա հնարավորություն, որպեսզի միասնական օրակարգ ձևավորվի, պետք է կարողանալ գնալ այդ միասնական օրակարգի ձևավորմանը: Իսկ այսօր սահմանադրական փոփոխությունների հարցը նույնիսկ քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է, սրա մասին մենք ասել ենք բազմիցս, մինչև քառյակի ձևավորումը կամ մինչև այս իշխանության վերարտադրությունը: Սահմանադրական փոփոխություններով կառավարման ձևի անցումը եղել է մեր սկզբունքային հարցադրումներից մեկը՝ սկսած 1998 թվականից:

-Իսկ սահմանադրական փոփոխությունների հարցում տարաձայնությունները կարո՞ղ են խոչընդոտ հանդիսանալ խոստացված թեժ աշունը հետաձգելու համար:

-Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, այս պահին ես չեմ տեսնում նման հիմք, պարզապես նաև չէի էլ ուզենա, որ որևէ տեսակետ արտահայտելիս քաղաքական ուժերը կամ քաղաքական գործիչներն առաջնորդվեն միայն սեփական ընկալումներով և միայն՝ սեփական շահերի տեսակետից: Երկիրն այսօր այն վիճակում չէ, որ ամեն մի քաղաքական ուժ փորձի միայն իր շահերի մասին մտածել կամ իր պատկերացումները համարել ամենաճշմարիտը: Հարկավոր է, որ տեղի ունենան քաղաքական կոնսուլտացիաներ, քննարկումներ և ընդհանուր մոտեցումներ որդեգրվեն: Նորից եմ կրկնում՝ այսօր՝ սահմանադրական փոփոխությունների շրջափուլում, անհրաժեշտ է, որ մեր պահանջները հստակ ձևակերպենք սահմանադրական փոփոխությունների իրացման համատեքստում՝ թույլ չտալու համար որևէ իշխանության վերարտադրության մեխանիզմներ՝ սահմանադրական կարգից դուրս. սկսած ընտրակեղծիքներից, ավարտած մեկ կենտրոնից ղեկավարման քաղաքականությամբ: Մի օրինակ բերեմ, որ ավելի պարզ լինի. եթե 2017 թվականին այս սահմանադրական կարգավորումների շրջանակում ընտրությունների գնանք, ոչինչ չի խանգարում, որպեսզի իշխանությունը կիրառի նույն մեխանիզմները, մեթոդներն ու գործիքակազմը՝ վերարտադրվելու համար: Ավելին՝ եթե պառլամենտական մեծամասնությունը լինի այլ ուժից, ոչ այսօրվա իշխանություններից, և եթե Սահմանադրությունը փոփոխության չենթարկվի, առաջանալու է կոնֆլիկտ, կառավարման ճգնաժամ, ինչը հղի է Հայաստանի անվտանգությանը սպառնացող ընդհարումներով: Հարկավոր է, որ լինի առաջնային մանդատ ունեցող մարմին, իսկ այդպիսի մարմին կարող է լինել բացառապես ներկայացուցչական՝ օրենսդիր մարմինը, և միայն այդ դեպքում է հնարավոր ունենալ հստակ մեկ դիրքորոշում և կառավարման համակարգում բացառել ճգնաժամային իրավիճակները:

-Այսինքն՝ Ձեր ասածից կարելի՞ է եզրակացնել, որ քառյակն ունի սեղանի շուրջ նստելու, ինչպես նաև միմյանց բացատրելու անհրաժեշտություն:

– Չէի ուզենա շատ մանրամասներ ներկայացնել քառյակի գործունեությունից, բայց մեր կողմից այդ փորձն արվել է, որպեսզի սահմանադրական փոփոխությունների դեպքում քննարկենք յուրաքանչյուր սցենար՝ բովանդակային, խորքային: Առայժմ, ցավալիորեն, մենք մնացել ենք մենակ և, ինչպես հայտնի է, քառյակի ուժերից առնվազն 2-ը կտրականապես մերժում են ցանկացած փոփոխություն՝ հայտարարելով, որ իրենք կգան իշխանության և իրենք կփոխեն: Այստեղ մենք ունենք լուրջ վերապահում և ամենևին չենք պայմանավորում այն հանգամանքով, թե ո՞վ կգա իշխանության: Ամենակարևորը, թե ինչ համակարգով է քաղաքական ուժը գալիս իշխանության, եթե այդ համակարգը չի փոփոխվում, որևէ երաշխիք չկա, որ իշխանական վերարտադրության մեխանիզմը չի գործի: Սա է սկզբունքային տարբերությունը:

Շատ կարևոր է, որ սահմանադրական փոփոխություններին զուգահեռ մենք նաև քննարկենք «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը, որը պետք է հենց ընտրական այն համակարգն ամրագրի, որը թույլ չի տա ոչ միայն հանրաքվեի արդյունքները կեղծել, այլ նաև երկրում կձևավորվի գոնե մեկ նորմալ՝ հասարակության կարծիքն արտահայտող համակարգ:

-Եթե առաջարկներն իշխանությունները չընդունեն, ՀՅԴ-ն է՞լ դեմ կլինի սահմանադրական բարեփոխումներին:

-Բնականաբար, այո՛, որովհետև մենք կհամարենք անիմաստ և աննպատակային, եթե կառավարման ձևի և խորհրդարանական 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցում տեղի չի ունենում կամ գոնե չկա այնպիսի երաշխավորված համակարգ, որը թույլ կտա անցում կատարել 100% համամասնական ընտրակարգին: Այդ դեպքում սահմանադրական փոփոխությունները մենք կհամարենք ոչ նպատակային և ոչ արդյունավետ:

tert.am