Վրաստանում փորձում են ջնջել հայի հետքը

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը համոզված է, որ Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա հարձակումը լուրջ մտորումների առիթ է տալիս

Fotor0724111939-Ամեն անգամ, երբ Վրաստանում, հատկապես Թբիլիսիում հայոց եկեղեցիների դեմ որեւէ ոտնձգություն է կատարվում, հարցին մոտենում ենք այնպես, կարծես թե դա նոր երեւույթ է, եւ իրար ենք խառնվում:

Հարցը զգայուն է եւ նուրբ: Երկու պետությունների, ժողովուրդների փոխհարաբերություններում բազմաթիվ չլուծված հարցեր կան, որոնցից մեկն էլ եկեղեցու հարցն է: Վիրահայոց թեմը, ըստ էության, Վրաստանում պաշտոնապես չի ճանաչվում որպես այդպիսին, այլ համարվում է հասարակական կազմակերպություն: Այսինքն` պետության կողմից արդեն իսկ կա ձեւավորված վերաբերմունք Հայոց Եկեղեցու նկատմամբ, ինչը պատահական չէ:

Վրաստանում ունենք պատմական մեծ անցյալ, մշակութային ահռելի ներդրում, եւ դրանց մեջ շատ մեծ թիվ են կազմում ճարտարապետական կառույցները, շենքերը, հատկապես եկեղեցիները: Սա ամենազգայուն հարցն է Վրաստանում եւ ընդհանրապես մեր հարեւան երկրներում:

Պատմությունից գիտենք, տեսել ու տեսնում ենք, որ հարեւան երկրներում ամենաշատը Վրաստանում է կատարվում հայ մշակութային արժեքների կողոպուտ: Ոտնձգություններ են կատարվում եկեղեցիների, տաճարների նկատմամբ, փորձում են դրանք վրացացնել, իսկ եթե չի ստացվում, պարզապես ավերում են: Մի փուլն ավարտում են, հասնում հաջորդին, ապա մշակում հետագա քայլերը, եւ այդպես կորցրել ենք բազմաթիվ եկեղեցիներ։

Ինչո՞ւ միայն եկեղեցիներ: Խոջիվանքի գերեզմանատանը, որտեղ հայ գրականության, մշակույթի հարյուրավոր մեծեր են հուղարկավորված, ընդամենը մի քանիսի շիրիմն է մնացել: Սա Վրաստանի իշխանությունների` մեր մշակութային պատմական հետքից ազատվելու պետականորեն մշակված քաղաքականություն է: Դե, իսկ եկեղեցիների հարցում պետության աջակցությամբ ամեն ինչ անում է վրաց եկեղեցին:

Վրացիների շրջանում շատ մեծ է խանդի զգացումը, եւ նրանք ձգտում են ջնջել, ոչնչացնել հայկական դարավոր պատմությունը, հերքել դարերի պատմություն ունեցող եկեղեցիների հայկական լինելու փաստը: Նրանք դա անում են երկիրը վրացացնելու, այն միատարր դարձնելու, ազգային փոքրամասնություններին դուրս մղելու, վերջապես ազգ ձեւավորելու մղումներից ելնելով:

-Բայց հայոց եւ վրաց կաթողիկոսները մի ժամանակ հանդիպեցին, զրուցեցին, կարծես թե միմյանց լավ հասկացան։

-Այո, հանդիպեցին, բայց չգտան խնդրի լուծման որեւէ հարմար, երկուսին էլ ձեռնտու ելք, ու հարցը մնաց առկախ: Եվ դրա հիվանդագին արձագանքներն այսօր հնչում են Ջավախքում, Թբիլիսիում, վիրահայոց այլ թեմերում, համայնքներում: Ստացվում է, որ ունենք հին չլուծված հարց, որպես դրա հետեւանք՝ մշտապես նույն երեւույթները, բայց դրա նկատմամբ ունենք սիրողական վերաբերմունք:

Եվ նման դեպքերը կրկնվելու են այնքան ժամանակ, քանի դեռ վրացական կողմը չի ոչնչացրել կամ սեփականացրել մեր եկեղեցիները, չի ահաբեկել հայերին։ Սա պահանջում է լրջագույն մոտեցում մեր պետական եւ կրոնական իշխանությունների կողմից։

-Ոմանք այս դեպքը ցանկանում են կապել ադրբեջանական, նույնիսկ թուրքական հետքի հետ:

-Անլուրջ բան է` մտածել, որ այստեղ թուրքական կամ ադրբեջանական հետք կարող է լինել: Այլ բան է, որ սա կարող է ադրբեջանցիների համար ցանկալի, նպաստավոր լինել: Հայ-վրացական կեղծ բարեկամություն, եղբայրություն քարոզող մարդիկ, լրատվամիջոցներ, կազմակերպություններ, կառույցներ կան, որոնք տարբեր ձեւերով ցանկանում են երեւույթներն այլ կերպ ներկայացնել, դրանք պատահականության վերագրել:

Բոլոր միջոցները սպառեցին, հիմա էլ թուրքական կամ ադրբեջանական հետք են փնտրում: Դա անլուրջ բան է: Եթե նույնիսկ որեւէ նման միջադեպի ադրբեջանցիներ մասնակցեն, դա չի վկայի ադրբեջանական կամ թուրքական հետքի մասին: Սա, ինչպես ասացի, քաղաքական խնդիր է, ունի նախապատմություն եւ քաղաքական մոտեցում է պահանջում:

-Նաեւ հայ-վրացական սահմանի հարցում բազմաթիվ կնճռոտ խնդիրներ կան:

-Այո, սահմանի հստակեցման հարցը կնճռոտ կետեր ունի, օրինակ, զուտ հայաբնակ գյուղեր կան, որոնց մեջտեղով է անցնում սահմանը: Այնպես է արվում, որ շրջանցվեն հայկական սրբավայրերը, եկեղեցիները, հնավայրերը, դրանք մնան վրացական կողմում, ճանաչվեն վրացական։ Նման շատ խրթին հարցեր կան, որոնք երկու ժողովուրդների, պետությունների միջեւ չլուծված խնդիրների, անհետեւողականության հետեւանք են:

Մենք չունենք հայ-վրացական փոխհարաբերությունների մշակված հայեցակարգ բոլոր առումներով եւ փորձում ենք հանդիպումների ժամանակ բավարարվել բաժակաճառ-կենացներով` նվիրված երկու ժողովուրդների բարեկամությանը: Ընդհանրապես երկու ժողովուրդների միջեւ եղբայրությունը կեղծ կատեգորիա է, նրանց միջեւ կարող են լինել շատ լավ հարաբերություններ կամ վատ հարաբերություններ, որոնք, ի վերջո, իշխանություններն են մշակում:

Իրոք սլավոնական եղբայր ժողովուրդներ են ուկրաինացիներն ու ռուսները, բայց տեսնում ենք, թե ինչպես են իրար վրա հարձակվել: Դա այդպես է, որովհետեւ նրանց միջեւ նույնպես չլուծված հարցեր կան, որոնք եղբայրներին թշնամիներ են դարձնում:

Մի քանի տասնյակ հայկական եկեղեցիներից այսօր 4-5-ն են մնացել, ու, եթե այսպես շարունակվի, դրանք էլ մի օր վերջնականապես կկորցնենք, եւ կավարտվի վիրահայոց դարավոր պատմությունը Թբիլիսի քաղաքում:

Ռուսլան Թորոսյան

Տպել Տպել