Ճիշտ կլիներ, որ ՕԵԿ-ը քննարկումներ սկսեր ընդդիմության հետ

aryakՕԵԿ-ը դիմել է խորհրդարանական բոլոր խմբակցություններին, որ միասին աշխատանքային խումբ ստեղծեն եւ օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ մշակեն՝ կանոնակարգելու գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների ձեւավորման սկզբունքները: ՕԵԿ-ը նաեւ առաջարկում է աշխատանքային այդ խմբով հստակեցնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պարտականություններն ու լիազորությունները, հնարավորություն ընձեռել վերջինիս կազմում, եթե ոչ լիիրավ, ապա գոնե խորհրդակցական ձայնի իրավունքով ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչներ ներգրավելու:

Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ պատրա՞ստ են իրենք ներգրավվել այդ աշխատանքային խմբում:

Պարոն Մինասյանը պատասխանեց. «Մենք նման առաջարկ չենք ստացել: Իրենց տարածած հայտարարությունը հիմք չի, որ դա դիտարկենք՝ որպես առաջարկություն: Երկրորդը՝ մենք ունենք մեր առաջարկները՝ ընդդիմության դերակատարության մասով: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ ՕԵԿ-ը այդ տրամաբանության մեջ քննարկումներ սկսի մեր հետ կամ քառյակի հետ: Որովհետեւ մենք շատ հստակ ունենք ձեւակերպած խնդիր՝ ընդդիմության դերակատարությունը կառավարման համակարգում: Դա ենթադրում է ոչ միայն վերահսկողական լծակներ տալու ընդդիմությանը, այլեւ անհրաժեշտ անկախություն ապահովելու առումով: Որեւէ կարգավորող անկախ հանձնաժողովում մասնակցությունն ընդդիմությանը հնարավորություն կտա, որ այդ «անկախ» մարմինը իրապես լինի անկախ: Սա մեր իրականությանը առավել հարազատ մոտեցում կարող է լինել, քան թե օրենքով նախատեսել ինչ-որ մարմնի անկախություն, բայց փաստացի այդ մարմինն անկախ չլինի: Դրա համար կառաջարկեմ, որպեսզի ՕԵԿ-ը նախ ծանոթանա մեր առաջարկների հետ, հետո նոր առաջարկներ ներկայացնի»:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք երբեք չեն խորշել քննարկելու գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագների ձեւավորման հետ կապված օրենսդրական փաթեթի խնդիրները. «Մենք ինքներս էլ արել ենք առաջարկներ, մենք ինքներս էլ մշակումներ ունենք՝ բերելու օրենսդրական նախագիծ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ անելու, Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքներում փոփոխություններ անելու, որպեսզի հանրային ծառայությունների ոլորտները լինեն պետական եւ հանրային կարգավորման ենթակա, այլ ոչ թե տնտեսվարող սուբյեկտների շահերը միայն հաշվի առնեն: Հենց հիմնականում հանրության շահերը հաշվի առնող համակարգ է պետք»:

Մեր հարցին՝ որ հրավիրում եք ՕԵԿ-ին քառյակի հետ քննարկելու Ձեր առաջարկները, վստահություն կա՞ այդ ուժի նկատմամբ՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ես չեմ հրավիրում: Ես ասում եմ՝ եթե մտածում են, առնվազն այսպես կարող են մտածել: Ես հրավերք չեմ անում, պարզապես ասում եմ, որ եթե ցանկացած ուժ ուզում է հանրությանը օգտակար գործ կատարել, չպետք է մտածի նեղ, խմբային, կուսակցական շահերով: Հարկավոր է, որ նախ դիտարկի, թե ինչ կա դաշտում, ինչ է առաջարկվում, որի հիման վրա նոր զարգացման մասին մտածի, այլ ոչ թե սեփական առաջարկություններն անելու եւ հրապարակային կոչեր հնչեցնելու մասով շարժվեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

aravot.am

Տպել Տպել