Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը քննադատում է հավասարության նշանով հայտարարությունները միջադեպերի մասին

Սահմանային միջադեպերի վերաբերյալ բոլոր հայտարարություներում հավասարության նշան է դրվում հարձակվողի եւ պաշտպանվողի միջեւ, շարունակվում է քննադատությունը առանց հասցետիրոջ նշելու։ Մինսկի խմբի այս գործելաոճը քննադատել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը։

Վերջինիս գործադիր տնօրեն Արամ Համբարյանի օգոստոսի 1-ին տարածած հայտարարությունում ասվում է, որ ադրբեջանական ստորաբաժանումների դիվերսիան Ադրբեջանի կառավարության անմիտ զինված ագրեսիայի օրինակ է, որը դրսեւորվում է տարածաշրջանում իրավիճակի կայունացման ու խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի ֆոնին:

“Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ցանկանում դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան, նպաստում է այդ երկրում անպատժելիության վտանգավոր մթնոլորտի արմատավորմանը, ինչն, իր հերթին, հանգեցնում է բռնության սրացման: Ժամանակն է, որ միջնորդները հրաժարվեն ադրբեջանական կողմի յուրաքանչյուր հարձակմանն արհեստական սառնասրտությամբ ու կեղծավոր դիվանագիտությամբ պատասխանելու սովորությունից: Միայն դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, նրանք կարող են հուսալ, որ կկարողանան կասեցնել Կովկասում նոր պատերազմ սանձազերծելու Ալիեւի ձգտումը: Առաջին ու կարեւոր քայլը պետք է լինի ԵԱՀԿ հովանու ներքո կազմակերպված միջազգային արշավը` հասցեագրված Բաքվին, որով կպահանջվի համաձայնվել հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, մի առաջարկ, որին արդեն 3 տարի է հավանություն են տալիս Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը”,- ասված է հայտարարության մեջ:

20140801-AHamparian

Տպել Տպել