Պատերազմի դեպքում շահողը լինելու է Հայաստանը

«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է փորձագետ Հայկազուն Ալվրցյանը

քարտեզ

– Պարոն Ալվրցյան, առանձահատուկ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները՝ հաշվի առնելով առավելապես ռուս-վրացական պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և աննախադեպ այն լարվածությունը, որ առաջացավ Հայաստան-Ադրբեջան սահմանային ողջ շփման գծով, նաև ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, ինչը լրջորեն անհանգստացրեց Վրաստանին: Վրաստանի իշխանությունները տարբեր մակարդակներում՝ նախագահից սկսած, հույս էին հայտնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան լիցքաթափել լարված իրավիճակը: Ինչո՞ւ էր առավելապես Վրաստանին անհանգստացնում այդ լարվածությունը, և ինչո՞վ կարող էր սպառնալ տոտալ ռազմական գործողությունների վերսկսումը Վրաստանին:

– Տարածաշրջանի որևէ անկայունացում այսպես, թե այնպես ազդում է երկրների, պետությունների շահերի վրա, բայց այս պարագայում Վրաստանի հարցը շատ նուրբ է, որովհետև հարցը գնահատելու համար մենք պետք է հաշվի առնենք մի շարք հանգամանքներ: Վրաստանը ռազմավարական լուրջ դաշինքի մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որն ամրագրված է իրենց անվտանգության հայեցակարգում, թեև Հայաստանը գրանցված չէ որպես ռազմավարական դաշնակից, բայց իրենք ուզեն, թե չուզեն՝ Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական շահեր են շոշափում:

Ի՞նչ է ստացվում. հայ-ադրբեջանական պատերազմը հարվածում է հարևան պետությունների և շատ ծանրորեն հարվածում է Վրաստանի շահերին, որովհետև Վրաստանը տնտեսապես բազմաթիվ թելերով կապված է Ադրբեջանի հետ: Բաքու-Ջեհյան նավթամուղը նախ Վրաստանով է անցնում, որից նա տարեկան մեծ գումարներ է ստանում: Հետո երկաթուղի, գազ, նավթ, առևտուր, Կասպից ծովը Սև ծովի հետ կապող հիմնական ուղիները՝ ցամաքային և երկաթուղային անցնում են այդ տարածաշրջանով, դրան գումարած Բաքու-Ջեհյան նավթամուղը: Սա նշանակում է, որ այդ բոլոր կոմունիկացիաներն ուղղակի վտանգվում էին, և Վրաստանն ինչ-որ չափով շրջափակման մեջ էր հայտնվում: Պատկերացնո՞ւմ եք՝ կտրվում են նրա կապերը Ադրբեջանի հետ: Մինչդեռ Վրաստանը ոչ միայն Ադրբեջանի հետ տնտեսական լուրջ համագործակցության մեջ է, այլ նաև Ադրբեջանի միջոցով՝ Թուրքիայի: Ադրբեջանական ապրանքները, ի վերջո, Թուրքիայով են անցնում, իսկ թուրքական ապրանքները Վրաստանով են անցնում Ադրբեջան: Այս առումով նա շահող է բոլոր տեսակետներից՝ թե Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում, թե Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում, և անմիջապես կորցնելու էր ամեն ինչ, և հետաքրքիր է այն, որ ոչ միայն մնում էր Ռուսաստանի հույսին, այլ Ռուսաստանի հետ հարաբերություններում ստիպված էր լինելու լուրջ փոփոխություններ կատարել:

Տարածաշրջանում սա հազվագյուտ դեպք էր, որ Վրաստանի և Ռուսաստանի շահերը համընկան, և ճիշտն ասած՝ Ռուսաստանին այս պահին այդ պատերազմը ձեռնտու չէ:

– Տարբեր փորձագետներ նշում են, որ Ռուսաստանն է հրահրողը:

– Ռուսաստանը կարող է լինել և չլինել: Եթե անգամ հրահրողը ՌԴ-ն էր, ապա պետք է մտածել՝ տեսեք, ես կարող եմ հրահրել և կանչել հաշտեցնել: Այսինքն՝ նա փորձում է ցույց տալ, որ տեր է: Ուկրաինայի հետ այսպիսի առճակատման պայմաններում, երկրորդ ճակատը Կովկասում Ռուսաստանի համար մահ է, մահ է քաղաքական, ռազմավարական, մի շարք առումներով: Նա չէր կարողանա դիմակայել: Եթե սկսվի հայ-ադրբեջանական պատերազմ, այստեղ ինքը չի կարող ունենալ այն ազդեցությունն ու դերակատարությունը՝ ունենալով Ուկրաինան: Լոկալի դեպքում, եթե Ուկրաինան չլիներ, ինքն էր տերն ու տնօրենը, Ուկրաինայի դեպքում շատ լուրջ հարցականներ են առաջ եկել: Կովկասում ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն շատ ավելի մեծ դերակատար և հարց որոշող պետք է լինեին:

Երկար ժամանակ խոսք է գնում խաղաղապահների, տեղապահների տեղակայման մասին, և խաղաղապահներն էլ ըստ էության երկու կողմից կարող են լինել՝ կամ Ռուսաստանի, կամ Արևմուտքի: Այստեղ արևմտյան խաղաղապահների խնդիրն էր գալիս օրակարգ, այստեղ կա Իրանի գործոնը: Իրանը շատ ու շատ սպասելիքներ ունի Արևմուտքից, որոնց դիմաց ինչ-որ բան պետք է զիջի: Ոչ ոք չի կարող ասել, թե չի լինի: Քաղաքականության մեջ ասել, որ անհնար է, որովհետև սա այսպես է, արդեն իսկ սխալ է, որովհետև քաղաքականությունը, ի վերջո, մեծ առևտուր է: Իրանին ոչ թե Արևմուտքը ձեռնտու չէ, այլ ռուսական խաղաղապահները ձեռնտու չեն: Մյուս կողմից՝ Իրանը Արևմուտքին շատ ավելի պետք է, քան Ռուսաստանին: Արևմուտքը Իրանից կարող է անսահման քանակությամբ գազ և նավթ ներկրել և կախվածությունը նվազեցնել Ռուսաստանից: Ուղղակիորեն սա Իրանի շահերին համընկնում է, և այդ տեսակետից Ռուսաստանին թուլացնելը ձեռնտու է իրեն, իսկ մենք բարդ խնդիրներ ենք ունենում:

Տարածաշրջանում ըստ էության բոլոր կողմերը շահող էին լինելու: Մենք հույս ունենք, որ պատերազմի դեպքում շահող պետք է լինենք: Կորցնող լինելու են առաջին հերթին Ադրբեջանը, երկրորդ հերթին՝ Վրաստանը: Դրա համար Վրաստանի անհանգստությունը, ի դեպ, Ադրբեջանինը ևս հասկանալի է. նա մասնակից է: Տեսնելով սա՝ հասկացանք, որ տարածաշրջանային քաղաքականության մեջ Վրաստանի կողմից Հայաստանի մեկուսացումը շատ ծանր է նստելու Վրաստանի վրա հեռանկարում և ապագայում: Եվ հայերի համար, և վրացիների այսօր շատ հետաքրքիր ժամանակ է՝ վերանայելու և վերարժևորելու այն, ինչ կատարվել է մինչ օրս:

Այդ հարցը պետք է անընդհատ շոշափվի՝ այնքան ժամանակ քանի դեռ Հայաստանն ու Վրաստանը չեն կարողացել Ջավախքը հակադրության դաշտից դարձնել համագործակցության դաշտ:

Տպել Տպել