- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Նոր նախագահ, Նոր վարչապետ

yntr [1]Թուրքիայի քաղաքական կեանքում կարեւոր դեր ունեն կուսակցութիւնները եւ խորհրդարանը:

Խորհրդարանի ընտրութիւնները կարեւոր դէպք է երկրի քաղաքական կեանքում: Կարգը այսպէս է` խորհրդարանի պատգամաւորներ ընտրելու համար կուսակցութիւնները ներկայացնում են իրենց թեկնածուներին` պատգամաւոր դառնալու համար: Ընտրւում են պատգամաւորները. այն կուսակցութիւնը, որի ընտրւած պատգամաւորները մեծամասնութիւն են ներկայացնում, դառնում է կառավարութիւն եւ նոյն կուսակցութեան ղեկավարը դառնում է վարչապետ:

Այսպէս` անցեալ 12 տարւայ ընթացքում Թուրքիայում եղած կուսակցութիւնների միջեւ խորհրդարանի պատգամաւորների մեծամասնութիւնը կազմում են «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան (ԱԶԿ) անդամները, ԱԶԿ-ի ղեկավարն էր Ռեջեբ Թայիբ Էրդողանը, ուստի` ԱԶԿ-ն կազմեց կառավարութիւն եւ Էրդողանն էլ դարձաւ վարչապետ` 2002 թւականից մինչ այժմ:

Օգոստոսի 10-ին Թուրքիայում տեղի ունեցաւ հանրապետութեան նախագահի ընտրութիւն. նախագահ ընտրւեց Էրդողանը, ուրեմն` Էրդողանը այլեւս չի կարող դառնալ վարչապետ եւ ԱԶԿ-ի ղեկավար, ըստ Թուրքիայի սահմանադրութեան օրէնքի` երկրի նախագահը չպիտի ոչ մի կուսակցութեան անդամ լինի: Ուստի ԱԶԿ-ն պիտի ընտրի նոր ղեկավար եւ այդ ղեկավարը պիտի դառնայ վարչապետ:

Մինչ այժմ խօսւում էր, թէ հիմա որ Էրդողանը այլեւս վարչապետ չէ, ո՞վ է փոխարինելու նրան թէ՛ որպէս երկրի վարչապետ, եւ թէ՛ որպէս ՙԱրդարութիւն եւ զարգացում՚ կուսակցութեան ղեկավար:

Պատասխանը վաղուց էր, որ որոշ չափով պարզ էր, անպաշտօն աղբիւրների համաձայն` Ահմեդ Դաւութօղլու: Մինչեւ որ այս շաբաթւայ ընթացքում նորընտիր նախագահ Էրդողանը յայտարարեց, որ հիմա որ ինքը այլեւ ԱԶԿ-ի ղեկավար չէ, նոր ղեկավար է առաջարկում Ահմեդ Դաւութօղլուին:

Այսօր` օգոստոսի 27-ին տեղի ունեցաւ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան արտահերթ ընդհանուր ժողովը, ժողովի օրակարգն էր միայն ընտրել կուսակցութեան նոր ղեկավարին, ղեկավարութեան համար էլ միակ թեկնածուն էր Ահմեդ Դաւութօղլուն, քանի որ Էրդողանն էր ցանկացել այդ, ուրեմն` պարզ է, թէ ինչ է լինելու քւէարկութեան արդիւնքը` Ահմեդ Դաւութօղլուն որպէս ԱԶԿ-ի ղեկավար եւ հետեւաբար` ապագայ վարչապետ: Վաղն էլ` օգոստոսի 28-ին նոր նախագահի երդման արարողութիւնն է, եւ Էրդողանը որպէս նախագահ, երդման արարողութիւնից յետոյ, պաշտօնապէս դառնալու է Թուրքիայի 12-րդ հանրապետութեան նախագահ:

Իսկ ո՞վ է Ահմեդ Դաւութօղլուն. մեզ համար անծանօթ դէմք չէ նա: 2009 թւականից է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է, նախքան այդ` 2003 թւականից, որ միացաւ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեանը, դարձաւ վարչապետ Էրդողանի գլխաւոր խորհրդականը` արտաքին քաղաքականութեան հարցերում: Իսկ նախքան 2003-ը, որ դեռ չէր մուտք գործել այդ կուսակցութեան շարքերը եւ քաղաքականութեան մէջ, նա համալսարանի դասախօս էր: Դաւութօղլուն քաղաքական գիտութիւնների դոկտորա ունի, ըստ Դաւութօղլուի նախկին ուսանողների` Դաւութօղլուն շատ ծայրայեղ իսլամական հակումներ ունի. նա ցանկանում է Թուրքիայի ազդեցութիւնն ու ուժը տարածել շրջանում, բայց պանթուրքիստ չէ, այլ պանիսլամիստ է, ըստ նոյն ուսանողների` Դաւութօղլուն միտում է սուննի իսլամական աշխարհը ի մի բերել, որի գլուխն է սուննի Թուրքիան. ըստ Դաւութօղլուի` Թուրքիան որպէս սուննի իսլամական ղեկավարª կարողութիւն ունի իր ազդեցութիւնը տարածել Միջին Արեւելքում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Ալբանիայում եւ Բոսնիայում:

Իսլամական հակումներ ունի նաեւ Էրդողանը, ուրեմն` պարզ է, թէ ինչու Էրդողանը կուսակցութեան ղեկավար եւ վարչապետ է առաջարկել Դաւութօղլուին, նրանք երկուսը ունեն նոյնանման աշխարհահայեացքներ:

Դաւութօղլուն Էրդողանի պէս նաեւ հակաիսլայէլ տրամադրութիւններ ունի:

Էրդողանը յայտնել է, թէ որպէս նախագահ` միտում ունի ստեղծել «նոր Թուրքիա», եւ ուժեղ Թուրքիա, միտում ունի պայքարել դատական ուժի եւ ոստիկանութեան գլուխների հետ, որոնք կառավարութեան մէջ կառավարութիւն են եւ ձգտում են ուժի տիրանալ երկրում: Էրդողանը իր ծրագրերը իրագործելու համար` յարմար է նկատել, որ երկրի վարչապետ դառնայ Ահմեդ Դաւութօղլուն: Դաւութօղլուի մասին աւելի մանրամասն կերպով կանդրադառնամ իմ յաջորդ յօդւածում:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ